Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ


Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ

  • 29-05-2017 20:01:03   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանի հետ այցելել է «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիր, որտեղ վերականգնողական բուժում են ստանում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորները:
 
Ջերմ և անբռնազբոս զրույցի ընթացքում մարզիկները պատասխանել են զինվորների հարցերին։ Հյուրերը կարևորել են նմանատիպ հանդիպումները ոչ միայն զինվորների, այլ նաև հենց իրենց՝ մարզիկների համար: «Մենք հպարտանում ենք մեր զինվորներով: Նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մայր հողի վրա»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:
 
Հրաչյա Ռոստոմյանը խորհրդանշական է համարել հատկապես մայիսի 28-ին մարզաշխարհի ներկայացուցիչների այցելությունը վիրավոր զինվորներին: ««Ազգ-բանակ» ծրագրի համատեքստում իր ուրույն տեղն ունի նաև սպորտը: Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ տարբեր մարզաձևերի միջոցով նրանց առողջությունը վերականգնելու համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
 
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ