Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային


Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային

  • 29-05-2017 20:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
 
Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարեւորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերություննների զարգացման գործում:
 
ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այս քայլը համարելով  աշխարհում արդարության եւս մեկ հաղթանակ:
 
Այս համատեքստում Արա Բաբլոյանը նշել է. «Հպարտ եմ, որ իմ ժողովուրդը, վերապրելով Ցեղասպանությունը, տարիներ շարունակ չունենալով պետականություն, կարողացել է ստեղծել ժողովրդավարական եւ կայուն պետություն, որն այսօր օգնում է այլոց հաղթահարել իրենց առջեւ ծառացած նմանատիպ խնդիրները»:
 
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ընթանում են տարբեր ճանապարհներով. մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղին, իսկ Ադրբեջանը, հակառակը, գնալով թուլացնում է ժողովրդավարությունը:
 
Պետր Միկիսկան ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ  Արա Բաբլոյանին է փոխանցել Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի եւ Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորագրերը:
 
Դեսպան Միկիսկան անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ վերահաստատել Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված Չեխիա այցելելու հրավերը :
 
Պետր Միկիսկան կարեւորել է փոխայցերի, ուսանողների եւ բժիշկների փոխանակման ծրագրերի դերը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:
 
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, կառավարման խորհրդարանական համակարգի առավելություններին, նոր խորհրդարանում ընդդիմության գործունեությանը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play