Հայ դեղագետի պատրաստած էկոլոգիապես մաքուր և ձեռակերտ օճառները կօգնեն ազատվել մաշկային խնդիրներից (տեսանյութ)


Հայ դեղագետի պատրաստած էկոլոգիապես մաքուր և ձեռակերտ օճառները կօգնեն ազատվել մաշկային խնդիրներից (տեսանյութ)

  • 31-05-2017 12:19:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Հնագույն ժամանակներից հայկական լեռնաշխարհի բուսականությունն իր հարուստ բաղադրության և ազդեցության շնորհիվ փառաբանվել է աշխարհահռչակ բժիշկների կողմից: Հայրենի բնության գերբնական ազդեցությունը էկոլոգիապես մաքուր և ձեռակերտ օճառների միջոցով սեփական մաշկի վրա այսօր կարող է զգալ մեզանից յուրաքանչյուրը: Նման հնարավորություն ընձեռվեց այն օրվանից, երբ պրոֆեսիոնալ դեղագետ, Երևանի պետական համալսարանի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի դասախոս Նելլի Ավետիսյանը կատարեց իր առաջին փորձերը ստեղծելու սկզբունքորեն նոր որակի օճառներ, ոչ միայն մաքրող, այլ նաև մաշկը սնող և բուժող: 
Ամեն ինչ սկսվեց Հայաստանի տարածքում ոռոգման ջրի մաքրությունը ստուգելուց: 
Անցնելով գործի` Ն. Ավետիսյանն իր ֆակուլտետի ուսանողների հետ իրականացնում է ոռոգման ջրերի մի շարք հետազոտություններ: Ստացված արդյունքները ստիպում են մասնագետին մտածել մաքուր օճառներ ստեղծելու մասին, քանի որ դեղերից հետո, մարդիկ ամենաշատն օգտագործում են այնպիսի օճառներ, որոնք փաստացի քաղցկեղածին նյութեր են պարունակում և դրանց հետքերը հայտնվում են ջրում: 
Գիտական աշխատանքի վերածված բացառիկ օճառների արտադրության հիմքում ընկած է մարդու և մայր բնության անբաժանելի կապը: Օգտագործելով սառը մամլմամբ ստացվող 100 տոկոսով մաքուր բնական հումքեր` յուղեր, եթերայուղեր և Հայաստանում աճող բույսեր, Նելլի Ավետսիյանի նպատակն է օճառների միջոցով ոչ միայն վերականգնել անցյալի ավանդույթները և պատվով կանգնել առաջադեմ երկրների կողքին` որպես մաքուր և բնության էկոլոգիայի համար պայքարող առաջամարտիկ, այլև աստիճանաբար դառնալ բացարձակապես տեղական հումքի վրա հիմնված էկոարտադրություն, ինչպես նաև օճառների միջոցով ամբողջ աշխարհում տարածել հայկական մշակույթն ու պատմությունը: 
«ՎերդեՖարմ» ապրանքանիշով թողարկվող օճառների շուրջ 30 տեսակները շուկայում եղածներից  տարբերվում են ոչ միայն իրենց յուրօրինակ և հայկական փաթեթավորմամբ, այլև անվանումներով, ինչպես օրինակ` «Հայկական բեզոար», «Մարջան», «Վանակատ», «Զմրուխտ», «Վուշ», «Հին Աստվածներ», «Ամիրդովլաթ Ամասիացի», «Ղևոնդ Ալիշան» և այլն: 
Ի դեպ` «Ամիրդովլաթ Ամասիացի»-ն պատրաստված է 15-րդ դարի անվանի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու դեղատոմսերի հիման վրա, իսկ «Ղևոնդ Ալիշան»-ը` այն բույսով, որի մասին Ալիշանը հիշատակել է իր գիտական աշխատություններից մեկում: Այս օճառները նախատեսված են մաշկային տարբեր խնդիրներից ազատվելու համար, ինչպիսիք են էկզեման, ալերգիաները, գլխի մաշկի խոցերը և այլն: 
«ՎերդեՖարմ» օճառների մասին կարելի է երկար խոսել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատրաստման առանձնահատուկ տեխնոլոգիան և պատմությունը:  
«Այսքան յուրօրինակ և հայկական օճառները բնականաբար չէին կարող փաթեթավորվել արտերկրից բերված փայտերով կամ այլ նյութերով»,- ասում է Ն. Ավետիսյանը և հավելում` աստվածային շնորհ ունեցող հայ ժողովրդից ստացված գերբնական ուժի շնորհիվ` լուծվեց նաև այս հարցը: 
Երկար ժամանակ մտորելուց և փնտրելուց հետո վերջապես Ն. Ավետիսյանը մշակում է բոլորովին նոր տեխնոլոգիա:  Ավետիսյանների ընտանիքին հաջողվում է բացառապես հայկական բույսերից ստանալ այնպիսի փաթեթավորման նյութ, որին տրվում է «Տորքե» անվանումը` ի պատիվ հայ առասպելաբանության մեջ իր հզորությամբ աչքի ընկած Տորք Անգեղ Աստծո: 
Դեմ գնալով բիզնեսի հիմնական օրենքներին` Ն. Ավետիսյանը որոշել է իր օճառները վաճառել միայն օնլայն խանութով, որը շատ ժամանակ չի խլի իրենից և հնարավորություն կտա պահպանել արտադրանք-եկամուտ համաչափությունը: 
«ՎերդեՖարմ» օճառները կարելի է ձեռք բերել նաև մայրաքաղաքի մեկ-երկու դեղատներից, որոնցում կան անհրաժեշտ հարմարավետ պայմաններն օճառների պահպանության և ցուցադրության համար: 
Հետաքրքրական է, որ այս օճառները կարող ենք գնել մեր սիրելիներին կամ մտերիմներին նվիրելու համար: Այդ նպատակով պատրաստվել են հայկական զարդանախշերով հատուկ փայտյա տուփեր: Դրանցում հնարավոր կլինի հավաքել ցանկալի օճառների հավաքածուն: 
Իսկ ահա Վենետիկից Ն. Ավետսիյանի պատրաստած օճառները պատվիրվել են նաև որպես տարոսիկներ: 
«Թույլ տուր բնությունը հոգա քո մասին» կարգախոսով առաջնորդվող դեղագետը վստահեցնում է, որ հայկական բուսատեսակներով կարելի է ոչ միայն բնական օճառներ պատրաստել, այլև կոսմետիկ բազմաթիվ միջոցներ: Դրանց մի փոքր հատվածը Ն. Ավետիսյանն ստանում է սեփական այգում աճեցրած մրգերից ու բույսերից: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ