Ծառուկյան դաշինքը չի բացառում Ելք-ի հետ համագործակցությունը. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)


Ծառուկյան դաշինքը չի բացառում Ելք-ի հետ համագործակցությունը. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

  • 30-05-2017 19:29:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Ազգային Ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ առաջիկայում կարող են համագործակցել «Ելք» խմբակցության հետ, սակայն դա չի կարող լինել ինքնանպատակ: Այս մասին Վահե Էնֆիաջյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:
 
- «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունը հայտարարել է, որ ընդդիմադիր է, բայց ԱԺ նախագահի եւ փոխնախագահների քվեարկության ժամանակ քվեարկությունները տարբեր էին: Համաձա՞յն եք այն դիտարկման հետ, որ քվեարկություն արդյունքները այլ բան են ասում:
 
- Ես համաձայն չեմ ձեր ձեւակերպման հետ, արդեն իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է քաղաքական ուժերի ներգրավվածությունը կառավարման գործընթացներում: Հետեւաբար, եթե այդ գործընթացներում ներգրավված չեն, ընդդիմադիր դաշտում են գործունեություն ծավալում: Մեր խմբակցությունը երբեւիցե դոգմաներով չի առաջնորդվել եւ եթե նկատեցիք, մեր քվեարկությունների ընթացքում մեր մոտեցումների հետ կապված հարցեր կան, որոնց դեմ քվեարկեցինք: Առհասարակ՝ նիստ գումարելու, տեխնիկական հարցերի հետ կապված մենք որեւիցե խնդիր չունենք: Ի վերջո, աշխատանքներ պե՞տք է իրականացվեն, նիստն իր գործառույթները պե՞տք  է իրականցնի՞, թե՞ ոչ: Ուրիշ աշխատանք այստեղ չեմ տեսնում:
 
- ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական որոշում ունի՝ ազատ են պատգամավորներն իրենց քվերակությունում…:
 
- ԱԺ նախագահի ընտրություններից տեւական ժամանակ է անցել, կյանքը շարժվում է առաջ, ես կարծում եմ շատ ավելի արդիական եւ նոր գործընթացներից է պետք խոսել, քանի որ այդ գործընթացի հետ կապված եւս մենք մեր կարծիքը, դիրքորոշումը հայտնել ենք:
 
- Քվեարկությունները չապացուցեցին, որ խմբակցությունը 100 տոկոս դեմ դիրքորոշում ուներ:
 
- Ձեր հարցերի մեջ այլ բովանդակություն կա եւ քանի որ դա նկատում եմ՝ պարզապես չեմ ուզում պատասխանել, որովհետեւ մենք պատասխան տվել ենք այդ հարցերի հետ կապված:
 
-Խորհրդարանում եւս մեկ ընդդիմադիր խմբակցություն կա, բացի «Ծառուկյան» խմբակցությունից, համագործակցություն….
 
- Այլ խմբակցությունն ինչ դիրքորոշում ունի, հարցերին ինչ մոտեցումներ ունի, կարող եք իրենց հարցնել: Մենք ինքնանպատակ ոչ համագործակցություն ենք տեսնում, ոչ էլ մեր դիրքորոշումը եղել է ինքնանպատակ: ՀՀ-ի խորհրդարանական պատմության մեջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքը՝ «Ծառուկյան» խմբակցությունը տվյալ պարագայում, երբեւիցե իր քայլերի մեջ, գործողություններում չի եղել ոչ հրապարակային: Մենք մեր բոլոր քայլերի հետ կապված հրապարակավ, սահմանված ժամանակահատվածում եւ կարգով ներկայացրել ենք:
 
- Քվեարկություններ կան, որոնք 2/3-րդով պետք է անցկանցել: Ուզում եմ հասկանալ՝ մյուս ընդդիմադիր խմբակցության հետ համագործակցության հետ կապված եզրեր կա՞ն:
 
- Բայց հիմա մենք խոսում ենք մի բանի մասին, որն, ըստ էության, այս պահի դրությամբ խորհրդարանում նման գործընթաց չկա, երբ որ կլինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք:
 
- Համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք:
 
- Չի բացառվում, բայց հո ինքնանպատակ չի լինելու համագործակցությունը:
 
ՀՀ ԱԺ անդրանիկ նիստում՝ մայիսի 18-ին,  ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցել էր 100 պատգամավոր` 105-ից: Քվեարկության արդյունքներով Արա Բաբլոյանին կողմ էր քվեարկել 88, իսկ  Էդմոն Մարուքյանին` 12 պատգամավոր: Խորհրդարանի խոսնակի թեկնածուները երկուսն էին. ՀՀԿ-ն առաջարկել էր Արա Բաբլոյանի թեկնածությունը, իսկ «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանինը:
 
Խորհրդարանի փոխխոսնակների դեպքում էլ քվեարկությունները հետեւյալ պատկերն են ունեցել՝ քվեարկությանը մասնակցել էր 100 պատգամավոր, Էդուարդ Շարմազանովին կողմ քվեարկել էր 84 պատգամավոր, դեմ՝ 13, անվավեր քվեաթերթիկների թիվը 3-ն է: Արփինե Հովհաննիսյանին կողմ էր քվեարկել 73 պատգամավոր, դեմ 22, անվավեր էր եղել 5 քվեաթերթիկ, իսկ Միքայել Մելքումյանին կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29, անվավեր էր եղել 6 քվեաթերթիկ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play