«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացմանը կմասնակցեն լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները (տեսանյութ)


«Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացմանը կմասնակցեն լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները (տեսանյութ)

  • 31-05-2017 11:45:26   | Հայաստան  |  Մշակույթ



Լավագույն կոլեկտիվներն ու մենակատարները` մեկ բեմում, բացառիկ ու իր բնույթով եզակի նախագիծ. հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում «AMEN Project» ընկերությունը կներկայացնի «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ «Ամեն» շոու–ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ իր բացառիկ դերին։
 
«Նախագիծն իր բնույթով, ժանրով շատ բազմաշերտ է: Մենք փորձել ենք այնպիսի ներկայացում ստեղծել, որը բոլորին հասանելի կլինի: Բեմում միախառնվելու է դասական, փոփ, ֆոլկ երաժշտությունը, այսինքն`լսելու ենք երաժշտական առումով շատ հետաքրքիր երանգներ, ստանալու ենք նոր հնչողություն: Ստեղծել ենք պատում, որի հիմքում հայոց պատմությունն է: Որոշեցինք ստեղծել այնպիսի մի նախագիծ, որը թույլ կտար օտարազգի մարդկանց ավելի լավ ճանաչել Հայաստանը, առնչվել նրա հին և հարուստ պատմության և մշակույթի հետ, տեսնել մեր անցած ուղին, հասկանալ՝ որտեղից ենք գալիս»,-նշում է նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:
Արաքսյա Մուշեղյանը փաստում է` շոուն գեղեցիկ պատում է հայ ժովորդի ծագման և հավատքի, քաղաքակրթության պատմության մեջ մեր կողմնորոշիչների մասին։ Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստների ու փորձությունների, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «Ամեն» շուուն ազգի վերածննդի մասին մի պատմություն է: Պատմություն, որը ներկայացվում է վիզուալ էֆեկտների, երաժշտության, պարի լեզվով։
Կազմակերպիչը շեշտում է`ժանրային առումով «Ամենը» նմանօրինակը չունի։ Բեմում ծավալվող պատմությունը կուղեկցվի էկրանին ցուցադրվող վիզուալ պատկերներով և անիմացիայով։
«Մեր ազգը ստեղծել է հետաքրքիր արժեքներ, որոնց մասին գիտեն մարդիկ, ովքեր զբաղվում են պատմությամբ, ուսումնասիրում են մշակույթը: Մենք ուզում ենք այդ ամենը հետաքրքիր ձևով մատուցել այլազգիներին, որպեսզի մարդիկ ցանկանան գալ և տեսնել Հայաստանը: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր երկիրը, այս նախագծով ցանկանում ենք վարակել այլ մարդկանց »,-հավելում է նախագծի կոմպոզիտորն ու երաժշտական պրոդյուսերը:
Նշենք, որ բացի Արաքսյա Մուշեղյանից «Ամեն»-ի շուրջ է համախմբվել հսկայական պրոֆեսիոնալ թիմ: Լիբրետոն հեղինակել է Էդուարդ Այանյանը (Հայաստան), երգերի տեքստերը՝ Ջիոմմարիա Մոնթին (Իտալիա)  և Սուրեն Ենոքյան–Իսրայելյանը (Հայաստան):  Բեմադրող-խորեոգրաֆն է Գրիգոր Խաչատրյանը (Հայաստան): Որպես խորեոգրաֆներ հանդես են գալիս Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը (Հայաստան): Զգեստների դիզայնն իրականացրել է Միքայել Շարաֆյանը (ԱՄՆ): Պրոդյուսերն է Ելենա Շուբինան (Ռուսաստան), գլխավոր պրոդյուսերը` Հասմիկ Չախմախչյանը (Ռուսաստան):
Ներկայացմանը մասնակցում են սիմֆոնիկ նվագախումբ (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ), դասական երգչախումբ («Հովեր» պետական կամերային երգչախումբ ), փոփ և ֆոլկ համույթներ, պարային համույթ, ինչպես նաև ճանաչված օպերային կատարողներ։ 
Նախագծի փորձերն արդեն սկսվել են: Այս պահին բոլոր կոլեկտիվներն առանձին-առանձին փորձեր են կատարում, որոշ ժամանակ անց էլ կկազմակերպվեն փորձեր, որոնց կմասնակցի «Ամեն»-ի ողջ կազմը:
«Մեր թիմն ամբողջ օրն աշխատում է, որ արդյունքը լինի շատ բարձր որակի ու շոուն հետաքրքիր լինի հանդիսատեսին: Մեր մեծ ցանկությունն էր ինչ-որ նոր, յուրահատուկ և մնայուն բան ստեղծել: Ուզում ենք, որ հայ հանդիսատեսն առաջինը տեսնի նախագիծը, քանի որ այն ներկայացվելու է նաև այլ երկրներում»,-հավելում է Արաքսյա Մուշեղյանը:
Տեղեկացնենք նաև, որ այս տարվա «Ամեն» շոու–ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում`հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետև այն կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում: «Ամեն»-ի գաղափարի շուրջ կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ և պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ