Ֆրանսիան շարունակելու է աջակցել Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե


Ֆրանսիան շարունակելու է աջակցել Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

  • 01-06-2017 12:41:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ֆրանսիան շարունակելու է աջակցել Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 
Ըստ նրա՝  նշյալ համաձայնագիրը երկար և հստակ բանակցային գործընթացի արդյունք է, որն իր մեջ ներառում է բավականին մեծ թեմատիկա:
Ժ. Ֆ. Շարպանտիեն կասկած չունի, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում համաձայնագիրն այնուամենայնիվ կստորագրվի:
Նրա կարծիքով՝  համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է տարածաշրջանում քաղաքական հավասարակշռություն պահպանելու տեսանկյունից: 
Անդրադառնալով Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ ֆրանսիացիներն ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնիի՝ ընտրել են մի ղեկավարի, ով բարեոխումների կողմնակից է, միաժամանակ չպետք է ակնկալել էական փոփոխություններ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ: 
Ժ. Ֆ. Շարպանտիեյի խոսքերով՝ հայ-ֆրանսիական դարավոր և բարեկամական հարաբերությունները շարունակելու են ընթանալ նույն հունով, սակայն դրանք ակտիվացման և մոդեռնիզացման կարիք ունեն: 
«Մայիսի 7-ին ֆրանսիացիները կատարեցին իրենց ընտրությունը, ձևավորվեց նաև Ֆրանսիայի կառավարության կազմը, իսկ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի սահմաններից դուրս ապրող քաղաքացիները կկատարեն ֆրանսիական սենատի իրենց բաժին ընտրությունը, որից հետո կձևավորվի օրենսդիր մարմինը»,- նշեց նա՝ հավելելով, որ ինչպես համաշխարհային, այնպես էլ ֆրանսիական մամուլը լայնորեն լուսաբանել է Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները:  
Դեսպանին հարց ուղղվեց նաև Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքի ու արդյունքների և դրանից հետո Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ժ. Ֆ. Շարպանտիեն ընդգծեց, որ խորհրդարանական ընտրություններն անցել են անհամեմատ խաղաղ պայմաններում՝ չնայած ընտրախախտումներին, բաժանված ընտրակաշառքին կամ այլ թերություններին: 
Նրա փոխանցմամբ՝ նախընտրական շրջանում և ընտրությունների օրն արձանագրված բոլոր խախտումներն ու թերությունները չեն անտեսվել միջազգային դիտորդների կողմից, սակայն դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների վրա: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play