Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին

  • 01-06-2017 17:37:05   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին:
Շնորհավորելով վերանշանակման առիթով` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն ու օրհնությունը բերեց պրն. Աշոտ Մանուկյանին` հայցելով, որ Տերը շնորհազարդի և զորացնի նրան` իր պարտականություններն արդյունավետ կերպով իրականացնելու` ի նպաստ հայրենիքի շինության և առաջընթացի:
 
Զրույցի ընթացքում խոսվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացվող տարբեր սոցիալական, բարեգործական, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մասին:
Այս առնչությամբ անդրադառնալով Մայր Աթոռի տարածքում կառուցվող արևային ֆոտովոլտային կայանին, նախարարը նշեց, որ այն առաջիններից մեկը կլինի Հայաստանում: Կարևորելով Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկված քայլը բնապահպանական առումով` նա ընդգծեց նաև, որ այս ուղղությամբ Մայր Աթոռի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն