Գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի կարգավորումը որպես տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս և դրա ազդեցությունը տնտեսական աճի վրա.Աշոտ Թավադյան


Գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի կարգավորումը որպես տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս և դրա ազդեցությունը տնտեսական աճի վրա.Աշոտ Թավադյան

  • 02-06-2017 11:38:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման գործընթացն ունի էական ազդեցություն ՀՆԱ-ի, արտահանման աճի և ՀՀ պետական բյուջեի կատարման վրա: ՀՀ նախագահի՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործմանը նվիրված 12.02.2016թ. ծրագրային ելույթում ընդգծվեց, որ «խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը»1: Վեցերորդ գումարման Ազգային ժողովին ՀՀ նախագահի 18.05.2017թ. ուղերձում ևս նշվեց, որ համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի2: Հոդվածում ներկայացված են եզրակացություններ և առաջարկություններ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման վերաբերյալ:
 
Տնտեսական աճի և բյուջեի կատարման համար չափազանց կարևոր են համակարգային մոտեցումը, տնտեսական ցուցանիշների փոխկապվածությունների հստակ գնահատումը: Սակայն առկա են օրինակներ, երբ այդ փոխկապվածությունները հաշվի չեն առնվում: Գների կայունության կարևորագույն նպատակի կատարման ժամանակ բավարար ուշադրություն չի դարձվում հակադարձ կապի վրա, թե ինչպես է գների կայունությունը կոնկրետ անդրադառնում տնտեսական աճի, արտահանման մեծացման և բյուջեի կատարման վրա:
 
1967թ. Գերմանիայում ընդունվեց օրենք տնտեսության կայունության և աճին նպաստելու մասին, որտեղ սուբյեկտիվ մոտեցումից խուսափելու համար ձևակերպված են տնտեսական քաղաքականության սկզբունքային նպատակները, այսպես կոչված «մոգական քառակուսին» [1]: Դրանք այն առանցքային նպատակներն են, որոնք պահանջվում է առաջին հերթին հաշվի առնել բյուջեի, պետական ծրագրերի նախապատրաստման ժամանակ: Այդ չորս նպատակները հետևյալն են՝ կայուն տնտեսական աճ, հավասարակշռված արտաքին առևտուր, զբաղվածության բարձր մակարդակ, գների կայունություն: Այդ նպատակները դիտվում են որպես միասնական համակարգ: Մի նպատակի առանձնացման փորձը, առանց հաշվի առնելու նրա փոխկապվածությունն այլ առանցքային նպատակների հետ, չի տալիս դրական արդյունք, հատկապես երկարաժամկետ կտրվածքով:
 
Անվիճելի է, որ գների կայունությունը չափազանց կարևոր նպատակ է: Սակայն ինչպես դա ապահովել` հաշվի չառնելով տնտեսական համակարգի փոխկախվածություննե՞րը, թե՞ գնաճն օպտիմալ ձևով համաձայնեցնելով առանցքային տնտեսական ցուցանիշների հետ: Չափազանց կարևոր է գնահատել գնաճի փոխազդեցությունը տնտեսության այլ առանցքային ցուցանիշների հետ:
 
Չպետք է ամեն գնով ձգտել պահել գնաճը նվազագույն սահմաններում՝ հաշվի չառնելով նրա փոխկապվածությունը փոխարժեքի, իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի, փողայնացման մակարդակի, ՀՆԱ-ի, առևտրային և վճարային հաշվեկշռի հետ: Արդյունքում՝ փաստացի զոհաբերվում են այդ փոխկապվածությունները, և գների սեզոնային ու կառուցվածքային աճի հավանականությունը բարձրանում է: Հենց այստեղ էլ ստեղծվում է ակնհայտ ոչ բարենպաստ պատճառահետևանքային շղթան: Ներմուծվող ապրանքների գների աճին հակազդելու համար առաջին հայացքից կարծես թե աննպատակահարմար է ազգային արժույթի փոխարժեքի նույնիսկ սահուն նվազումը: Սակայն դա իրականում չի նպաստում արտադրության աճին ուղղված ներքին պահանջարկի բավարարմանը, արտահանմանը և առևտրային հաշվեկշռի իրավիճակի լավարկմանը: Ի վերջո, գնաճի կախվածությունը ներմուծվող ապրանքների գների ազդակից մնում է առանցքային գործոն, և գնաճի անկանխատեսելիության աստիճանը չի նվազում:
 
Ակնհայտ է ընտրությունը երկու տարբերակների միջև՝ կամ առաջին հայացքից նվազագույն գների աճ՝ ուղղակի կախված ներմուծումից, որն ունի սեզոնային և կառուցվածքային տատանումների մեծ հավանականություն, ու չփոխկապակցված այլ առանցքային ցուցանիշների հետ, կամ նվազագույն տատանումներով որոշակի ընդունելի սահմանը չգերազանցող գնաճ՝ փոխկապակցված այլ առանցքային ցուցանիշների հետ:
 
Դրամավարկային քաղաքականությունն ուղղակի անհրաժեշտ է իրականացնել համակարգված: Ցածր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնպաստի դրամավարկային քաղաքականության ճշգրտմանը, այդ թվում փողայնացման մակարդակի փուլային մեծացմանը՝ մոտ տրանսֆորմացվող երկրների օպտիմալ մակարդակին: Հիմնախնդիրն այն չէ, որ բոլոր միջոցներով ապահովվի հնարավորինս նվազագույն գնաճ, այլ այն, որ ունենանք իրականությանը համապատասխանող գնաճ, որն առավելագույնս նպաստավոր է տնտեսության, արտահանման աճին և, դրա հետ մեկտեղ, դրական է անդրադառնում փողայնացման մակարդակի վրա՝ մոտեցնելով այն իր զգայունության շեմին [2]: Դա թույլ կտա որոշակի փուլերով անցում կատարել ավելի ցածր և, ընդգծեմ, կայուն գնաճի: Միայն այն ռազմավարությունն է նպաստավոր տնտեսության դրական փոփոխությունների համար, որը հաշվի է առնում իրական փոխկապվածությունները:
 
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերությունը (իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը) էապես բարձր է, քան ԵՄ-ում, ԵԱՏՄ-ում3 և տարածաշրջանի այլ երկրներում: Վարվում է թանկ փողերի քաղաքականություն, և արդյունքում՝ ներդրումների, բիզնեսի համար Հայաստանում իրական տոկոսադրույքները նպաստավոր չեն: Փաստացի, այդ առումով Հայաստանը զիջում է իր բոլոր հիմնական գործընկերներին:
 
Այս պայմաններում ունենք փողայնացման ցածր մակարդակ (մոտ 35%)4, իսկ ցածր փողայնացման և բարձր իրական տոկոսադրույքների պարագայում առաջանում է փողի սով, դոլարիզացիայի մակարդակի կրճատման հնարավորություններն էապես նվազում են: Նշենք, որ Ռուսաստանում փողայնացման մակարդակը 50%-ի, իսկ Եվրամիության առաջատար երկրներում՝ 100%-ի շրջանակներում է, Չինաստանում և Ասիայի արագ զարգացող երկրներում այն էապես գերազանցում է 100%-ը: Սակայն նշենք, որ փողայնացման մակարդակի աճն ինքնանպատակ չէ, և այս դեպքում նույնպես պետք է հաշվի առնել նրա փոխկապվածությունները. դա կարող է լինել տնտեսական աճի հետևանք, ինչպես նաև արտահանման համար նպաստավոր կայուն գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի և իրական բանկային տոկոսադրույքների դեպքում:
 
Հիմնախնդիրը հետևյալն է` ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստում է հնարավորինս նվազագույն գնա՞ճը, թե՞ որոշակի ցուցանիշը չգերազանցող ոչ բարձր գնաճը: Պատասխանն ակնհայտ է` ոչ ավելի, քան 5.5%, ինչը և պահանջում է «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի չորրորդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 2017 թվականի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով» [3]: Ի դեպ, օրենքում փաստացի նվազագույն թույլատրելի ցուցանիշ է նշված 2.5% գնաճը: Նույն տեսքով 4-րդ հոդվածը ներկայացված է 2016թ. [4], սակայն 12-ամսյա կտրվածքով գնաճը կազմել է -1.1%: Նշենք, որ Հայաստանում արդեն մեկ տարուց ավելի արձանագրվել է գնանկում5:
 
Հնարավորինս նվազագույն գնաճի քաղաքականությունն անվերապահորեն ընդունելի է միայն այն դեպքում, երբ առևտրային հաշվեկշիռը հիմնականում հավասարակշռված է, իսկ փողայնացման մակարդակն ակնհայտ ցածր չէ: Դա է ցույց տալիս նաև զարգացած երկրների փորձը: Հետաքրքիր է, որ Գերմանիայում, որտեղ գնաճն այժմ 1%-ի շրջանակներում է, 1970-1974թթ. տնտեսական աճի ժամանակ եղել է մոտ 6%, իսկ 1973թ.՝ նույնիսկ 7.9%6: Այդ տարի տնտեսական աճը կազմել է մոտ 5%:
 
Ճիշտ չէ, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, իսկ ցածրը` հակառակը: Բարձր տոկոսադրույքի ժամանակ հաճախ աշխատում է հետևյալ շղթան` բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք – ավելի բարձր բանկային տոկոսադրույքներ – սուղ սեփական միջոցների պարագայում ինքնարժեքի աճ – ծախքերի գնաճ: Հետևաբար, այդ գործիքը կարելի է կիրառել միայն ճգնաժամային իրավիճակում, կարճաժամկետ հատվածում:
 
Հատկապես տնտեսական աճի տեմպի մեծացման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է նպատակահարմար իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև պահուստավորման նորմը: Հաշվի առնելով գնաճը՝ պետք է գնահատել, թե ինչպես է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անդրադառնում ՀՆԱ-ի, նրա կառուցվածքի, առևտրային հաշվեկշռի վրա: Գրեթե անհնար է արդիականացնել արտադրությունը, երբ տնտեսվարող սուբյեկտների եկամուտներն էապես իջնում են, գնաճի և փոխարժեքի տատանումները բարձր են, դրա հետ մեկտեղ՝ բանկային տոկոսադրույքները փաստացի վարկերը դարձնում են անհասանելի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ունի իր միջակայքը, որի վերին սահմանի համար առանցքային նշանակություն ունի շահութաբերությունը՝ հանած բանկային մարժան այն ոլորտներում, որոնք ապահովում են գիտատեխնիկական առաջընթացը: Այդ սահմանի գերազանցումը, հատկապես ցածր փողայնացման մակարդակի պայմաններում, արդարացի է միայն կրիտիկական վիճակներում, ընդ որում՝ նվազագույն կարճաժամկետում, քանզի հակառակ դեպքում կարելի է մեծ վնաս հասցնել երկրի գիտատեխնիկական ներուժին:
 
Ընդհանուր առմամբ, տրանսֆորմացվող տնտեսություն ունեցող երկրի համար օպտիմալ դրամավարկային քաղաքականությունը, որը փոխկապակցված է հարկաբյուջետային քաղաքականության հետ, կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. անցում վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետի, որն առաջին հերթին հնարավորինս համապատասխանում է ՀՆԱ-ի և արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման աճին և համապատասխանում է ազգային արժույթի փոխարժեքի դինամիկայի փոփոխությանը, գնաճին ու, որպես հետևանք, նպաստավոր է փողայնացման մակարդակի մեծացմանը: Այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել գնաճի մակարդակը ոչ ավելի, քան 5,5%-ը: Ինչն, ի դեպ, պետական բյուջեի մասին օրենքի պահանջն է: Եթե վերը նշված պահանջների դեպքում չի ապահովվում գնաճը ոչ ավելի, քան 5,5%, ապա առանցքային տնտեսական նպատակների օպտիմալ արժեքներին հասնելու տեմպը նպատակահարմար է ճշգրտել: Ընդգծենք՝ այս կարևորագույն առանցքային հիմնախնդիրը պահանջում է համալիր լուծում:
 
Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքի և գնաճի տարբերության էական կրճատում, տարբերությունը՝ ոչ ավելի, քան 2-3 տոկոսային կետ: Զարգացած կամ զարգացման էական աճի տեմպ ունեցող ոչ մի երկիր չունի նշված ցուցանիշների ավելի մեծ տարբերություն: Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքն այդ երկրներում չի գերազանցում 2-3%-ը7: Բարձր իրական տոկոսադրույքը շահույթ հետապնդող կազմակերպության վարքագիծ է, իսկ երկիրը չի ունենում զարգացման բարձր տեմպ, եթե վճարում է ավելի մեծ գին նվազագույն գնաճի համար: Ինչպես ցույց է տալիս փորձը, այլապես ստիպված են լինում ունենալ ներդրումների, արտահանման, միջազգային պահուստների տեսանկյունից զարգացման համար ոչ նպաստավոր իրավիճակ:
 
Փոխարժեքի սահուն նվազումը նպաստավոր է ՀՀ տնտեսության համար8: ՀՀ նախագահն ընդգծել է. «Դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որևէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում... շատ նորմալ եմ համարում և բարենպաստ մեր տնտեսվարողների և, առաջին հերթին, արտահանողների համար»9: Եթե առաջին հայացքից կայուն փոխարժեքը չի համապատասխանում տնտեսության աճին, ապա չափազանց բարձր է փոխարժեքի կտրուկ փոփոխության հավանականությունը:
 
Նպատակահարմար չէ առանձնացված վարել գների կայունության քաղաքականություն: Տվյալ քաղաքականությունը պետք է լինի տնտեսական աճը խթանող և ֆինանսական կայունություն ապահովող քաղաքականություն, ինչը փաստացի պահանջում է ՀՀ Սահմանադրությունը [5]: Կենտրոնական բանկն իր գործառույթներն իրականացնելիս անկախ է, սակայն իր կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, սերտորեն փոխկապված լինելով հարկաբյուջետային քաղաքականության հետ, ակնհայտ է, որ գտնվում է ընդհանուր տնտեսական քաղաքականության համակարգում:
 
ՀՀ տնտեսության վերափոխման տարիների ընթացքում և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում առաջացել է ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքի [6] ճշգրտման անհրաժեշտություն, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցման կարիք: Գնաճի ու փոխարժեքի կարգավորման սկզբունքների ճշգրտումը պետք է միտված լինի իր հիմնական նպատակների, ընդգծեմ՝ համակարգված (ոչ իրավիճակային) իրականացմանը և դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացմանը:
 
Հայաստանը, դառնալով ԵԱՏՄ անդամ, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի՝ պարտավոր է կատարել նաև որոշակի պայմաններ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, որոնք սահմանված են ԵԱՏՄ պայմանագրի 63 և 64 հոդվածներում [7]: Եվրասիական տնտեսական միության պայմանագրում որոշ բաժիններ ունեն առանցքային նշանակություն, դա են ցույց տալիս նաև Եվրամիության Մաասթրիխտյան պայմանագրով սահմանված առանցքային ցուցանիշների վերաբերյալ պայմանները:
 
Մասնավորապես, ԵԱՏՄ պայմանագրի «Մակրոտնտեսական քաղաքականություն» XIII և «Արժութային քաղաքականություն» XIV բաժինները, ինչպես նաև «Համաձայնեցված արժութային քաղաքականության վարման վերաբերյալ ուղղված միջոցների մասին» հավելված 15-ը ունեն առանցքային նշանակություն: Տվյալ բաժինների կոնկրետացումը չափազանց կարևոր և առաջնային խնդիր է: Նշենք, որ XIII բաժնի 63 հոդվածում («Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք որոշում են տնտեսական զարգացումը») նշված է, որ գնաճի մակարդակը չի կարող գերազանցել ավելի քան 5 տոկոսային կետով գնաճի մակարդակը ԵԱՏՄ այն երկրում, որտեղ գնաճի ցուցանիշը նվազագույնն է: Սակայն տվյալ պայմանը չի կատարվում (Աղյուսակ 1):
 
Մանրամասն սկզբնաղբյուրում
 
Աշոտ Թավադյան
Տ.գ.դ., պրոֆեսոր, հոդվածը գրվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համատեքստում, ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի «Գնաճի, ազգային արժույթի փոխարժեքի և տնտեսական աճի փոխազդեցությունները ՀՀ-ում» գիտական թեմայի շրջանակներում
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play