Լեգենդար Կոմանդոսը՝ Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբի հյուր


Լեգենդար Կոմանդոսը՝ Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբի հյուր

  • 02-06-2017 18:46:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հունիսի 2-ին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, հյուրընկալվել էր Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբում: Քննարկման թեման Շուշիի ազատագրումն ու «Ազգ-բանակ» հայեցակարգն էր:
Արցախյան ազատամարտի հերոսը ներկաներին պատմեց «Հարսանիք լեռներում» ծածկանվամբ հայտնի Շուշիի բերդի պաշարման մասին, որը փառքով պսակեց նրա ռազմական կենսագրությունը և դարձավ առաջին լայնամասշտաբ գործողությունը՝ իրականացված ԼՂՀ պաշտպանության միասնական շտաբի ղեկավարությամբ:
Տեր-Թադևոսյանի հանդիպումը Մասիսի երիտասարդական կենտրոնի մասնակիցների հետ անցավ անմիջական շփման ջերմ մթնոլորտում: Ելույթից հետո, Կոմանդոսը կենդանի զրույցի ձևաչափով երիտասարդների հետ շարունակեց քննարկել թեման և պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:
Մասիսի երիտասարդական կենտրոնի Քննարկումների ակումբը երիտասարդներին ծանոթացնում է մեր ժամանակների նշանավորներ հերոսների հետ, օգնում է նրանց օրինակով զարգացնել նպատակասլացություն և խթանել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:
Ակումբի նպատակը երիտասարդների շրջանակում քաղաքացիական ինքնագիտակցության, հանրային խոսքի հմտությունների զարգացումն է, ինչպես նաև աշխարհայացքի ընդլայնումը:
Ակումբի հանդիպումներն անցկացվում են ամսական կտրվածքով: Յուրաքանչյուր նիստը նվիրված է լինում մեկ կարևոր թեմայի, որը ներկայացվում է Ակումբի հյուրի կողմից: Ակումբի հյուրերը հայտնի հասարակական գործիչները, մարզիկները, գիտնականներն ու գործարարներն են:
Քննարկումների ակումբը բացվել է 2017թ. ապրիլի 24-ին, երբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հանդես եկավ "Հայոց ցեղասպանությունը. անցյալից ներկա» թեմայով:
Նախագիծն իրականացնում է Adibekyan Family Foundation for Advancement-ը (AFFA)  և վերջինիս կողմից հիմնադրված Մասիսի զարգացման հիմնադրամը:
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում մինչև  18 տարեկան 120  երեխա: 
Երիտասարդական կենտրոնը գործարկել է  ilovemasis.com քաղաքային պորտալը, որտեղ կարող եք ծանոթանալ ոչ միայն Մասիսի զարգացման հիմնադրամի, այլև ամբողջ քաղաքի հիմնական իրադարձություններին:
Նոյյան տապան  -   Հասարակություն