14-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկելու է հուլիսի 9-ին և շարունակվելու է մինչև 16-ը. (Տեսանյութ)


14-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկելու է հուլիսի 9-ին և շարունակվելու է մինչև 16-ը. (Տեսանյութ)

  • 05-06-2017 15:52:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Շուտով Երևանում մեկնարկելու է տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն իսկական տոն կպարգևի կինոսեր հասարակությանը: 14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացումն ազդարարվելու է հուլիսի 9-ին և կշարունակվի մինչև 16-ը:  
Ինչպես հունիսի 5-ին տեղի ունեցած անդրանիկ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, այս տարի որպես կինոփառատոնի բացման ֆիլմ ընտրվել է անվանի հայ ռեժիսոր Համո Բեկնազարյանի  «Խասփուշ»-ը: Այն Պարսկաստանում ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող առաջին հայակական պատմահեղափոխական ֆիլմն է, որը 90 տարեկան է: Ֆիլմը ցուցադրվելու է Վահագն Հայրապետյանի և նրա բրենդի` հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: 
Նրա տեղեկացմամբ` «Ոսկե ծիրան» 14-րդ փառատոնն ստացել է մասնակցության մոտ 1100 հայտ` աշխարհի 96 երկրներից, իսկ մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գնահատմամբ` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի զարգացման հայեցակարգում կարևորագույն և լրջագույն դերակատարություն է ունենալու: 
«Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները, այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս դաշտով»,- ասաց նա` հավելելով, որ «Ոսկե ծիրանը» հայկական իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, այլ նաև մշակույթի տոն, որն  ամեն տարի կարողանում է ջերմություն և ուրախություն բերել Հայաստան: 
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի կինոփառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին ընդգծեց. «Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում, ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում:
Այս փառատոնն այդ կարևոր միջոցառումներից մեկն է, որը արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է: Մենք կանգնած ենք այս փառատոնի կողքին, որն ամեն տարի արդարացնում է իր առաքելությունը, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար»: 
Ավանդույթի համաձայն` «Ոսկե ծիրանի»-ի Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցոցադրություններ և Հարգանքի տուրք արտամրցութային ծրագրերը հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների վրա:  
«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնը փակվելու է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմով, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն