Ադրբեջանի ավիացիոն սպառնալիքները հայկական կողմին (տեսանյութ)


Ադրբեջանի ավիացիոն սպառնալիքները հայկական կողմին (տեսանյութ)

  • 05-06-2017 17:20:12   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
Ադրբեջանական նավթը, ինչպես պարզվեց վերջին տարիներին, սոսկ սովորական վառելիք կամ վառելիքի հումք չէ, այլ թմրանյութի պես մի բան, քանի որ ունի հալյուցինածին հատկություն: Դրա գոլորշիներն ազդել են Ադրբեջանի նախագահի գիտակցության վրա, քանի որ Իլհամ Ալիևը բարբաջել է Երևանի` ադրբեջանական տարածք լինելու մասին, երազում է գրավել այն: Նույն կերպ վարվել են նաև Ադրբեջանի այլ պաշտոնյաներ, ինչպես, օրինակ, նախկին վարչապետ, հետագայում Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը: Հիմա էլ այդ նավթի գոլորշիները խփել են Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների գլխին…
«Yell Extreme Park» նախագիծը, ինչպես արդեն հայտնի է, 2017թ. մայիսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ սկսել է երկտեղանի մարդատար ինքնաթիռներով Ստեփանակերտ-Շուշի-Ստեփանակերտ չվերթով (առանց կանգառի), առավելագույնը 30 րոպե տևողությամբ զբոսաշրջային թռիչքների իրականացումը: Անցած ամսավերջին մեկնաբանելով Արցախում իրականացվող զբոսաշրջային թռիչքները, Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը Minval.az-ին ասել է.
«Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգն ունակ է ոչնչացնելու ոչ միայն Խոջալուի օդանավակայանը, այլև օկուպացված տարածքներում ցանկացած թռչող ապարատ: Այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, և մեր երկրի Հակաօդային պաշտպանությունը լիովին իրավունք ունի ոչնչացնել թշնամական օբյեկտները: Երկրի ղեկավարությունը ոչ մեկ անգամ է հայտարարել այդ մասին»:
Հիշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովն էր սպառնացել, որ Ղարաբաղի իշխանությունների կողմից Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման դեպքում Ադրբեջանը կոչնչացնի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ինքնաթիռները։
Արձագանքելով վերը նշված սպառնալիքին, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանն ասել էր. «Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի՛ համար»: Զգուշացումը շատ պարզ ու հասկանալի է. եթե Ադրբեջանը ոչնչացնի դեպի Արցախ կամ Արցախից թռչող որևէ քաղաքացիական ինքնաթիռ կամ ուղղաթիռ, ապա դրանով իսկ կազատի հայկական կողմի զինվորականների ձեռքերը, որոնք, ասենք, երկտեղանի ինքնաթիռի ոչնչացման դիմաց կոչնչացնեն Ադրբեջանում և Նախիջևանում ներքին թռիչքներ իրականացնող, Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տասնյակ ուղևորներ տեղափոխող ինքնաթիռներ: 
Ըստ Այդեմիրովի, Հայաստանի նպատակը ոչ թե այդ թռիչքների իրականացումն է, այլ Ադրբեջանին այդ թռիչքների վերաբերյալ տեղեկատվությամբ սադրելը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտն իրականությունը քաղաքական նպատակներով խեղաթյուրում է, քանի որ Հայաստանն այդ թռիչքների հետ որևէ կապ չունի, դրանք իրականացնելու որոշումը կայացվել է «Yell Extreme Park»-ի և ինքնիշխան պետության` Արցախի համապատասխան իշխանությունների կողմից:
Երկրորդ. հիշյալ թռիչքների նպատակն Արցախում զբոսաշրջության զարգացումն է, ինչը, ի հեճուկս Ադրբեջանի, հաջողությամբ իրականացվում է: Բացի այդ, խնդրո առարկա թռիչքների իրականացումը «Yell Extreme Park»-ի միակ նախաձեռնությունը չէ, այն Հայաստանում ևս իրականացնում է զբոսաշրջության զարգացմանը միտված տարբեր ծրագրեր, ավելին` մտադիր է առաջիկայում մեր հանրապետությունում էլ կազմակերպել նմանաբնույթ թռիչքներ: Այս ամենով նույնպես փաստվում է, որ «Yell Extreme Park»-ի նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Ի վերջո, եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե Հայաստանի նպատակն այդ թռիչքների վերաբերյալ տեղեկատվությամբ Ադրբեջանին սադրելն է, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թող այնքան տխմար կամ ապուշ չլինի, որ սադրվի…
Հիմա տեսնենք, թե Ադրբեջանի պահեստազորի գեներալ-լեյտենանտի այս հրապարակային խոսքում վերը նշվածից ու մեր պատմական հայրենիքի մասը կազմող ազատագրված տարածքներն օկուպացված տարածքներ ներկայացնելուց բացի, հալյուցինացիայի ուրիշ ինչ արտահայտություններ կամ ուղղակի ստեր կան: Դրանցից առաջինը Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգին Ստեփանակերտի օդանավակայանը ոչնչացնելու կարողություն վերագրելն է: Իսկ իրենից ի՞նչ է ներկայացնում Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչո՞վ է այն զինված…
Մեր թշնամու ՀՕՊ-ի ունեցած ամենաարդիական ու միաժամանակ ամենահզոր միջոցը C-300ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգն է, որի 48Н6Е2 հրթիռը` առավելագույն հեռահարությունը 200 կմ, «Երկիր-օդ» դասի հրթիռ է ու նախատեսված է ոչ թե ցամաքային թիրախների, այլ ինքնաթիռների, աերոդինամիկական այլ թիրախների, թևավոր և բալիստիկ որոշ հրթիռների խոցման համար: Այդ հնարավորությունն ունի միայն С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգը, որն արձակում է մինչև 400 կմ հեռահարության այլ` 40Н6Е մակնիշի հրթիռներ:
Ենթադրելի է, որ այդ հնարավորությունն ունի նաև 40Н6Е հրթիռներից էլ ավելի կատարելագործված ու հեռահար հրթիռներով (40Н6М, 77Н6-Н և 77Н6-Н1) զինված ռուսական նորագույն C-500 «Прометей» զենիթահրթիռային համակարգը, սակայն կասկածից դուրս է, որ Ադրբեջանը С-400 կամ C-500 համակարգեր չունի:
Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ C-300ПМУ-2-ի հրթիռները հնարավոր է ինչ-որ կերպ հասցնել Ստեփանակերտի օդանավակայանին, ապա դրանց ընդամենը 180 կգ կշռող մարտական մասերով օդանավակայան ոչնչացնել հնարավոր չէ, դրա համար անհրաժեշտ է օդանավակայանի վրա նետել տասնյակ տոննաների ռումբեր: Հիշենք, որ ԱՄՆ-ը վերջերս «Tomahawk» մակնիշի 59 թևավոր հրթիռ արձակեց Սիրիայի «Ալ Շարիաթ» ավիաբազայի վրա, սակայն ռազմական օդանավակայանը ոչնչացնել չկարողացավ, ընդամենը վնասեց այն:
Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներում» ցանկացած թռչող ապարատ ոչնչացնելու` Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգի կարողության վերաբերյալ Այդեմիրովի հոխորտանքին, ապա դա նրանց հրթիռների հեռահարության և այլ հատկանիշների առումով, իրոք, այդպես է, սակայն մեկ կարևոր բացառությամբ. որքան էլ Ադրբեջանի ՀՕՊ-ի իսրայելական արտադրության «Барак-8» զենիթահրթիռային համալիրը թույլ տա խոցել ցածր թռչող (4 մետրից բարձր) ինքնաթիռները և ուղղաթիռները, դրանց ոչնչացման համար այդ օբյեկտները պետք է տեսանելի լինեն նշված համալիրի և, ընդհանրապես, Ադրբեջանի ՀՕՊ-ի ռադարների համար: Սակայն եթե ինքնաթիռները և ուղղաթիռներն իր դիրքով Ադրբեջանից անհամեմատ բարձր գտնվող Արցախում թռչում են ցածր բարձրությունների վրա և այնպիսի տարածքներում, որոնք չորս կողմից ավելի բարձր դիրքերում գտնվող լեռներով շրջապատված գոգավորություններ են, ապա նրանք տեսանելի չեն ադրբեջանի ռադարների համար, հետևաբար չեն կարող խոցվել նրա զենիթահրթիռային որևէ համալիրի կողմից: Ենթադրելի է, որ Արցախում զբոսաշրջային թռիչքներ իրականացնող թեթև ինքնաթիռների օդաչուներն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության օրինապաշտության, մարդասիրության ու խաղաղասիրության հետ կապված պատրանքներ չունենալով, հենց այդպիսի տարածքներում ու ցածր բարձրությունների վրա են թռչում:
Ի դեպ, Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտը խոսելով «օկուպացված տարածքներում ցանկացած թռչող ապարատ» խոցելու Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգի ունակության մասին, հասկանալի պատճառով չի նշել, որ Արցախի և Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցներն էլ ունակ են հենց Ադրբեջանի տարածքում խոցել նրա ինքնաթիռները և մյուս թռչող ապարատները:
Ըստ Այդեմիրովի, «Ներկայում հսկողության տակ են գտնվում բոլոր թռչող սարքերը, ինքնաթիռներն ու ուղղաթիռները ոչ միայն Լաչինի միջանցքի երկնքում և օկուպացված մյուս տարածքներում, այլև հենց Հայաստանում: Եթե Ադրբեջանին ինչ-որ վտանգ սպառնա, դրանք անմիջապես կարող են ոչնչացվել»:
Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտն օգտագործելով «բոլոր» բառը, միանշանակ չափազանցրել է, քանի որ Արցախի ազատագրված տարածքների և Հայաստանի տարածքի մի մասում ցածր բարձրությունների վրա թռչող ինքնաթիռները և ուղղաթիռները, Ադրբեջանի համեմատ այդ տարածքների բարձր դիրքի շնորհիվ, տեսանելի չեն Ադրբեջանի ռադարների համար ու չեն կարող լինել նրանց հսկողության տակ:
Ինչպես արդեն նշել ենք մեկ այլ առիթով, Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ռադիոտեխնիկական զորատեսակների շնորհիվ մոտ 400 կիլոմետր շառավղով օդային տարածքը հետախուզվում է: Եթե մեր ՀՕՊ-ի ռադիոտեխնիկական միջոցները Հայաստանի պետական սահմանից նույնիսկ 100 կիլոմետր հեռավորության վրա տեղաբաշխված լինեն, ապա, միևնույն է, հակառակորդի թռչող օբյեկտները կարող են հայտնաբերել դեռ իրենց տարածքում, սահմանից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա:
Ավելին. օրինակ, Կապանից, Գորիսից, Վարդենիսից, Ջերմուկից այդ միջոցներով հնարավոր է հսկողության տակ պահել նույնիսկ Բաքվի երկնքում թռչող բոլոր ինքնաթիռները և ուղղաթիռները: Եթե Հայաստանին կամ Արցախին վտանգ սպառնա, ապա Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները և այլ թռչող սարքեր կոչնչացվեն հենց Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականը Minval.az-ին ասել է նաև. «Կան լայն հասարակայնությանն անհայտ միջոցներ, որոնց անվանումները չեն բացահայտվում, ունակ կասեցնելու այդ թռիչքները (Արցախում զբոսաշրջային թռիչքները.- Ա. Հ.), բայց ես չեմ ցանկանում խոսել դրանց մասին:
Լայն հասարակայնությանն անհայտ միջոցների վերաբերյալ Այդեմիրովի ասածն ավելի շատ նման է դատարկ սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը հայկական կողմին ահաբեկելու նպատակով մինչ այժմ չի թաքցրել իր ռազմական ձեռքբերումները, նույնիսկ դրանց մասին տարփողել է ավելի վաղ, մինչ ձեռքբերումը, ինչպես, օրինակ, իսրայելական «Երկաթյա գմբեթ» և «Барак-8» զենիթահրթիռային համակարգերի պարագայում:
Եթե նույնիսկ համարենք, որ Ադրբեջանի ԶՈւ պահեստազորի գեներալ-լեյտենանտի ասածի մեջ կա լրջություն, ապա լայն հասարակայնությանն անհայտ միջոցները, որոնց անվանումները չեն բացահայտվում, կարող են լինել միայն թռչող ապարատների դեմ պայքարի ռադիոէլեկտրոնային համապատասխան միջոցները, որոնցից Ադրբեջանը չունի, իսկ եթե նույնիսկ ունի էլ, ապա դրանց գործողության շառավիղը մեծ չէ, էլ չասած այն մասին, որ բարձրադիր լեռներով պատսպարված լինելու նույն հանգամանքով պայմանավորված, Արցախում զբոսաշրջային թռիչքներ իրականացնող ինքնաթիռները պաշտպանված են նաև այդ միջոցների ռադիոէլեկտրոնային ազդեցությունից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական