Մահվան ելքով պատահար Սամվել Ալեքսանյանի գործարանում


Մահվան ելքով պատահար Սամվել Ալեքսանյանի գործարանում

  • 05-06-2017 21:41:38   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում՝ մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
 
Ինչպես տեղեկացրել էր armtimes.com-ը, նույն գործարանի երկու բանվոր՝ Ախուրյան գյուղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը եւ 41 տարեկան, Այգաբաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաեւ վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ: 
 
Արմեն Թումասյանը ընկնելու հետեւանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապբուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Ադամյանի խոսքով՝ Արմենի որովայնի եւ դեմքի շրջանում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ ընկնելու հետեւանքով վերջինիս փորի հատվածն ամբողջովին պատռվել է:
 
ՀՀԿ-ական պատգամավորի սեփական շաքարի գործարանում տեղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքներ պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ:
 
Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկանում են լռել: Մասնավորապես, Այգաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է տեղի ունեցել: 
 
Armtimes.com-ին հասել էին տեղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոններ հումք են տեղափոխել, որի ընթացքում գնացքը շարժվել է եւ իրենք վայր են ընկել:
 
Այսօր մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենեւին էլ որեւէ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին`ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել: 
 
Շիրակ Ղազարյանից եւ Արմեն Թումասյանց զատ բարձրությունից ընկել է նաեւ մեկ այլ բանվոր, ով Ազատան գյուղի բնակիչ է եւ նրան, ըստ մեզ փոխանցած տեղեկության, որեւէ բան չի պատահել: Խոսվում է, որ նրանք ընկել են հրմշտոցի արդյունքում, որը գաղտնի է պահվում:
 
Այսօր Այգաբաց գյուղում տեղի ունեցավ Արմեն Թումասյանի հուղարկավորությունը: Նա ընտանիքի հետ բնակվում էր Գյումրիում, ունի երկու անչափահաս երեխա, մեկ տղա եւ մեկ աղջիկ: Ընտանիքի միակ աշխատողն էր: Այգաբացցինները նրան բնութագրեցին՝ խելոք, համեստ եւ շնորքով մարդ, ինչպես նաեւ բացառեցին այն վարկածն, որ նա կարող էր որեւէ մեկի հետ վեճի բռնվել:
 
Այգաբացցիներից նաեւ հետաքրքվեցինք, թե արդյո՞ք գործարանի սեփականատեր Ալեքսանյանն այցելել է տուժած ընտանիքներին կամ որեւէ աջակցություն ցուցաբերել է: Բնակիչները, նշեցին, որ իրենց նման տեղեկություն հայտնի չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play