Երիտասարդ բժիշկները երկու ձեռքով կողմ են հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը կյանքի կոչելուն (տեսանյութ)


Երիտասարդ բժիշկները երկու ձեռքով կողմ են հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը կյանքի կոչելուն (տեսանյութ)

  • 06-06-2017 15:04:02   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ծխելը բժշկական տեսանկյունից հիվանդություն է. Ցանկացած միջոց, որը կարող է մարդկանց փրկել այդ չարիքից, ուրեմն պետք է կողմ լինել երկու ձեռքով: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը` անդրադառնալով ծխելու արգելքի մասին օրենքի արդյունավետության հավանականությանը և ակնկալվող արդյունքներին: 
Ըստ նրա` վաղուց ապացուցված է, որ ծխելուց մարդկանց մոտ կարող են առաջանալ բազմաթիվ հիվանդություններ և հատկապես թոքի քաղցկեղ, հետևաբար առավելագույն խստություն պետք է դրսևորվի ծխելու վնասակար ազդեցությունից մարդկանց զերծ պահելու համար: 
«Ցավոք սրտի, եթե մարդը մեզ մոտ գալիս է արդեն քաղցկեի ախտորոշմամբ, ապա նրան ծխախոտից զերծ պահելով չենք կարող էապես օգնել, քանի որ բավականին ուշ է լինում: Իհարկե, նման դեպքերում ծխախոտի կիրառումը դադարեցվում է, ինչը նպաստում է բուժման դրական ընթացքին»,- ընդգծեց Լ. Բադալյանը` հավելելով, որ պետք է ձեռնարկվեն ամեն տեսակ քայլեր և կյանքի կոչվեն հնարավոր բոլոր օրենքները, որպեսզի Հայաստանում ծխողների թիվը նվազի և պասիվ ծխողները չտուժեն: 
Նրա խոսքերով` Հայաստանի բնակչության մոտ 50 տոկոս տղամարդիկ ծխողներ են և տարեկան գրանցվում է  թոքի քաղցկեղի միջինում 1400 նոր դեպք, որոնց 90 տոկոսը պայմանավորված է ծխելու հանգամանքով. «Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ նշյալ 90 տոկոս դեպքերից 80 տոկոս դեպքերում մարդիկ չեն առողջանում և մահանում են»:  
Ուռուցքաբանի փոխանցմամբ` նույնիսկ 40 տարեկանից մարդկանց մոտ կարող է ախտորոշվել թոքի քաղցկեղ ծխելու հետևանքով առաջացած: 
Վիրաբույժ - ուռուցքաբան, Բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Բադալյանն իր հերթին անդրադառնալով թեմային` նշեց, որ ծխելու հետևանքով շատ է նաև կոկորդի քաղցկեղ ունեցողների թիվը: 
«Կա այսպիսի մի վիճակագրություն, համաձայն որի կոկորդի քաղցկեղով հիվանդ մարդկանց 98 տոկոսը մոլի ծխողներ են, իսկ բերանի խոռոչի քաղցկեղ ունեցողների 60-70 տոկոսն է ծխող»,- ասաց նա` հավելելով, որ ռիսկային խմբում են գտնվում կանայք, որոնց մոտ քաղցկեղածին գոյացություններն ավելի արագ են զարգանում և ծանր ընթացք են ունենում: 
Ա. Բադալյանի կարծիքով` Հայաստանում ծխելն արգելելու մասին օրենքը նաև յուրօրինակ կոչ է ուղղված հատկապես կանանց: 
Նրա գնահատմամբ` նման օրենք ընդունելու որոշումը ոչ միայն ճիշտ է, այլև տեղին է ու ժամանակին, քանի որ Հայաստանում հասունացել էր այն փուլը, երբ պետք է այդպիսի օրենք ընդունվեր: 
Մասնագետի պնդմամբ`հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումը և ծխախոտի թանկացումը քայլ առաջ է և կունենա իր դրական ազդեցությունն ու արդյունավետությունը: 
«SIRMED» բժշկական կենտրոնի նյարդաբան, Երիտասարդ  բժիշկների համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի» ծրագրի համակարգող, Նյարդաբանների հայկական ասոցիացիայի անդամ,  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ Անուշ Գասպարյանը ծխելու հետ կապված նոր օրենքը համեմատեց վարորդների կողմից ամրագոտիները պարտադիր կապելու օրենքի հետ: 
Նրա կարծիքով` ցանկացած նոր օրենք սկզբնական շրջանում կարող է սթրեսային ազդեցություն ունենալ մարդկանց վրա, սակայն հետագայում օրենքի կիրառումը, հատկապես եթե այն բխում է մարդկանց շահերից, ունենում է դրական ազդեցություն: 
Նյարդաբանի վստահեցմամբ` նման օրենքի ընդունումն ի տարբերություն ծխելն արգելող կամ չխրախուսող նախաձեռնությունների` ավելի արդյունավետ է: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play