Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստիան Պինոյի «հայտնությունը» Սովետական Հայաստանում


Ֆրանսիայի ԱԳ նախարար Քրիստիան Պինոյի «հայտնությունը» Սովետական Հայաստանում

  • 06-06-2017 16:37:02   | Հայաստան  |  Վերլուծություն

«Հետք». 1956-ի մայիսի 16-ին Հայաստանի Կոմկուսի պաշտոնաթերթ «Սովետական Հայաստանի» առաջին էջի մեծ մասը զբաղեցրել էր ԽՍՀՄ հեռագրական գործակալության (ՏԱՍՍ) հաղորդագրությունը Ֆրանսիայի վարչապետի եւ կառավարության անդամների Մոսկվա կատարած այցի մասին։
 
«Ֆրանսիայի կառավարության ղեկավար Գի Մոլլեի եւ արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոյի ժամանումը Մոսկվա» վերնագիրը կրող հրապարակումն առաջին հայացքից ոչինչ չասող լուր է։ Ֆրանսիացի պաշտոնյաները եկան, սովետական ղեկավարները դիմավորեցին, ըստ պատշաճի եղան հաճոյախոսություններ, խոսեցին երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին եւ այլն։
 
Մոսկվայի օդակայանում Ֆրանսիայի վարչապետը հայտնում է, որ ԱԳ նախարար Քրիստիան Պինոն՝ սովետական քաղաքացիների կյանքին ծանոթանալու համար, լինելու է նաեւ ԽՍՀՄ այլ շրջաններում։ «Հենց այդպիսի ռեալ փաստերի վրա էլ պետք է կառուցել միջազգային հարաբերությունները, եւ ոչ թե դրանք կառուցել տեսական եզրակացությունների հիման վրա, որոնց չարաշահումը հաճախ վնասակար է եղել». հոդվածում մեջբերված է Ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի խոսքը։
 
Ի թիվս այլ քաղաքների՝ Պինոն գալիս է նաեւ Երեւան, բայց ասել, թե այցը հույժ կարեւոր էր, սխալ կլինի։ Հայաստան օտար ուրիշ պաշտոնյաներն էլ էին այցելում, անցնում Սեւան, Գառնի-Գեղարդ, Էջմիածին երթուղով, հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գրառում անում Մատենադարանի հյուրերի տպավորությունների մատյանում ու հեռանում։ Բայց Պինոյի «հայտնությունը» Հայաստանում տարբեր էր։ Տարբեր ոչ թե բովանդակությամբ, այլ՝ բարձրաստիճան պաշտոնյային դիմավորելու ձեւով, ինչը, կարելի է ասել՝ ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ստեղծված իրավիճակի եւ այդ իրավիճակում երեւակված հարաբերական ազատությունների փորձարկումն էր։
 
Իմանալով Պինոյի Երեւան կատարելիք այցի մասին (իսկ տեղեկանալ հնարավոր էր միայն արտերկրի ռադիոների հաղորդումները գաղտնի լսելով), ֆրանսահայ հայրենադարձները լրջորեն նախապատրաստվել էին նրան դիմավորելուն։
 
Մինչ նախարարը վայրեջք կկատարի ու մինչ դիմավորողները կհասնեն օդակայան (խոսքը Չարբախի, այսինքն փոքր օդակայանի մասին է), համառոտ ներկայացնենք Ֆրանսահայերի Հայաստան տեղափոխվելու պատմությունը։
 
Ֆրանսահայերը (շուրջ 5000 մարդ) Հայաստան ներգաղթել են երկու քարավանով՝ 1947-ի վերջին եւ 1948-ի սկզբին։ Ֆրանսիայում հայրենադարձվելու ձգտում ունեցել են շատերը, անգամ հանրահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի ընտանիքը, որի հայցաթերթը պահվում է Հայաստանի ազգային արխիվում։ Ներգաղթի կազմակերպիչները, սակայն, բավարարվել են երկու քարավանով եւ բավական մեծ մի զանգված կորցրել է Հայրենիքում վերաբնակվելու պատեհությունը։
 
Հայաստանում բնակություն հաստատած 5000 ֆրանսահայերը, կարելի է ասել, հարաբերականորեն ավելի արտոնյալ վիճակում էին, քան Մերձավոր Արեւելքից, Արեւելյան Եւրոպայից կամ Իրանից ներգաղթածները։ Նման «արտոնյալությամբ» օժտված էին մեկ էլ ամերիկահայերը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում ստացված տեղեկություններով 1949-ի հունիսի 14-ին աքսորված 350 հայրենադարձ ընտանիքներից ֆրանսահայ էին վեցը, իսկ ամերիկահայերից որեւէ ընտանիք չի աքսորվել։
 
Սա բացատրվում է երկու հանգամանքով։ Առաջին՝ հայերի հայրենադարձությունը վերջին հաշվով դարձել էր ԽՍՀՄ-ի եւ անձամբ Ստալինի, ժամանակակից լեզվով ասած՝ PR ակցիան։ Տեսեք՝ ինչքան լավն ենք մենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ խուռներամ ձգտում են դեպի սովետների երկիր՝ «ապրելու ստալինյան դրոշի ներքո»։ (Չակերտված մեջբերումը վերցված է հայրենադարձների նամակներից։) Ուրեմն իշխանությունների հոգատարությունը ներգաղթողների այս խմբերի հանդեպ, մեր կարծիքով՝ պայմանավորված էր երբեմնի բարեկամ, 2-րդ աշխարհամարտից հետո աստիճանաբար թշնամացող Արեւմուտքին (ԱՄՆ, Ֆրանսիա) չգրգռելու եւ նրա «բերանը լեզու» չդնելու հանգամանքով։
 
 
Երկրորդը, որն ավելի օբյեկտիվ է, կապված էր հայկական այդ համայնքներում ներգաղթի նախապատրաստության եւ դրա շուրջ ստեղծված մթնոլորտի հետ։ Ի տարբերություն այլ համայնքների, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում ոգեւորությունը համատարած չէր, իսկ ներհամայնքային կյանքը բավականին բեւեռացված էր։ Եթե Մերձավոր Արեւելքի երկրներում կամ Իրանում 100-ավոր մարդիկ ներգաղթի համար ցուցակագրվում էին՝ հրաժարվելով ՀՅԴ անդամությունից, ապա Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում դրանց թիվը կամ չնչին էր կամ այդպիսիք չկային ընդհանրապես։
 
Դաշնակցությունը փորձում էր խոչընդոտել հայրենադարձությունը։ Այդ օրերին Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար Ինաեկյանն իր զեկույցում անդրադառնում էր տեղի դաշնակցականների խափանարար աշխատանքին՝ մասնավորապես նշելով. «Լուրեր են տարածում, իբր ներգաղթողների ունեցվածքը Սովետական Միություն հասնելուն պես առգրավվում է, իսկ ներգաղթողների մեծամասնությանը Հայաստանի փոխարեն ուղարկում են Հյուսիսային Կովկաս կամ Ինգուշեթիա»։ Ինաեկյանը մեղադրում էր ներգաղթը կազմակերպող Ազգային ճակատին՝ դաշնակցականներին արժանի հակահարված չտալու համար։
 
 
Ճանաչված ֆրանսահայ երգիծանկարիչ
 
Ռընե Հովիվը Սիբիրում, 1950
 
Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում ներգաղթելու հայտ առավելապես ներկայացնում էին կամ հայրենասիրական կամ էլ մարքսիստական, սոցիալիստական գաղափարներով տոգորված մարդիկ, որոնց կենսագրության մեջ դժվար էր պեղել «հին մեղքեր»։
 
Այսուհանդերձ, բացի վերը նշված աքսորյալ վեց ընտանիքից, ստալինիզմի շրջանում բռնությունների են ենթարկվել (դատապարտվել ազատազրկման) ֆրանսահայ 53 անհատներ, որոնց մեծ մասը փախուստի փորձերի համար։ Սա բռնաճնշված հայրենադարձների ընդհանուր թվի (մոտ 800)՝ 6.5, իսկ Ֆրանսիայից ներգաղթածների՝ 1.5 տոկոսն է։
 
Ֆրանսահայերը՝ դատելով Փարիզում, Մարսելում, Լիոնում եւ Վալանսում արված 25 հարցազրույցներից, ստալինիզմի վախից, դատապարտվելու եւ աքսորվելու ահավոր հեռանկարից բացի՝ ունեին նաեւ դժգոհելու այլ առիթներ։ Դրանցից ամենակարեւորը սովետական կյանքի, ապրելակերպի, կենցաղի, մշակույթի անհամատեղելիությունն էր իրենց հուշերի հետ։
 
 
Լիդիան մոր հետ, Երեւան, 1948
1947-ին ներգաղթած, այժմ Փարիզում բնակվող Լիդիա Կյուրեղյանն ասում է, որ Հայաստանում իրեն ամենից շատ դուր չէր գալիս օրիենտալ (արեւելյան) վարքն ու նիստուկացը. «Աղջիկը երբ որ կույս չէր, չէին ընդունում։ Աղջիկը երբ որ երեխա չունենար, հոր տուն էին ուղարկում։ Աղջիկը եթե սիրուն էր, մի տղա իրեն ուզում էր, աղջիկն ասում էր՝ չէ, տղան փախցնում էր։ Էդ արեւելյան վարքը ես չընդունեցի»։
 
Փարիզում ապրող, Ֆրանսիայից 1947-ին հայրենադարձված Ռոբերտ Անանիկյանն էլ հիշում է, թե ինչպես խափանեցին իր մոր բարեգործական արարքը.«Կիրզայում էինք ապրում, ցուրտ ձմեռ էր, շատ ձյուն էր եկել։ Ես կոշիկ ունեի, ընկերներիցս շատերը չունեին։ Գնում էի, նրանց տնից վերցնում էի շալակս, հետս տանում էի դասի։ Մայրս ասեց՝ էսպես չի լինի, ես շաբաթ օրերը պիտի հավաքույթներ կազմակերպեմ՝ մուտքը փողով։ Մեկ ռուբլի, երկու ռուբլի, երեք ռուբլի՝ ով ինչքան կտա։ Ուզում էր էդ չունեցողներին կոշիկ ու շոր առներ։ Տնօրենը մորս կանչեց, թե, քանի որ մեր դպրոցում ես էդ բանն անում, փողի կեսն ինձ պիտի տաս։ Պարզ է, չտվեց։ Մորս վրա գործ բացեցին, ահագին աղմուկ եղավ»։
 
Այսպիսի շատ պատմություններ կան, որոնք վկայում են «քաղաքակրթությունների» բախման մասին, եւ հավանաբար այդ կոնֆլիկտն էր ֆրանսահայերին տանում նախարար Քրիստիան Պինոյին դիմավորելու։
 
(շարունակելի)
 
Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play