Տեղի է ունեցել Խաչատրյանի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)


Տեղի է ունեցել Խաչատրյանի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

  • 07-06-2017 15:20:32   | Հայաստան  |  Մշակույթ



Հունիսի 6-ի երեկոյան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Երեկոյի ընթացքում հանդես են եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հատուկ այս իրադարձության համար ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը՝ Կոստանտին Օրբելյանի, Վասիլի Վլասովի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Օպերային թատրոնի երգչախումբը, Բոլշոյ թատրոնի մենակատարներ, մրցույթի ժյուրիի անդամ, մեծահամբավ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, սոպրանո Մանե Գալոյանը և այլ պատվավոր հյուրեր։ 
 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բացման արարողության ընթացքում նշեց, որ Խաչատրյանի մրցույթն արդեն 13-րդ անգամ խաչատրյանական երաժշտությունը, շնչառությունը, նրա գույները տարածում է աշխարհով մեկ։ «Շատ ուրախալի է, որ աշխարհի տարբեր ծայրերից կատարողական արվեստի երիտասարդ վարպետներ են ժամանում Երևան, որոնք իրենց կյանքի ընթացքում ձեռք բերելով հմտություններ, նոր վարպետություններ, աշխարհով մեկ կարող են տարածել հայաստանյան մրցույթի մեծ համբավը»,- ասաց նախարարը՝ հաջողություններ մաղթելով երաժշտական այս իրադարձության ընթացքին։ 
Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ օրն իր համար նշանակալի է. «Հունիսի 6-ին ծնվել է Արամ Խաչատրյանը, որ համաշխարհային երաժշտության պատմության մեջ խորը հետք թողած և միջազգային մակարդակով ճաշակ ձևավորած անձնավորություններից մեկն է։ Արամ Խաչատրյանը միշտ ուղեկից է եղել մեր կոմպոզիտորական և կատարողական արվեստին, և վստահ եմ՝ այդպես կմնա նաև գալիք սերունդների համար։ Այսօր մենք նրա ծնունդը նշում ենք նաև այս կարևոր և ավանդական դարձած մրցույթով»։ Պարոն Թոփչյանը շեշտեց, որ մրցույթի նպատակը երիտասարդ երաժիշտներին, կատարողներին բացահայտելն է։ Նա նշեց, որ ժյուրիի կազմում ներգրավված են օպերային երաժշտության հիանալի գիտակներ, որոնք առավելագույնս անաչառ ու ճշգրիտ որոշումներ կկայացնեն, ինչի հետևանքով մրցույթի հաղթողներին հետագայում կտեսնենք աշխարհի լավագույն բեմերում։  
Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։ 
Այսօր առավոտից Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում մեկնարկել են խաչատրյանական մրցույթի առաջին փուլի լսումները, որոնք ուղիղ եթերում առցանց հեռարձակվում են։ 
Հիշեցնենք, որ Խաչատրյանական մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ 
Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), գործընկերն է «Խաչատրյան» հիմնադրամը, աջակիցը՝ «Արդշինբանկը»։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ