Հայկական վերածնունդը և Վանաձորի իրավիճակի հանգուցալուծումը


Հայկական վերածնունդը և Վանաձորի իրավիճակի հանգուցալուծումը

  • 07-06-2017 17:16:55   | Լոռու մարզ  |  Վերլուծություն
Հայկական վերածնունդ կուսակցության խոսնակը նախօրեին հայտարարել էր, որ կուսակցության տարածքային կառույցը սեպտեմբերին կքննարկի, թե արդյոք պետք է շարունակել Վանաձորի Ավագանու աշխատանքի բոյկոտը, թե պետք է դադարեցել:
 
Խոսնակը ասել էր, որ կուսակցության կենտրոնական ղեկավարությունը այդ որոշումը թողել է տարածքային կառույցի հայեցողությանը:
Վանաձորի Ավագանու բոյկոտը սկսվեց 2016 թվականի աշնանը, քաղաքապետի ընտրությունից հետո: ՀՀԿ-ն Ավագանու ընտրությանը զբաղեցրել էր առաջին տեղը, բայց չնայած անցողիկ շեմը հաղթահարած ՀՅԴ աջակցությանը, չուներ փակ քվեարկությամբ միանձնյա քաղաքապետ ընտրելու համար բավարար մանդատ: Մյուս երեք կուսակցությունները, որ հայտնվել էին Ավագանում, միասին կարող էին ընտրել իրենց թեկնածուին եւ նրանք ստորագրեցին այդպիսի հուշագիր: Թեկնածուն Լուսավոր Հայաստան կուսակցությունից էր: ԼՀ-ն զբաղեցրել էր երկրորդ տեղը: Նրան աջակցում էին ՀՎԿ եւ ԲՀԿ կուսակցությունները:
Բայց, փակ քվեարկությանը տեղի ունեցավ հակառակը՝ եռյակ դաշինքից չորս մանդատավոր քվեարկեցին ՀՀԿ թեկնածուի օգտին: Ովքե՞ր էին նրանք, հրապարակավ հայտնի չէ: Բնականաբար, բոլոր երեք ուժերն էլ հայտարարում էին, որ իրենցից չեն «դավաճանները»:
ԼՀ-ն առաջարկեց Ավագանու նիստերի բոյկոտ, «դավաճաններին» բացահայտելու համար: Ըստ տրամաբանության, նիստեր անցկացնելու համար ՀՀԿ-ն չուներ քվորում, եւ քվորումի կարիքը կարող էր բավարարվել միայն մյուս երեք ուժերի աջակցությամբ: Եվ ով գար նիստին, ըստ առաջարկի տրամաբանության, նա էլ «դավաճանն» էր:
Բոյկոտը շարունակվում է առ այսօր: ՀՀԿ-ական քաղաքապետը ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության հետ անցկացնում է նիստեր, կայացնում որոշումներ, որոնք երկրորդ տեղը գրաված ԼՀ-ն որակում է ապօրինի: Անկասկած է, որ կա խնդիր եւ այն չի կարող շարունակվել, պահանջելու է որեւէ հանգուցալուծում, եթե բոյկոտը չդադարեցվի:
Այդպիսով, Հայկական Վերածնունդը այժմ հայտարարում է, որ կարող է վերանայել Ավագանու բոյկոտի որոշումը: Այսինքն, Հայկական վերածնունդը փաստացի հայտարարում է, որ պատրաստ է հանգուցալուծել Վանաձորի իրավիճակը: Ընդ որում ակնհայտ է, որ այդ հանգուցալուծումը կլինի հօգուտ ՀՀԿ-ի:
Հայկական վերածնունդ կուսակցության պարագան այստեղ ունի ուշագրավ ենթատեքստեր: Բանն այն է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունից մի քանի օր առաջ սկանդալային պատմություն եղավ ՀՎԿ Վանաձորի Ավագանու ցուցակը գլխավորողի մասնակցությամբ, որը տեղի հեղինակություն էր եւ բռնություն էր գործադրել քաղաքացիներից մեկի նկատմամբ: Նրան ձերբակալեցին, բայց քաղաքապետի թեկնածության փակ քվեարկությունից առաջ բաց թողեցին: Ինչքանո՞վ այն ազդեց փակ քվեարկության եւ «դավաճանության» գործում, հնարավոր չէ ասել:
Սկսվեց բոյկոտը: Խորհրդարանի ընտրությունից մի քանի ամիս առաջ որեւէ ուժի համար ցանկալի չէր «բացվել», քանի որ դա կարող էր ծանր հետեւանք ունենալ խորհրդարանի ընտրության արդյունքի առումով:
Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է, որ Վանաձորում ՀՀԿ-ին բոյկոտած երեք քաղաքական ուժերից՝ Լուսավոր Հայաստանից, Հայկական վերածնունդից եւ ԲՀԿ-ից միայն Հայկական վերածնունդը չհաղթահարեց խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը՝ 5 տոկոսը: Լուսավոր Հայաստանը ԵԼՔ դաշինքով, իսկ ԲՀԿ-ն՝ Ծառուկյան դաշինքով հայտնվեցին խորհրդարանում:
Փաստորեն, Հայկական վերածնունդը մնաց «Վանաձորից կախված» եւ այժմ հայտարարում է, որ իջնում է: Չի բացառվում, որ հայտարարությունն ունի տրամադրություն շոշափելու նպատակ: Խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժը փնտրում է քաղաքական «վերադարձի» տարբերակներ, նաեւ արտախորհրդարանական դաշտից դուրս չմնալու համար, քանի որ նկատվում է խորհրդարանից դուրս մնացածների աշխուժացման միտում:
Ինչպե՞ս կարձագանքի Հայկական վերածննդի «առաջարկին» ՀՀԿ-ն: Ունի՞ ՀՀԿ-ն Վանաձորում ՀՎԿ դրությամբ բոյկոտի թնջուկից դուրս գալու անհրաժեշտություն, թե՞ առանց դրա էլ իրեն վատ չի զգում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն