Սերժ Սարգսյանը հանեց վարչապետի աթոռի տակ դրված ականը


Սերժ Սարգսյանը հանեց վարչապետի աթոռի տակ դրված ականը

  • 07-06-2017 17:12:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայտարարելով, թե վարչապետ Կարեն Կարապետյանը չունի հրաժարական տալու պատճառ եւ նրա հետ իր հակասության մասին տեղեկությունները մտացածին են, Սերժ Սարգսյանը փաստորեն հանեց վարչապետի աթոռի տակ դրված ականը, որ միացրել էր խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո:
 
Անհնար է աշխատել ճակատին ժամանակավորության նշանով: Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ լիովին չի ջնջել այդ նշանը, որովհետեւ եթե ներկայում չկա հրաժարականի պատճառ, դա չի նշանակում, որ պատճառ չի կարող լինել իքս ժամանակահատված անց:
Բայց, անձամբ հայտարարելով այժմ պատճառ չլինելու եւ հակասությունն էլ մտացածին լինելու մասին, Սերժ Սարգսյանը կամա թե ակամա կատարեց Կարեն Կարապետյանի պահանջը:
Ընդ որում, կարեւոր չէ՝ պահանջը եղել է բարձրաձայն, թե՞ պարզապես թեւածում էր օդում: Որովհետեւ առնվազն օդում այն թեւածում էր այնպես, որ դժվար էր չնկատելը, եւ աչք ունեցողը կտեսներ, իսկ ականջ ունեցողը՝ կլսեր:
Որովհետեւ, եթե մամուլի եւ փորձագիտական հանրության գերակշիռ մասը արտահայտում է Կարապետյանի ժամանակավորության տրամադրություն, անանուն հղումներով տեղեկություններ, ապա անկասկած է դառնում, որ Կարապետյանին գահավիժումից կարող է փրկել միայն Սերժ Սարգսյանի հերքումը՝ եւ ոչ մի մակարդակ ցածր: Այդ պահանջը եթե անգամ չի դրվել Սարգսյանի առաջ, ապա թեւածել է օդում, այդ թվում նրա գլխավերեւում:
Ի՞նչ կփոխվի Կարեն Կարապետյանի վարքագծում՝ Սերժ Սարգսյանի կատարած ականազերծումից հետո: Գործունեության արդյունքի տեսանկյունից էական փոփոխության ակնկալիքը թերեւս որեւէ դեպքում ռացիոնալ չէ: Հայաստանի անկման արագությունն ու խորությունը չի եղել այնպիսին, որ հնարավոր լինի մի քանի ամիսների ընթացքում կասեցնել եւ բերել այնպիսի վիճակի, որ հանրային լայն շրջանակների համար լինի արդյունքի նկատելի փոփոխություն: Դա ցանկալի է, բայց ոչ իրատեսական, անկախ նրանից, թե ով է վարչապետը:
Տվյալ պարագայում ավելի էական է, թե ինչպիսի տեսանելի փոփոխություն կլինի վարչապետի վարքագծում: Բավական տարածված է այն, որ նա վերջապես պետք է զբաղվի քաղաքականությամբ, չբավարարվելով մենեջերությամբ:
Կարեն Կարապետյանը մինչ այժմ մնում է այսպես ասած ճգնաժամային մենեջերի ընդգծված շրջանակում: Մյուս կողմից, այդ հանգամանքը կարող է ինքնին լինել քաղաքական մարտավարություն: Այսինքն, Կարապետյանը մնում է մենեջերի ընդգծված շրջանակում, քանի որ այդ դիրքում նա պակաս խոցելի է, քան կարող է լինել այսպես ասած քաղաքականության ակտիվ դիրքում:
Մնալով մենեջերի շրջանակում, նա քաղաքական պատասխանատվությունը հնարավորինս թողնում է Սերժ Սարգսյանի վրա: Դուրս գալով այդ շրջանակից, Կարեն Կարապետյանը պետք է Սերժ Սարգսյանի վրայից վերցնի քաղաքական պատասխանատվության առնվազն մի մասը: Բայց դա կարող է բերել նրա համար վտանգավոր դիսբալանսի՝ քաղաքական պատասխանատվությունը կվերցնի, չվերցնելով համարժեք իշխանություն:
Ըստ այդմ հավանական է, որ «մենեջերության» ընդգծված շրջանակը Կարեն Կարապետյանի քաղաքական մարտավարությունն է, որով նա փաստացի արձանագրեց առաջին քաղաքական հաջողությունը՝ Սերժ Սարգսյանը կատարեց պահանջը:
Մյուս կողմից, սակայն, քաղաքական առաջին թեկուզ փոքր, բայց նկատելի հաջողությունն արդեն Կարեն Կարապետյանին է «ներկայացնելու» պահանջներ, առնվազն մթնոլորտում թեւածող: Հնարավոր կլինի՞ բավարարել նոր պահանջները, շարունակելով «մենեջերության» ընդգծված կարգավիճակի մարտավարությունը եւ էապես չփոխելով վարքագիծը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն