Գերձայնային արագությամբ ցրվում են Թրամփից հետո խաղաղ և անվտանգ աշխարհ տեսնելու մտապատրանքները (տեսանյութեր)


Գերձայնային արագությամբ ցրվում են Թրամփից հետո խաղաղ և անվտանգ աշխարհ տեսնելու մտապատրանքները (տեսանյութեր)

  • 08-06-2017 12:19:14   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
ԱՄՆ-ի գլխավորությամբ «հակաահաբեկչական» կոչված միջազգային կոալիցիան հունիսի 6-ին Սիրիայի հարավում հարվածել է «Իսլամական պետություն» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարող Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանմանը: Միացյալ Նահանգները և կոալիցիան իրենց այդ քայլով, ըստ էության, պաշտպանել են ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի բանակի զորասյան հարվածներից ու շունչ քաշելու հնարավորություն տվել նրանց: Հարվածի հետևանքով ոչնչացվել են հրետանային և հակաօդային պաշտպանության մի քանի միջոցներ, վնաս է պատճառվել տանկին, ըստ ամերիկյան աղբյուրների, առնվազն 60 հոգի զոհվել ու վիրավորվել է:
Ընդ որում, կատարվածն այս ամսվա ընթացքում կոալիցիայի արդեն երկրորդ հարվածն է Սիրիայի կառավարական ուժերին Ալ-Թանֆի շրջանում: Եվս մեկ ավիահարված հասցվել է մայիսի 18-ին Ալ-Թանֆ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող ապառազմականացված գոտու սահմանից դուրս գործող Սիրիայի ու նրա դաշնակիցների ուժերի վրա, որի հետևանքով զոհվել են մի քանի սիրիացի մարտիկներ:
«Իսլամական պետությունն» էլ, կարծես շնորհակալ ու վարձահատույց լինելով իր հովանավորից` ահաբեկչությանն աջակցող ԱՄՆ-ից, երեկ առավոտյան հարձակում է գործել Թեհրանի մոտ գտնվող Իրանի հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում գտնվող մարդկանց, ինչպես նաև Իրանի խորհրդարանի վրա: Մի պետության օրենսդիր մարմնի, որը Սիրիայի նման գտնվում է Միացյալ Նահանգների սև ցուցակում: Իսրայելի և ԱՄՆ-ի որոշակի ուժերի հաջողվեց հասնել Սիրիայի ավերմանը, Իրանի հետ, չնայած մեծագույն ցանկությանը, դեռ չեն կարողանում նույն կերպ վարվել:
Ինչպես արդեն հայտնի է, երեկ կանացի հագուստով չորս զինյալ ահաբեկիչներ ներխուժել են Իրանի իսլամական խորհրդարան, ապա բախվել խորհրդարանի անվտանգության ուժերի հետ, սկսվել է փոխհրաձգություն:
Խորհրդարանի շենքի մուտքի միջանցքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել ու վիրավորվել են խորհրդարանի անվտանգության աշխատակիցներ, առնվազն մեկ հոգի էլ վիրավորվել է խորհրդարան դիմողներից: Ահաբեկիչները զինված են եղել ատրճանակներով և կալաշնիկովի ինքնաձիգներով, խորհրդարանի շենք մտնելուց և միջանցքում կրակելուց հետո, նրանք փախուստի են դիմել, որը, սակայն, երկար չի տևել: Իրանի իսլամական հանրապետության անվտանգության ուժերին հաջողվել է սպանել խորհրդարանի շենքի վրա հարձակում իրականացրած չորս ահաբեկիչներին:
Եվս չորս զինյալ ահաբեկիչներ հունիսի 7-ի առավոտյան ներխուժել են Իմամ Խոմեյնիի դամբարան (այն իրանցիների համար սրբավայր է) և սկսել կրակել ու վիրավորել բազմաթիվ մարդկանց: Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են հենց ահաբեկչության վայրում, իսկ մյուսը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ ռումբը: Ըստ արտերկրի ԶԼՄ-ների հրապարակումների, դամբարանի վրա հարձակում կատարած մահապարտ ահաբեկիչը կին է եղել:
Ոստիկաններն ու խորհրդարանի անվտանգության աշխատակիցները շարունակել են հետապնդման աշխատանքը ու մյուս օպերատիվ գործողությունները: Անվտանգության ուժերին հաջողվել է նաև վերականգնել կարգ ու կանոնը խորհրդարանում: Հայտնվում է, որ ահաբեկչության հետևանքով Իսլամական խորհրդարանի պատգամավորներից որևէ մեկը չի տուժել: 
Խորհրդարանի դռնբաց նիստին առընթեր կայացել է խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստը: Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին կոչ է արել Թեհրանում կայացնել ազգային ավտանգության արտակարգ նիստ:
«Ֆարս» լրատվական գործակալությունը սկզբում տեղեկացրել է, որ նշված ահաբեկչությունների հետևանքով զոհվել են 4 հոգի, վիրավորվել 10 ուրիշներ: Հետո զոհերի ու վիրավորների` նշվածից մեծ թվեր հրապարակվեցին: Վերջին տվյալների համաձայն, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել են 13 և վիրավորվել 43 իրանցիներ: Այս մասին հայտնել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին:
ԻՍՆԱ լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ֆրանս Պրեսին», երեկ տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրանի խորհրդարանում և իմամ Խոմեյնիի դամբարանում իրականացրած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Իրանական լրատվամիջոցներն ավելի ուշ տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է սիոնիստական-թաքֆիրական ահաբեկչական խմբավորումը: Սիրիայում գործող ահաբեկչական-թաքֆիրական ամենախոշոր խմբավորումները «Իսլամական պետությունն» են և «Ալ Նուսրա» ճակատը: Ըստ Իրանի, նրանք աջակցություն են ստանում Սիոնիստական ռեժիմից: Դրա համար էլ այդ խմբավորումներն Իրանում կոչվում են սիոնիստական-թաքֆիրական: Այսօր մեկ անգամ ևս հաստատվեց, որ Իրանում երեկվա ահաբեկչություններն իրականացվել են «Իսլամական պետության» կողմից, որը հովանավորվելով ԱՄՆ-ի ու նրա արևմտյան և արաբական դաշնակիցների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի կողմից, բազում ոճրագործություններ է իրականացրել տարածաշրջանի երկրներում, հատկապես պես Սիրիայում և Իրանում:
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյան մոտ մեկ ամիս առաջ հակադարձելով Սիրիայի վրա Իսրայելի կործանիչների հարձակումներին, հայտարարել էր, որ «Թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապեր կան», «Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումները և զինյալ խմբավորումներին ու ահաբեկիչներին ԱՄՆ-ի օգնության շարունակումը վկայում են թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապերի առկայության մասին»:
Ամիր Աբդոլլահյան ասել էր նաև, որ «Դամասկոսը թույլ չի տալու, որ չարաշահելով Աստանայի և Ժնևի քաղաքական բանակցությունները, Թելավիվն իրականացնի տարածաշրջանում իր գաղտնի նպատակները», ապա կրկին անգամ կարևորել  Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Իրանի ցուցաբերած օգնության և աջակցության շարունակումը: Թեհրանում երեկ կատարված ահաբեկչություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ նրա զինյալների միջոցով Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի այս դիրքորոշման ու քաղաքականության հակադարձումներն են:
Այն, որ Իրանում որ «Իսլամական պետության» ձեռքով իրականացված ահաբեկչությունների ետևում երևում են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ականջները, իր անուղղակի հաստատումն է ստացել նշված ահաբեկչությունների առնչությամբ հենց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքով, որն Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը համարել է նողկալի:
«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը նողկալի վերաբերմունք է ցուցաբերել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների նկատմամբ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Դոնալդ Թրամփը  Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ և հայտարարել է. «Ահաբեկչությունը հովանավորող երկրները հայտնվում են իրենց լարած ծուղակում»: Իրականում Իրանը ոչ թե ահաբեկչությունն է հովանավորում, այլ ահաբեկչության և ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի իշխանություններին: Իրանի նշված քաղաքականությունն ԱՄՆ-ի ղեկավարության շրջանում, ըստ էության, հանգեցրել է կատաղության:
Այսօր առավոտյան իր թվիթերյան ուղերձում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է. «Այն պահին, երբ Իրանը դիմակայում էր ահաբեկչական հարձակումներին, որոնք  իրականացվել են ԱՄՆ-ի հետ կապված ու նրա հովանանավորած անձանց կողմից, Սպիտակ տան հաղորդագրությունը և Սենատի նոր շրջափակումները (խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի Սենատի սահմանած նոր պատժամիջոցների մասին է.- Ա. Հ.) նողկալի են:   Իրանի ժողովուրդը այդ կարգի բարեկամությունը չի ընդունում»:
Նշելով, որ բռնատեր ղեկավարները ատում են ժողովրդավարությունը, Իրանի ԱԳ նախարարը գրել է. «Նրանց վարձկանները հարձակվել են ժողովրդավարության կենտրոնի վրա, որին ամենից շատ են ատում»:
Իրանը, սակայն, մտադիր չէ ընկրկել ահաբեկիչների ու նրանց հովանավորներից: Իսլամական հեղափոխության Պահակազորի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին երեկ հայտարարել է, որ «Իրանը վրեժխնդիր է լինելու Թեհրանի ահաբեկչական հարձակման զոհերի համար», ապա հավելել. «Ահաբեկիչները պետք է իմանան, որ Իրանը երբեք չի նահանջելու նրանց դեմ պայքարից»:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի երեկոյան ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, ընդգծել է. «Նման դեպքերը չեն կարող Իրանի ժողովրդի ու պատասխանատուների վճռակամության որևէ խախտում առաջացնել», ապա հավելել. «Իրանի ժողովուրդը հզորությամբ կշարունակի իր շարժումը և դեպի առաջ կշարժվի»:
ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային Ինսթագրամում «Կույր ահաբեկչություն Թեհրանում» վերտառությամբ կատարած իր գրառման մեջ նշել է.
«Ահաբեկիչները բազմիցս փորձել են Իրան ներթափանցել, սակայն ամեն անգամ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ, ձերբակալվել են: Եվ այսօրվա արարքի համար նրանք խստագույն պատիժ են ստանալու»:
       
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play