Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում և Ուկրաինայում (անիմացիոն տեսանյութ).ԻՔՄ


Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում և Ուկրաինայում (անիմացիոն տեսանյութ).ԻՔՄ

  • 08-06-2017 13:37:54   | Հայաստան  |  Կազմակերպություններ



 
Հայաստանում այժմ քննարկվում է հակակոռուպցիոն փոփոխությունների փաթեթը և որպեսզի հասկանանք, թե որքանով է այն թերի, քննարկենք Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը հանրամատչելի անիմացիոն տեսանյութով:
 
Ուկրաինայում պաշտոնյաները, պատգամավորներն ու դատավորները պարտավոր են ներկայացնել մանրամասն հայտարարագրեր, որոնցում պետք է նշվի ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքը, այլ նաև այն ամենը, ինչն այլ անձանց անունով է գրանցված, բայց իրենց կողմից է օգտագործվում:
Այսինքն, եթե Հայաստանում պաշտոնյան կարող է գնել թանկ մեքենա կամ ամառանոց և այն օրինակ զոքանչի անունով գրանցելով, խուսափել դրա հայտարարագրումից, ապա Ուկրաինայում այդ գույքը ևս պետք է հայտարարագրվի, եթե փաստացի օգտագործվում է պաշտոնյայի կողմից: Գույքը չհայտարարագրելու կամ սխալ հայատարարագրելու համար պաշտոնյան կարող է հայտնվել բանտում:
Ավելին, եթե պաշտոնյան սկսի շրջել թանկ մեքենայով կամ ապրել թանկ տանը, որը նույնիսկ եթե իր անունով չի գրանցված և որը չէր կարող գնել իր ազնիվ եկամուտով, ապա նա կարող է հայտնվել բանտում ապօրինի հարստացման հոդվածով:
Ապօրինի հարստացման համար պաշտոնյաներին, դատավորներին ու պատգամավորներին դատելու համար ընդամենը պետք է ապացուցել, որ պաշտոնյան սկսել է փաստացի շատ ավելի լավ ապրել, քան կարող էր թույլ տալ իր աշխատավարձը:
Սակայն, այս ամենի արդյունավետ գործելու համար պետք է իրապես անկախ իրավապահ համակարգ: Ուկրաինայում այդ նպատակով ստեղծվեց Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործերը քննելով, այն ունի թե´ քննչական և թե´ օպերատիվ-հետախուզական լիազորություններ։ Այն անգամ ունի իր հատուկ նշանակության ջոկատը:
Հակակոռուպցիոն բյուրոյի թե´ ղեկավարը և թե´ 200-ից ավել դետեկտիվները նշանակվել են 5-աստիճան մրցույթի արդյունքում, որի հանձնաժողովի կազմում եղել է նաև քաղաքացիական հասարակության, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյի ներկայացուցիչները: 
Իր գոյության մեկուկես տարվա ընթացքում հակակոռուպցիոն բյուրոն դատարան է ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների 65 գործ, որոնցով կոռուպցիոն գործարքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 80 միլիոն դոլար: 
Գործերի մեծ մասը հենց ապօրինի հարստացման հոդվածով է: Պաշտոնյաներին ու դատավորներին գաղտնի հետևելով, գաղտնալսելով և օպերատիվ-հետախուզական այլ միջոցներով դետեկտիվները պարբերաբար գտնում են դեպքեր, երբ պաշտոնյաները այլ անձանց անունով գրված թանկ մեքենաներով են երթևեկում և ապրում են թանկ տներում, որոնք կամ չեն հայտարարագրվել, կամ չէին կարող ձեռք բերվել աշխատավարձով: 
Հայաստանում, սակայն, այժմ քննարկվող հակակառուպցիոն փաթեթով պաշտոնյաները կկարողանան իրենց գույքը գրանցել այլ անձնաց անունով և ֆորմալ առումով չհարստանալ։ Ավելին, Հայստանում չկա ու չի ստեղծվում այնպիսի իրավապահ մարմին, որը կկարողանա իրապես անկախ փաստեր հավաքել ու դատարանի առջև կանգնեցնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ երկրի ղեկավարների հարազատներին:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play