10-րդ ԴիջիԹեքի ընթացքում անդրադարձ կկատարվի 2019 թվականին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին


10-րդ ԴիջիԹեքի ընթացքում անդրադարձ կկատարվի 2019 թվականին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին

  • 08-06-2017 15:06:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հայաստանում անցկացվող 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն անցկացվելու է հունիսի 9-ին,  այս տարի առանձնանալու է 2019 թվականին Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies- WCIT) մեկնարկին և նախապատրաստական աշխատանքներին նվիրված մի շարք ներկայացումներով: 10-րդ ԴիջիԹեքի մասնակիցները կծանոթանան Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համշխարհային ալյանսի (World information Technology and Services Alliance- WITSA) կողմից կազմակերպվող վերոնշյալ համաժողովի բրենդինգին և ընդհանուր հայեցակարգին: 
Ինչպես հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, WCIT-ը WITSA-ի կողմից անցկացվում է 1978 թվականից, իսկ համաողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաններ, միջազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 
«Դեռևս 2014 թվականին ԻՏՁՄ-ն Մեքսիկայում անցկացվող WCIT 2014-ի շրջանակներում մասնակցության հայտ ներկայացրեց և ստանձնեց 2019-ին ՏՏ համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքը, իսկ մեկ տարի անց ՀՀ կառավարության հետ ստորագրվեց համապատասխան համաձայնագիրը»,- ասաց նա` հավելելով, որ 2019 թվականին համաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ՏՏ ոլորտի միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: 
Ա. Եսայանի փոխանցմամբ` մինչ 2019 թվականը, ՏՏ համաժողովներ կանցկացվեն 2017 և 2018 թվականներին համապատասխանաբար Թայվանում և Հնդկաստանում: 
Իր հերթին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ «Խելացի լուծումներ`խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի միակ միջոցառումն է, որը ծառայում է որպես արդյունավետ հարթակ ՏՏ ոլորտի, բիզնես ճյուղերի և կառավարության միջև երկխոսություն սկսելու համար: 
Նրա խոսքերով` միջոցառման նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում, ինչը հաշվի առնելով` ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի 2019 թվականին նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: 
«Մենք ամեն տարի փորձում ենք այս ֆորումը համահունչ դարձնել համաշխարհային տենդենցներին, հետաքրքրացնել, ուստի այս տարի լինելու են քննարկումներ նաև բնապահպանական թեմայով, արևային էներգիայի և այլնի մասին: Կան նաև ռազմարդյունաբերությանն ուղղված քննարկումներ, ներկայացված են տարբեր կազմակերպություններ, որոնք մասնագիտացված են այս ոլորտում, կլինեն նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչները»,- շեշտեց Կ. Վարդանյանը: 
Բիզնես ֆորումի գործընկեր Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիան Կորկոտյանր կիսելով գործընկերների կարծիքը` նշեց, որ այսօր բոլոր ընկերություններն էլ օգտվում են տեղեկատվական տեխնոլոգիաներից, հետևաբար թե ԴիջիԹեք բիզնես ֆորումը, թե ՏՏ համաշխարհային համաժողովը կարևոր դեր ունեն այդ ընկերությունների միջև համագործակցությունը խորացնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու տեսանկյունից:  
Նշվեց, որ 10-րդ ԴիջիԹեքի  օրակարգային թեմաներն են Երևանում 2019 թվականին ՏՏ համաշխարհային հանձնաժողովի կազմակերպչական աշխատանքների մեկնարկը, ՏՏ լուծումները՝ ՀՀ տուրիզմին խթանելու նպատակով, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացումը՝ ՏՏ լուծումների միջոցով, տեխնոլոգիաների ոլորտի և ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրները, և այլն։
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ