Հասարակությունը երիտասարդներին կաշկանդելու փոխարեն պետք է քաջալերի նրանց և հնարավորություն տա ինքնաարտահայտվել (տեսանյութ)
08-06-2017 19:29:41 | Հայաստան | Հասարակություն
Ամեն օր «Նոյյան Տապան»-ը հեռուստակամրջով կապ է հաստատում Հայաստանում և արտերկրում ապրող հայերի միջև: Երևան-Լոս Անջելես ուղիղ կապով հեռարձակվող հաղորդումների ընթացքում բարձրաձայնվում են աշխարհասփյուռ հայությանը հուզող խնդիրները: Հունիսի 8-ի եթերը նվիրված էր հայ երիտասարդներին, նրանց աշխարհահայացքին և ապագայի հետ կապված հեռանկարին: «Նոյյան Տապան»-ի հյուրն այս անգամ ընտանեկան հոգեբան, դասախոս Աննա Բադալյանն էր, ում հետ քննարկվեց հաղորդման գլխավոր թեման. «Ինչպիսի՞ն է այսօրվա հայ երիտասարդությունը»:
Ըստ նրա` անժխտելի փաստ է այն, որ ներկայիս երիտասարդությունը որակապես ավելի լավն է, քան մի քանի տասնամյակ առաջ:
Ա. Բադալյանի խոսքերով` այսօրվա հայ երիտասարդը նպատակասլաց է, պրպտող, համարձակ ու կիրթ:
«Բոլոր երկրներում ու հասարակություններում էլ կա սերունդների պայքարի, աշխատանքի բացակայության, կրթության որակի խնդիրները, սակայն հայ երիտասարդների բացասական դիրքորոշումն ու դժգոհությունը կապված նշյալ խնդիրների հետ, այդքան էլ խորքային չէ»,- նշեց նա:
Անդրադառնալով հասարակության շրջանում տարածված այն կարծիքին, թե հայ երիտասարդությունն օտարամոլ է` հոգեբանը շեշտեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ նման երիտասարդություն ունենալու պարագայում հայ ազգն այսօր պարզապես իր տեսակը չէր կարողանա պահպանել:
Նրա վստահեցմամբ` հայ երիտասարդն այսօր ավելի հետաքրքիր է, քան 10 տարի առաջ, որովհետև կարողանում է վերցնել այլ հասարակությունից նորը, ինտեգրել իր ազգային առանձնահատկություններին` ստեղծելով յուրահատուկ տեսակ ու կերպար:
Որպես կոչ և ուղերձ` հաղորդման ավարտին հնչեց այն միտքը, որ երիտասարդների կայացման գործում մեծ դեր ունի հենց հասարակությունը, հետևաբար երիտասարդներին կաշկանդելու փոխարեն պետք է նրանց քաջալերել և հնարավորություն տալ ինքնաարտահայտվել: