Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հասարակական դիմում-պահանջն արձակուրդներից հետո տեղափոխվելու է օրենքի դաշտ (տեսագրություն)


Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հասարակական դիմում-պահանջն արձակուրդներից հետո տեղափոխվելու է օրենքի դաշտ (տեսագրություն)

  • 12-06-2017 14:53:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հասարակական դիմում-պահանջն արձակուրդներից հետո տեղափոխվելու է օրենքի դաշտ։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր նախորդ տարի վերոնշյալ հարցի կապակցությամբ մայրաքաղաքում ստորագրահավաք էին իրականացրել։ 
Ըստ նախաձեռնության անդամ, մանկավարժ Լևոն Զաքարյանի՝ մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը համարվող Լենինգրադյան փողոցն Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելուն կողմ են արտահայտվել 8932 չափահաս երևանցիներ, ովքեր միացել են անցկացված ստորագրահավաքին։ 
«Քանի որ նմանատիպ հարցերը բանավոր կարգով չեն լուծվում, այլ կա որոշակի ընթացակարգ, ուստի մենք պատշաճ կերպով այն պահպանել ենք։ Ըստ կարգի՝ պետք է Երևանի քաղաքապետարան դիմում ներկայացվեր, դրա հետ միասին ստորագրությունները և այն հիիմնավորումները, թե ինչու ենք ցանկանում, որպեսզի Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչվի»,- ասաց Լ․ Զաքարյանը՝ հավելելով, որ փետրվար ամսին նշյալ հարցի կապակցությամբ նաև հանդիպում են ունեցել քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի հետ։ 
Բանախոսի փոխանցմամբ՝ Գ․ Բաղդասարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական է տրամադրված վերոնշյալ հարցի նկատմամբ և դրան  համապատասխան ընթացք կտրվի։   
«Այն ժամանակ մեզ ասացին, որ նշյալ հարցը Երևանի ավագանու նիստի քննարկմանը կդրվի չորս ամիս անց, բայց եկեք այսօր փաստենք, որ հարցը չդրվեց ավագանու նիստի քննարկմանը, իսկ ավագանու անդամները շուտով արձակուրդ են գնալու, ստացվում է, որ Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց ունենալու հասարակական պահանջի քննարկումը տեղափոխվելու է սեպտեմբեր ամիս»,- նշեց Լ․ Զաքարյանը՝ ընդգծելով, որ եթե սեպտեմբերին դարձյալ այդ հարցի քննարկումը ձգձգվի, ապա իրենքը հարցի լուծումը փորձելու են ստանալ իրավական դաշտում։ 
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ, հոգեբան Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից ոչ պատշաճ արձագանքն այս հասարակական պահանջին պայմանավորված է նրանով, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ մոռացության մատնել ազգային հերոսներին։ 
Ըստ նրա, եթե Լեոնիդ Ազգալդյան անունով հերոսն արժևորվեր պատկան մարմինների կողմից, ապա ի սկզբանե նախաձեռնությունը կդիտարկվեր որպես կարևոր նախագիծ և անմիջապես կդրվեր ավագանու նիստի քննարկմանը։ 
«Չգիտես ինչու, բայց մեկ օրում կարող է Արամ Ասատրյանի անունով փողոց ունենալու մասին բարձրաձայնվի, դրվի քննարկման ու հաջորդ օրը փողոց անվանակոչվի, իսկ Լ․ Ազգալդյանի անվամբ փողոց ունենալու հարցն այսպես ձգձգվի, նաև Մոնթե Մելքոնյանի անունով փողոց ունենալու հարցն է առկախված, այստեղից ես եզրակացնում եմ, որ դրված է ազգային հերոսներին մոռացության մատնելու խնդիր․ պատկան մարմինները չեն ուզում, որպեսզի նոր սերունդը կարողանա համեմատել ազգային հերոս ասվածն այսօրվա ինքնակոչ հերոսների հետ»,- ընդգծեց Ս․ Հովսեփյանը։  
Ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ իրենք հետևողականորեն բարձրաձայնելու են իրենց պահանջ դիմումի մասին այնքան ժամանակ, մինչև որ կհասնեն ցանկալի արդյունքի։  
Նախառձեռնության անդամները որոշակի հույսեր են կապում «ԵԼՔ»  դաշինքի կողմից ավագանի ընտրված անդամների հետ, քանի որ այդ դաշինքն իր նախընտրական ծրագրում ևս ընդգրկել էր Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչել կետը։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն