ԱՄՆ-ը Սիրիային ու Ռուսաստանին սադրում է բախման. մանրամասներ չհայտարարված պատերազմից (տեսանյութ և ֆոտոշարք)


ԱՄՆ-ը Սիրիային ու Ռուսաստանին սադրում է բախման. մանրամասներ չհայտարարված պատերազմից (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 12-06-2017 21:59:20   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Հնդկաստանի WION հեռուստաընկերությանը հունիսի 4-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է. «Վստահ եմ. որ ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել, եթե իհարկե, արևմտյան երկրները և նրանց դաշնակիցները չաջակցեն ահաբեկիչներին»:
Ինչի՞ վրա են հիմնված Սիրիայի նախագահի լավատեսությունը ու, դրա հետ միաժամանակ կատարած վերապահումը` եթե…
Հայտարարելով, որ ամենաբարդ օրերը թիկունքում ենք թողել, Բաշար Ասադը նկատի ունի այն իրողությունը, որ Սիրիայի զինված ուժերը և իր ղեկավարած երկրի դաշնակիցները երկրում հիմնականում իրենց ձեռքն են վերցրել վերահսկողությունը:
«Հալեպի ազատագրման արդյունքում, ԻԼԻՊ-ն ամբողջությամբ պարտվել է և տարածքի վերահսկողությունն անցել է սիրիական ուժերի ձեռքը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Բաշար Ասադի հավաստմամբ, իրավիճակը Սիրիայում նկատելիորեն բարելավվել է, քանի որ ահաբեկչական խմբավորումները, հիմնականում ԻԼԻՊ-ը և  «Ան Նուսրան» նահանջում են, նրանց հսկողության ներքո եղած տարածքները նվազում են։
«Այսպիսով դաշտային իրավիճակը ռազմական տեսակետից հիմա շատ ավելի լավ է, քան նախկինում»,- ասել է Սիրիայի նախագահը:
Այնուհանդերձ, Սիրիայի նախագահը նշել է նաև, որ Սիրիայում իրավիճակի ամբողջական պատկերը պայմանավորված է ոչ միայն ռազմական գործողություններով, այլև ահաբեկչական խմբավորումներին այլ երկրների կողմից աջակցությամբ և այլ գործոններով։
Բաշար Ասադը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքի մի քանի երկրներ, նրանց թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իրենց քաղաքական նպատականերն իրականացնելու համար սատարում են ահաբեկիչներին: Ըստ Ասադի, հիշյալ աջակցությունը խոսում է «նոր դարաշրջանի» սկսվելու մասին, երբ հնարավոր է ահաբեկչության օգտագործումը քաղաքական նպատակների հասնելու համար։
Սիրիայի նախագահի կատարած վերոնշյալ վերապահումը միանգամայն հիմնավոր է, այդ մասին են վկայում փաստերը: Բաշար Ասադի տված այս հարցազրույցից ընդամենը երկու օր առաջ` հունիսի 2-ին, ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գործող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից, չնայած ավելի վաղ նման հարձակումների առնչությամբ Սիրիայի կառավարության և մարդու իրավունքների պաշտպան կառույցների բողոքին, հերթական ավիահարվածն է հասցվել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի բնակելի տարածքներին, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Նույն օրը օրը կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հարձակվել և ոչնչացրել են Ռաքքայի «Ալ-Մովասահ» հիվանդանոցը: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի «Ալ-Ախբարի» հեռուստատեսությունը: Դրա նախօրեին ևս 7 մարդ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Ռաքքայի Ալ-Ջամե և Ալ-Ղադիմ շրջանի վրա իրականացված հարձակման հետևանքով: ԱՄՆ-ի կործանիչներն ավելի վաղ ևս հարվածել են Ռաքքային, հարձակման զոհերի մեծ մասը նույնպես խաղաղ քաղաքացիներ են եղել: 
Հնդկաստանի WION հեռուստաընկերությանը Ասադի տված հարցազրույցի հենց հաջորդ օրը` հունիսի 5-ին, ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կողմից Ռաքքայի վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել են 21 խաղաղ քաղաքացիներ: Այս մասին նույն օրվա գիշերը հայտարարել է Լոնդոնում հաստատված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդ կենտրոնը: Հիշյալ կենտրոնի տնօրեն Ռամի Աբդոլռահմանը, ԻՌՆԱ-ի լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է. «Կոալիցիայի հարձակման ժամանակ զոհված խաղաղ քաղաքացիները խմբված են եղել մի գետի հյուսիսային ափին` Ռաքքայի հարավային տարածքներից հեռանալու նպատակով», ապա նշել. «Քանի որ այս հարձակման վիրավորներից շատերի վիճակը ծանր է հայտարարվել, նախատեսվում է, որ զոհերի թիվը հավելում կկրի»:
Սիրիայիի խաղաղ քաղաքացիների դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի նշված հարձակումն իրականացվել է Միացյալ Նահանգների բանակի նոր զեկույցի հրապարակումից մի քանի օր հետո, որով ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ 2014 թվականից ի վեր Սիրիայում ու Իրաքում կոալիցիայի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել են 484 սիրիացի և իրաքցի խաղաղ քաղաքացիներ: Սակայն, այս տվյալը Սիրիայում և Իրաքում նվազեցված ու կեղծ է համարվում: Ըստ «Էյրվարզ» խմբի ուսումնասիրության, Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել են շուրջ 3000 խաղաղ քաղաքացիներ: Վերջին տարիներին ԱՄՆ-ը Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով թիրախ է դարձրել նաև խաղաղ քաղաքացիներին: Հունիսի 9-ին նոր տեղեկություններ հրապարակվեցին կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայի խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Սիրիայի կառավարական ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Ռաքքայի Մաֆրակել-Ջիզրա շրջանում հասված ավիահարվածի հետևանքով զոհվել են 14 խաղաղ բնակիչներ, տուժել բազմաթիվ քաղաքացիներ:
Կոալիցիան զուգահեռաբար հարվածում է նաև Սիրիայի կառավարական ուժերին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի գլխավորությամբ «հակաահաբեկչական» կոչված միջազգային կոալիցիան հունիսի 6-ին Սիրիայի հարավում հարվածել է «Իսլամական պետություն» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարող Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանմանը: Միացյալ Նահանգները և կոալիցիան իրենց այդ քայլով, ըստ էության, պաշտպանել են ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի բանակի զորասյան հարվածներից ու շունչ քաշելու հնարավորություն տվել նրանց: Հարվածի հետևանքով ոչնչացվել են հրետանային և հակաօդային պաշտպանության մի քանի միջոցներ, վնաս է պատճառվել տանկին, ըստ ամերիկյան աղբյուրների, առնվազն 60 հոգի զոհվել ու վիրավորվել է: Իրանի ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի ուժայիններից զոհվել են 2-ը, 15-ը վիրավորվել:
Եվս մեկ ավիահարված հասցվել է մայիսի 18-ին Ալ-Թանֆ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող ապառազմականացված գոտու սահմանից դուրս գործող Սիրիայի ու նրա դաշնակիցների ուժերի վրա, որի հետևանքով զոհվել են մի քանի սիրիացի մարտիկներ:
Իր հերթին, Սիրիայում գտնվող ռուսական ավիացիան անցյալ ամսվա վերջերին ոչնչացրել է «Իսլամական պետության» այն մարտիկների հիմնական մասին, որոնք փորձել են ԱՄՆ-ի և կոալիցիայի աջակցությունն ունեցող, Ասադի վարչակարգին ընդդիմադիր «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի կողմից գրավվող Ռաքքայից տեղափոխվել Պալմիրա: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, պարզվել է, որ «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ից քրդերը և «Իսլամական պետության» մարտիկները պայմանավորվել են, որ ահաբեկիչները Ռաքքայից «հարավային միջանցք» կբացեն, որով քաղաքից դուրս կգան դեպի Պալմիրայի շրջան: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները մայիսի 25-ին ոչնչացրել են դեպի Պալմիրա շարժվող ու խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված, զենք-զինամթերքով բարձված 40 պիկապներից 32-ը, լիկվիդացրել ահաբեկիչներից ավելի քան 120-ին:
Սիրիայի բանակի զորասյան վրա անցյալ երեքշաբթի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների հարձակումից հետո Ռուսաստանը նշված հարձակումների կրկնության պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է արտահերթ նիստ գումարել:
«Zvezda» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը գրել է. «Մոսկվան պահանջում է ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում ՝ Սիրիայի բանակի վրա ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակման հարցը հետաքննելու համար»:
Ֆրանց Կլինցևիչի հավաստմամբ, «Ամերիկյան կոալիցիայի քայլը փաստորեն համարվում է ահաբեկիչներին աջակցություն, որի դեմ պայքարում է Սիրիայի բանակը, և թիրախավորելով սիրիացի խաղաղ բնակիչներին, թուլացնում է հակաահաբեկչական պայքարը»:
Վերոնշյալ պահանջից գրեթե անմիջապես հետո, հունիսի 8-ի երեկոյան կոալիցիայի ավիացիան Ալ-Թանֆ քաղաքի շրջանում դարձյալ ավիահարվածն է հասցրել Բաշար Ասադին աջակցող զորքերին: Ըստ էության, այս ամենն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների չհայտարարված պատերազմն են Սիրիայի ու նրա ժողովրդի հանդեպ:
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի օպերատիվ կենտրոնական վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հունիսի 9-ին հայտարարել է. «ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գտնվող, այսպես կոչված, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան արգելում է Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը», ապա հավելել. «Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծելով Սիրիայի բանակի դիրքերը, ձգտում են հզորացնել ահաբեկիչներին»:
Պաշտոնական հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ն ու նրա արևմտյան և արաբ դաշնակիցները համարվում են ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ստեղծման գլխավոր հեղինակները, ինչպես նաև ֆինանսական ու սպառազինման առումով հովանավորները:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը ձեռքի տակ ունենալով բավարար ապացույցներ, անցյալ շաբաթավերջին հաստատեց, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ «միջազգային կոալիցիան» դավադիր գործարքի մեջ է մտել «Իսլամական պետության» հետ: Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, հիշյալ կոալիցիան իր գործողություններով «Իսլամական պետությանն» օգնում է ամրապնդվել Պալմիրայի և Դեյր Էզ Զորի շրջակա տարածքներում: Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նաև, որ ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պայքարի արդյունքն իրենք չեն տեսնում, և որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն իր նպատակ հռչակելով, կոալիցիան հարվածներ է հասցնում սիրիական զորքերին, շրջապատման տարածքից ԻԼԻՊ-ի մարտիկներին թողնում է ազատորեն դուրս գալ և ամրապնդվել Պալմիրայի և Դեյր Էզ Զորի շրջաններ:
 Ասադին աջակցելու և Սիրիայում ի վնաս այդ երկրի իշխանության ու նրա դաշնակիցների բեկում թույլ չտալու համար, Ռուսաստանը Միջերկրական ծով է գործուղել 15 ռազմանավեր: Սիրիայի «Ալան» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Սև ծովում տեղակայված Ռուսաստանի նավատորմի տեղեկատվական կենտրոնը:
Իր հերթին, անցած ուրբաթ Սիրիայի զինված ուժերի իրականացրած գործողությունների շնորհիվ  կտրվել են ԻԼԻՊ-ի մատակարարման ուղիները: Այս մասին, հղում կատարելով Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության վրա, տեղեկացրել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հունիսի 9-ին  ավարտին է հասցրել սիրիական անապատի ազատագրման առաջին և կարևորագույն փուլը՝ գրավելով ռազմավարական նշանակալի դիրքեր և հասնելով մինչև Թանաֆ շրջանի հյուսիս-արևելք , ապա նաև՝ Իրաքի սահման: Սիրիական բանակին հաջողվել է անապատի 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքն ազատագրել ահաբեկչական խմբավորումներից:
Սիրիայի բանակի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է. «Այս հաջողությունը ռազմավարական իրադարձություն է համարվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այս գործողությունների արդյունքում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի հարյուրավոր ահաբեկիչներ և կտրվել են այդ խմբավորման մատակարարման ուղիները»:
Սիրիական բանակի հրամանատարությունը ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիային հերթական անգամ զգուշացրել է ոտնձգությունների և բանակի առաջխաղացումը կանխելուն ուղղված փորձերի հետևանքների  կապակցությամբ: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play