ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիներից գանձված 1000 դրամները հետ վերադարձնելու պահանջով դիմել են դատարան (տեսանյութ)


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիներից գանձված 1000 դրամները հետ վերադարձնելու պահանջով դիմել են դատարան (տեսանյութ)

  • 14-06-2017 14:48:27   | Հայաստան  |  Իրավունք



 
Աշխատող քաղաքացիներից 2017 թվականի հունվարից գանձված 1000 դրամները հետ վերադարձնելու պահանջով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ունեն բոլոր հիմնավորումները՝ ապացուցելու համար, որ «1000 դրամների» օրենքը ոչ միայն անհիմն է, այլև համարվում է ոտնձգություն քաղաքացիների սեփականության, մասնավորապես, աշխատավարձի նկատմամբ։ 
Ինչպես հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որը հանրության շրջանում ընդունված է անվանել «1000 դրամների» մասին օրենք, հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասին։ 
Ըստ նրա` պետությունը սահմանելով 1000 դրամ պարտադիր վճար, միաժամանակ չի պահպանում օրենքի նորմը, քանի որ համապատասխան օրենքով նախատեսված վճարի դեպքում քաղաքացու օգտին իրավական նշանակություն ունեցող գործողություն պետք է կատարվի, ինչն այս դեպքում չի արվում: 
«Մենք ասում ենք, եթե դու վճար ես սահմանում և իմ աշխատավարձից հարկադրաբար գանձում ես կատարում, ապա դրա դիմաց իրավաբանական օգնություն մեզ չես տրամադրում. Գտնում ենք, որ թեկուզ այս վճարն օրենքով է սահմանված, սակայն այն իրավական չէ»,- նշեց  Ա. Սաքունցը` պետության գործողությունները որակելով որպես անհիմն հարստացում: 
Իրավապաշտպանի խոսքերով` մայիսի 22-ի թվագրմամբ  ստացվել է պատասխանող կողմի` ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հայցադիմումի պատասախանը, որում բացարձակապես որևէ էական հիմնավորում չի ներկայացվել, որը կհերքեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումը: 
Անդրադառնալով բուն օրենքին` Ա. Սաքունցն ընդգծեց, որ նման օրենք ընդհանրապես չէր կարող ընդունվել: 
«Այն, որ պետությունը պոզիտիվ պարտականություններ ունի իր քաղաքացիների առողջության և կյանքի համար, այդ թվում զինծառայողների, բացարձակ ճշմարտություն է, բայց այն եղանակը, որով փորձում են լուծել այս հարցն անօրինական է, ավելին` ֆինանսական միջոցների սղության պատճառով հակաիրավական ճանապարհով քաղաքացիներից գումարներ գանձելն անթույլատրելի է»,- փաստեց բանախոսը` շեշտելով, որ ըստ էության «1000 դրամների մասին» օրենքը հարկատեսակ է: 
Իրավապաշտպանի գնահատմամբ` նշայլ օրենքը բնակչության մասայական կողոպուտ է և չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին, ավելին` այն տիպիկ բռնապետական մեթոդ է, որը կիրառվում է իշխանությունների անգործության հետևանքները` սուղ ֆինանսական միջոցների բացը լրացնելու համար:
Ա. Սաքունցի փոխանցմամբ` առաջին նիստը նշանակվել է հուլիսի 12-ին ժամը 14:30-ին: Եթե վարչական դատարանը չբավարարի վերոնշյալ հայցադիմումը, ապա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դիմելու են  Սահմանադրական  դատարան, նաև զուգահեռաբար Եվրոպական դատարան` սեփականության իրավունքի խախտման փաստի հիմքով: 
«Բարոյականության անվան տակ անբորայականությունը թաքցնելու հետ մենք չենք կարող հաշտվել»,- եզրափակեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք