Ներկայացվել են էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը


Ներկայացվել են էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը

  • 14-06-2017 17:24:27   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 14-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրեր։ 
-Մենք պատրաստել ենք մի շարք ներդրումային ծրագրեր և այս պահին կցանկանայի ներկայացնել դրանցից երկուսը,-նշել է նախարարը՝ միաժամանակ ընգծելով, որ դրանով ներդրումային ծրագրերը չեն սահմանափակվի։ 
ԱՄՆ դեսպանին են ներկայացվել մասնավորապես «Շնող» հիդրոկայանի և Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ջերմային կայանի կառուցման ծրագրերը։ 
 
«Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։ 
-Ծրագրի իրականացումը թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը։ Այն նաև հնարավորություն կընձեռի Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար,-ասել է Աշոտ Մանուկյանը։ 
Անդրադառնալով Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրին՝ նախարարն առանձնացրել է վերջինիս ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակությունը՝ հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով։ 
Ողջունելով ներկայացված նախանախաձեռնությունը՝  Ռիչարդ Միլզը ընդգծել է ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ամերիկյան ընկերություններին։ 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն