Սերժ Սարգսյանը ցրում է իշխանությունը


Սերժ Սարգսյանը ցրում է իշխանությունը

  • 14-06-2017 18:12:08   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը նոր թիրախ է ստեղծում, ի դեմս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի:
 
Այդ թիրախի բուն առաքելությունը կլինի հարվածների մի ստվար չափաբաժին իր վրա ընդունելը: Դա կարեւոր է ներիշխանական վերադասավորումների գործընթացի նոր փուլի համար, որ թեւակոխել է համակարգը: Այդ փուլը բնորոշվում է 2018-ի խնդրով, սակայն ամենայն հավանականությամբ աշխատանքային ռեժիմը փոխվում է, եւ համակարգն աշխատում է արդեն ավելի երկարաժամկետ ռեժիմով: Իշխանության ներսում որեւէ մեկը այդպես էլ ունակ չեղավ մինչեւ 2018 թվականը մյուսին հաղթելու: Այսինքն, ներիշխանական մրցամարտը չի ավարտվի նոկաուտով կամ նոկդաունով, կլինեն շատ ռաունդներ:
Իսկ այդ դեպքում Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտ են շատ բեւեռներ եւ շատ թիրախներ: Մի կողմից, որքան շատ ազդեցության բեւեռներ, այնքան մեծ անհրաժեշտություն՝ համակարգել դրանք: Իսկ դա կնշանակի Սերժ Սարգսյանի պահանջարկ, որովհետեւ գոնե մի քանի տարի նրանից բացի հազիվ թե որեւէ այլ ուժ ունակ լինի համակարգել մեծ քանակությամբ ազդեցության սուբյեկտների: Սերժ Սարգսյանը հենց այդ նպատակով էլ ապակենտրոնացնում է, այսպես ասած ցրում է իշխանությունը, բաժանում որքան հնարավոր է շատ մասերի:
Այդ դեպքում, եթե անգամ նա չի կարողանում նշանակել իր վարչապետին, «օտար» վարչապետը միեւնույն է չի կարող առնվազն տեւական ժամանակ վերահսկողություն սահմանել մեծ թվով ազդեցության գոտիների վրա, եթե կարող է երբեւէ սահմանել ընդհանրապես:
Միեւնույն ժամանակ, որքան շատ գոտի, սուբյեկտ, բեւեռ, այդքան շատ թիրախ: Որքան շատ են թիրախները, այնքան քիչ կլինի կենտրոնացումը Սերժ Սարգսյանի վրա:
Վերջին երկու-երեք օրերին Սերժ Սարգսյանը ստեղծեց այդպիսի մի քանի բեւեռ եւ թիրախ միաժամանակ. կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին, այդ մարմնի հանդեպ լոյալ եւ դրանում այսպես ասած դեր ստացող ընդդիմություն՝ ԵԼՔ, եւ նաեւ Տարոն Մարգարյան, ընդ որում բավական լուրջ՝ քառամյա հեռանկարով:
Առնվազն տարօրինակ է, երբ Մարգարյանը դեռ քաղաքապետի հերթական ժամկետը չսկսած, Սերժ Սարգսյանը նրա երդման արարողությանն արդեն խոսում է հաջորդ ժամկետի համար ավելի շատ ձայն հավաքելու եւ կրկին քաղաքապետ մնալու մասին: Նա միաժամանակ հայտարարում է, որ Տարոն Մարգարյանը Երեւանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է:
Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես բազմիմաստ է, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ն խորհրդարանի ընտրությանը համենայն դեպս ֆորմալ առումով միաձնյա հաղթանակ ձեւակերպել է Կարեն Կարապետյանի աներեւակայելի բարձր վարկանիշով՝ մոտ 80 տոկոս:
Այժմ Սարգսյանը հայտարարում է, որ Տարոն Մարգարյանը Երեւանում ամենաբարձր վարկանիշ ունեցողն է եւ պետք է ավելի բարձրացնի այն: Տարոն Մարգարյանը քաղաքապետ դարձավ մոտ 60 տոկոսով: Նշանակու՞մ է դա, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի կեսը հանդիսացող Երեւանում չունի այդքան վարկանիշ, կամ արդեն չունի:
Մի կողմից թվում է, որ Սերժ Սարգսյանը կարող է նկատի ունենալ մրցակիցների շրջանում ամենամեծ վարկանիշ ունեցողը, բայց Սերժ Սարգսյանը համենայն դեպս կես բառով անգամ չի նշմարել շրջանակը, հետեւաբար խոսքը վերաբերում է ընդհանրապես վարկանիշին:
Իսկ Մարգարյանին Երեւանում ամենաբարձր վարկանիշով գործիչ հռչակելը նշանակում է, որ նա գերազանցում է նաեւ Կարեն Կարապետյանին: Համենայն դեպս հայտնի կեսկատակ պատմության օրինակով, երբ դերձակների փողոցում ամեն մեկը փակցնում է իր գովազդը՝ մեկը պետության լավագույն դերձակ, մյուսը քաղաքի լավագույն դերձակ, իսկ երրորդն էլ՝ փողոցի լավագույն դերձակ:
Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հռչակում է «քաղաքի լավագույն դերձակ»: Թե ով է լինելու «փողոցի լավագույն դերձակը», այսինքն նոր բեւեռն ու թիրախը, դա ժամանակի հարց է: Գիշերն, ինչպես ասում են երկար է լինելու, դեռ շատ փայտեր պետք կգան Սարգսյանին կրակը թեժ պահելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն