Եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա.Արկադի Տեր-Թադևոսյան


Եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա.Արկադի Տեր-Թադևոսյան

  • 14-06-2017 18:11:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

 

Պարոն Տեր-Թադևոսյան, «Միջազգային ճգնաժամային խումբը» չի բացառել ԼՂ հակամարտության գոտում պատերազմի բռնկումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հնարավոր իրավիճակի սրում և պատերազմի վերսկսում ներկա փուլում, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին։

 

Սահմանին իրավիճակի սրումը միշտ ծրագրավորված է Ադրբեջանում պետական մակարդակով, որովհետև նրանք իրենց ժողովրդին քարոզում են, որ լարվածություն պետք է լինի, կռիվ պետք է լինի։ Իսկ մենք պետք է հասկանանք, թե ինչպես հզորացնենք մեր պետությունը, որպեսզի Ադրբեջանը ոչ մի անգամ չհամարձակվի հարձակվել։ Մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, մեր շտաբի օպերատիվ խումբն ասել է, թե որտեղ պետք է խփենք, ինչ պետք է խփենք և ինչպես։ Ես միշտ ասել եմ, որ եթե Ադրբեջանը Հայաստանին հարվածի, կտուժի միայն ժողովուրդը, քանի որ մենք չունենք այնպիսի օբյեկտներ, ինչպիսին ունի Ադրբեջանը։ Իսկ եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա, քանի որ միայն Բաքվի շուրջը կան նավթարդյունահանման այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը միլիոնավոր դոլարների վնաս կտա Ադրբեջանին։ Դրա համար էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել մեզ վրա, բայց սահմանին լարվածություն միշտ ստեղծելու է։

 

Կրկին Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Հայաստան, Ադրբեջան ու Արցախ։ Այդ այցերն ի՞նչ են տալիս մեզ և ընդհանրապես խնդրի կարգավորմանը։

 

Իրենց նպատակն է չեզոքություն պահպանել և լարվածության մեղքը կողմերից մեկի վրա չդնել։ Բոլորս էլ գիտենք, որ սահմանին լարվածության հեղինակը 90 տոկոսով Ադրբեջանն է, բայց նրանք 50/50 տարբերակն են ընտրում, փորձում են մնալ չեզոք։ Նրանց նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր գտնեն, իսկ իրենք միայն աջակցեն, բայց Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող խնդրի կարգավորմանն ուղղված քայլեր գտնել, որովհետև Ադրբեջանը նպատակ ունի Երևանը նույնպես գրավել։ Երբ համանախագահները գնացին Բաքու, այդ օրը Ադրբեջանն ավելի շատ կրակեց։ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի զգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ և շարունակում է կրակել սահմանին՝ խախտելով միջազգային նորմերը։ Ադրբեջանի վրա, ինչպես տեսնում եք, ոչ ոք չի կարողանում ազդել, և իր հարստությունը  իրեն թույլ է տալիս իրեն այդպես լկտի պահելու, ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում։

 

ԱԺ-ի անդրանիկ նիստում Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձավ Արցախի խնդրին, հիշատակելով Կազանյան փաստաթուղթը։ Ձեզ համար ընդունելի՞ են այդ փաստաթղթի դրույթները։ Արդյոք պատրա՞ստ ենք տարածքներ զիջելու։

 

Ես տարածքների հանձնման մասին բարձրաձայնումներ մեր պետության մեջ չեմ լսել, բայց խոսակցություններ են ընթանում, բոլորը դա են ուզում, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ցանկանում է, որ մենք գնանք զիջումների, և դրա շուրջ է գնում խոսակցությունները։ Բայց հասկանում եք չէ՞, որ զիջելով մեկ տարածք, հետո մենք զիջելու ենք Ղարաբաղը, հետո Հայաստանը։ Հիմա մենք ունենք մեր սահմանները, և թշնամուն հանձնելը դրանք ես չեմ հասկանում։ Ինչ ասես, որ չեն գրում, բայց մենք դեռ այդ փաստաթուղթը չունենք, Լավրովն էլ էր խոսում այդ մասին, բայց ես չեմ հասկանում զիջման մասին խոսակցությունները։ Մենք ինչպե՞ս կարող ենք զիջել մեր սահմանները, որոնցով կարողանում ենք մեզ պաշտպանել։ Մենք այդ տարածքները, դիրքերն ունենք, որոնցով միշտ կարողանում ենք պաշտպանել Հայաստանն ու Ղարաբաղը։ Հենց մի կտոր տվեցինք, կլինի դոմինոյի սկզբունքով՝ սա կհանձնվի, նա կհանձնվի, հետո մյուսը։

 

Իսկ ինչպե՞ս հասնել խաղաղության։

 

Նայեք մեր պատմությանը և կտեսնեք, որ կան կոնկրետ մարդիկ, որ այսօրվա իրավիճակին են հասցրել և հիմա կողքից նայում են և քննադատում։ Իսկ լավ գիտեք, թե ինչ է, կոնկրետ մարդիկ կան, որ այս իրավիճակին հասցրել են։ Մենք ամբողջը թուրքերի և ադրբեջանցիների վրա ենք գցում, բայց այդ մարդիկ մեր իրականության մեջ են, մեզ հետ ապրում են, գնում են փաստաթուղթ են ստորագրում, դնում մեր դիմաց։ Չորս փաստաթուղթ կա, որ Հայաստանից երկու հոգի են ստորագրել։ Գնացեք իրենցից հարցրեք։ Մի խումբ էլ կա Ղարաբաղում, 91-ին գնացին Բաքու խաղաղություն հաստատելու։ Նրանց անունները, ազգանունները տվեք, և իրենցից հարցրեք, թե ինչու են այս օրին հասցրել, թե երբ պետք է խաղաղությունը լինի։ Հետաքրքիր ժողովուրդ ունենք, մենք գիտենք այդ հանցագործներին, ձայն չենք հանում, լավ բաները իրենց վրա ենք գրում, վատ բաները՝ ուրիշի։ Ամեն ինչ այնպես են խառնել իրար, կոմպոտ սարքել, որ դժվար թե այս կոմպոտից դուրս գանք։ Ինչպես ասում են՝ սա զինվորականների գործը չէ, սա քաղաքական գործիչների, դիվանագետների գործն է։ Եվ թող նրանք պատասխանեն՝ ինչպես են հասնելու խաղաղության։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play