Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ


Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ

  • 14-06-2017 22:53:56   | Հայաստան  |  Հասարակություն



Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու դեպքում առաջանալու է թթվային դրենաժ, որի կառավարումն անվերահսկելի է: Ստորգետնյա ջրերին խառնվելու դեպքում մի կողմից գետերը թթվայնանալու են, մյուս կողմից այն լուրջ վտանգ է ներկայացնում ստորգետնյա թունելի համար, որով ջուրը պետք է մատակարարվի Սպանդարյանի ջրամբարից Կետչուտի ջրամբար, որպեսզի հետո այնտեղից հասցվի Սևանա լիճ: Այս մասին հունիսի 14-ին Երևան-Լոս Անջելես հեռուստակամրջով «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում նշեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը` անդրադառնալով «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմային: 
 
Ըստ նրա, Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը միջազգային մեկ այլ կազմակերպության պատվիրել է  թթվային դրենաժի հետ կապված ուսումնասիրություն կատարել, որը, սակայն, անգլերեն լեզվով է և, իր տպավորությամբ, ընդհանրապես չի ներկայացվել ՀՀ կառավարությանը, բնապահպանության նախարարությանը: 
 
«Այդ ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) հայերեն թարգմանությունները, որոնք բաժանավել էին հասարական լսումների համար և կան նախարարությունում, հավասարազոր չեն անգլերեն տարբերակին: Տարբեր հարցազրույցներում ես խոսել եմ այդ անհամապատասխանությունների մասին, սակայն ինձ մեղադրեցին անտեղյակության մեջ: Ստիպված դիմեցի նախարարություն և խնդրեցի ծանոթանալ այն թղթերի հետ, որոնք ներկայացվել էին նախարարություն»,- նշեց Արմեն Սաղաթելյանը և հավելեց, որ վերոնշյալ փաստաթղթերին ծանոթանալուց հետո եկել է այն եզրակացության, որ այդ ՇՄԱԳ-ը մշակողը տեղ-տեղ նշմարել է վտանգները` միաժամանակ չհստակեցնելով թվային և ծավալային բնորոշումները: 
 
Մասնագետի խոսքերով` հանքավայրը սուլֆիդային է և այնտեղ շատ լուրջ թթվայնացման ներուժ կա, հետևաբար հանքի շահագործման դեպքում թթու ջերերը շփվելով Սպանդարյանի ջրամբարից Կետչուտի ջրամբար ձգվող ստորգետնյա թունելի հետ, կհանգեցնեն թունելի քայքայմանը և փլուզմանը.
«Այսօր մենք ունենք մի փունջ հարցեր, որոնց պատասխաները կամ չկան, կամ լրացվում են»,- ընդգծեց գիտնականը:
 
«Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ բացի թթվային դրենաժի վտանգից, մեծ է նաև հանքերի շահագործման ընթացքում առաջացող, ծանր ու թունավոր մետաղներ պարունակող փոշու տարածման վտանգը քամիների միջոցով, շրջակա միջավայրի թունավորումը կամ աղտոտումն այդ փոշով: 
 
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք մի տարածքի հետ, որտեղ քամիների արագությունը բավականին մեծ է,- ասաց Լևոն Գալստյանը:- Սա նշանակում է, որ Ամուլսարի հանքավայրում առկա կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, մոլիբդենը, ուրանը փոշու տեսքով տարածվելու են տարածաշրջանի վրա, հետո մակերևութային ջրերի միջոցով աղտոտելու են հսկայական տարածքներ»:
 
Երևան-Լոս-Անջելես հեռուստակամրջով «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ից քննարկմանը միացած քիմիկոս- ինժեներ, արդյունաբերական ջրերի մաքրման տեխնոլոգիաների մասնագետ, տվյալ բնագավառում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող Հարութ Բրոնոզյանը նշեց, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունն ամերիկյան է և գրանցված է օֆշորում: Նա ընդգծեց, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունն անփորձ է.
«Զարմանալի է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները թույլ տալիս նման կարևոր շրջանում անփորձ ընկերությանը հանք շահագործել, սրա հետևում մենք տեսնում ենք հինգ տարբեր հայազգի ներդրողների, որոնք մասնակցում են այս ծրագրին»,- ասաց Հարութ Բրոնոզյանը: 
 
Էլիզա Զախարյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն