Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները


Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

  • 15-06-2017 15:39:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության  լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման: 
 
Վարչապետ Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտարկվո՞ւմ է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ: Միևնույն ժամանակ անցած շաբաթ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է: Շուրջ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել: 
«Պետք է հստակ ծրագիր դնենք՝ ո՞ր երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը, աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», - ասել է վարչապետ Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն