Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ պետական բյուջեում


Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ պետական բյուջեում

  • 15-06-2017 15:51:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը որոշումներ է ընդունել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
 
Առաջին որոշմամբ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազ. ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով), ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:
Երկրորդ որոշմամբ ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 144,031.10 հազ. ՀՀ դրամ, որից  առաջին կիսամյակում՝ 10,031.1 հազ. ՀՀ դրամը, 9 ամսում՝  94,031.1 հազ. ՀՀ դրամը՝ որպես ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցություն: 
 
Այլ որոշումներ
 
Սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմիններում բարեփոխումների շրջանակում գործադիրը որոշում է ընդունել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ները «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ վերանվանելու մասին: Որոշմամբ կօպտիմալացվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, և տարեկան կտնտեսվի 76.5 մլն ՀՀ դրամ:
Կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից բուսասանիտարիայի բնագավառում տնտեսվարողների մոտ իրականացվող ստուգումների ստուգաթերթը: Արդյունքում ակնկալվում է բուսասանիտարիայի ոլորտում ստուգումների պարզեցում, թափանցիկություն, ռիսկերի գնահատման անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում, արդյունավետ և հետևողական վերահսկողության իրականացում: 
Գործադիրը սահմանել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրման չափորոշիչները և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման կարգը:  Որոշումների ընդունմամբ, նախ, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես նաև կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում մշտական դիտանցման կարգը և ընդերքօգտագործողի՝ դիտանցման մասին հանրային տեղեկություններն իր պաշտոնական կայքում և այլ հարթակներում հրապարակելու պարտավորությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն