Արգելակե՛ք. վտանգի տակ են նույնիսկ Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, իրականություն դառնալու դեպքում, շատ մոտ ապագայում հանգեցնելու է տվյալ տարածքում առկա մի շարք բույսերի և կենդանիների (այդ թվում նաև` բույսերի և կենդանիների ՀՀ և միջազգային Կարմիր գրքերում գրանցված) ոչնչացման:
Ապշել կարելի է, թե բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիան») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանն ինչպե՞ս է դրական փորձագիտական եզրակացություն տրվել` այն դեպքում, երբ նույնիսկ ոչ փորձագետներին ի սկզբանե պարզ էր, որ նշված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն էլ իր ստորագրությամբ հաստատել է հիշյալ փորձագիտական եզրակացությունը:
Վերոնշյալի առումով, ամենայն հավանականությամբ, իր վճռորոշ դերն է կատարել նորին մեծության կոռուպցիան կամ էլ, «լավագույն դեպքում», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը ստորագրած փորձագետ Ա. Մինասյանի պաշտոնեական անփութությունը: Բոլոր դեպքերում, հիշյալ փորձագիտական եզրակացությունը պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվի, և որքան շուտ, այնքան լավ, քանի որ հակառակ պարագայում ավելի մեծ կլինեն այն վնասները, որոնք կպատճառվեն մեր պետությանը, ժողովրդին, երկրին ու բնությանը:
Մեր զրուցակցի` իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հավաստմամբ, նախկինում բոլոր քննարկումների ընթացքում «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիան») ընկերության ներկայացուցիչները հերքում էին հասարակության և մասնագետների այն փաստարկները, որ հանքավայրի տարածքում առկա են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:
«Սակայն,- շարունակեց Նազելի Վարդանյանը,- 2016թ. ընկերության ներկայացրած «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» (ՇՄԱԳ), ինչպես նաև Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)» փաստաթղթերում հստակ նշված է. «Կարճաժամկետ հեռանկարում, Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին», որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես խիստ վտանգված տեսակ, իսկ համաշխարհային մակարդակով այն դասակարգվում է «Վտանգված տեսակների» շարքում:
Այնուհետ նշված է. «Հայաստանի կառավարությունից ստացած թույլտվության շրջանակներում նախատեսվող բացահանքերի զբաղեցրած տարածքից բույսերն արդեն հավաքվել և տեղափոխվել են Սևանի բուսաբանական այգում հատուկ կառուցված ջերմատուն, որտեղ փորձարկումներ կկատարվեն հանքի փակումից հետո դրանց պոպուլյացիայի վերականգնման նպատակով լավագույն մեթոդները պարզելու նպատակով»:
Ո՞վ պետք է պատասխան տա և ինչպե՞ս պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե նշված բույսը չհարմարվի ջերմոցային պայմաններին և ոչնչանա: Այս գործողությամբ խախտվել է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի օրենքի 17-րդ հոդվածը, համաձայն որի, «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»: Այսինքն` օրենսդիրը շեշտադրում է անում աճելավայրերի պահպանության կարևորության վրա, որը տվյալ դեպքում լրիվ ոչնչացվելու է»:
Ավելին. ակնհայտ է, որ հիշյալ օրենքով արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատման, մինչդեռ տվյալ պարագայում ոչ թե նշված բուսատեսակի թվաքանակի կրճատում է լինելու, այլ, ինչպես նույնիսկ ընկերությունն է խոստովանել հիշյալ փաստաթղթերում, «Կարճաժամկետ հեռանկարում Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին»: Դե հիմա կարող եք տրամաբանել և եզրակացնել, թե այս պարագայում փորձագետն ինչո՞ւ և ինչպե՞ս է փորձագիտական դրական եզրակացություն տվել…
Ի դեպ, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները», այսինքն` ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակները: Ենթակա են, բայց տվյալ դեպքում չեն պահպանվելու:
«Լիդիան Արմենիան» ընկերությունը նշել է. «Ծրագրային գոտու սահմաններում առկա են մարգագետնային բուսականության մեծ տարածքներ, որոնք ներկայացնում են միջազգային, այդ թվում` ՄՖԿ-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիայի.- Ա. Հ.) և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի.- Ա. Հ.) չափանիշներով սահմանված «բնական կենսամիջավայրերի» հարուստ նմուշներ, և որոնք պահանջում են հատուկ ուշադրություն»:
Ընկերության կողմից այս արձանագրումը կարծես ծաղրուծանակ լինի` ուղղված բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ շահագրգիռ ու մտահոգ են հիշյալ «բնական կենսամիջավայրերի» հարուստ նմուշների պահպանությամբ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն: Պահանջում են, բայց արիուտես, որ ծրագրային գոտու սահմաններում առկա, բնական կենսամիջավայրերի հարուստ նմուշներ ներկայացնող մարգագետնային բուսականության մեծ տարածքների պահպանման մասին ընկերության ներկայացրած փաստաթղթերում, հիշյալ ՀԿ-ի տնօրենի հավաստմամբ, ընդհանրապես որևէ խոսք չկա: Չի նկարագրված տարածքի բուսական աշխարհն ըստ տեսակային կազմի, այն էլ` այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիան» ընկերությունն ուղղակի նշել է, որ լանդշաֆտների անդառնալի կորուստներ կլինեն:
«Նախկինում «Լիդիան Արմենիան» ընկերության ներկայացուցիչները հերքում էին նաև, որ հանքի տարածքում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ,- ասաց Ն. Վարդանյանը:- Այժմ ԲՍԱԳ-ում նշված է. «Միջազգայնորեն ճանաչված Գորայքի և Ջերմուկի կարևորագույն թռչնաբանական տարածքները (ԿԹՏ) սահմանակից են Ծրագրի ազդակիր տարածքին համապատասխանաբար հարավարևելյան և հյուսիսարևմտյան մասերում: Այս տարածքները Թռչունների պաշտպանության միջազգային կազմակերպության (Birdlife International) կողմից նշվել են որպես թռչունների պահպանության համար կարևոր կենսամիջավայր: Գորհայքի ԿԹՏ-ում նշված հիմնական տեսակը տափաստանային հողմավար բազեն է, որի միակ բազմացող գաղութը Հայաստանում Գորայք գյուղի մոտ է: Վերոհիշյալ երկու ԿԹՏ-ները նշվել են նաև սովորական գիշանգղի համար»:
Բացի այդ, ԲՍԱԳ-ում նշված է նաև. «Ծրագրի տարածքում հայտնաբերվել են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի քանի այլ տեսակներ, այդ թվում՝ իժի երկու տեսակ, բզեզի երկու տեսակ, թիթեռի մեկ տեսակ, թռչունների առնվազն 14 տեսակ և կաթնասունների մեկ տեսակ»:
Նշելով Կարմիր գրքում գրանցված կենդանիների մի քանի տեսակներ, այնուամենանիվ ոչ բոլոր տեսակներն են ներկայացրել: Օրինակ, որպես կաթնասուն նշված է միայն գորշ արջը, մինչդեռ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ- ի 2006-2012թթ. հաշվետվության մեջ նշված է, որ Ջերմուկի տարածքում բնակվում են Կարմիր գրքում գրանցված կաթնասուն կենդանիների հետևյալ տեսակները` գորշ արջ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, լուսան:
Սակայն, բացի գորշ արջից, ընկերությունը մնացածի վերաբերյալ ուսումնասիրություններ չի կատարել: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:
Կարելի է եզրակացնել, որ առաջին փորձաքննության եզրակացությունն օրինական չէ նաև այն առումով, որ ընկերության կողմից չեն ներկայացվել հավաստի տվյալներ կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ և դրանք չեն գնահատվել, իսկ նոր ներկայացրած փաստաթղթերը նույնպես թերի են»:
Էկոլոգ-իրավաբանի հավաստմամբ, «Լիդիան Արմենիան» ընկերությունն ընդունում է, որ «Ծրագիրը կհանգեցնի բնական բուսականության կորստի, այդ թվում՝ ինչպես Մատնունի ծիրանավորի, այնպես էլ Կովկասյան գորշ արջի կենսամիջավայրերի կորստի, որոնք միջազգային ստանդարտների համաձայն համարվում են կրիտիկական կենսամիջավայրեր: Հանքարդյունահանման հետ կապված աղմուկի և փոշու նստվածքագոյացման և կենդանիների տեղաշարժի խոչընդոտման արդյունքում նաև կենսամիջավայրերի որակի վատթարացում տեղի կունենա»:
Բացի այդ, ընկերությունը հաստատում է նաև հետևյալը. «Ակնհայտ է, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական և լիակատար վերականգնումը հնարավոր չէ»:
Ի՞նչ է ստացվում… Ընկերությունն ուղղակիորեն իրազեկել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված ջանքեր, աշխատանքներ ոչ թե պարտադիր կերպով պետք է իրականացնի, այլ հնարավոր է, որ իրականացնի («հնարավոր ջանքերից…»):
Երկրորդ. տեղեկացրել է նաև, որ վերոնշյալ «հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական և լիակատար վերականգնումը հնարավոր չէ», ծրագրի իրականացումը նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին, և այլն, և այլն:
Երրորդ. անուղղակիորեն իրազեկել է, որ վտանգված են ծրագրի ազդակիր տարածքին սահմանակից Գորայքի կարևորագույն թռչնաբանական տարածքը և թռչունների պահպանության համար այդ կարևոր կենսամիջավայրում ապրող տափաստանային հողմավար բազեն է, որի՝ ամբողջ աշխարհում միակ բազմացող գաղութը Հայաստանում է, Գորայք գյուղի մոտ: Այսինքն՝ հանքարդյունաբերության հետևանքով ամբողջ մարդկությունը կարող է կորցնել կենդանական աշխարհի մի բացառիկ և արժեքավոր տեսակ:
Չորրորդ. շատ ուրիշ բաների մասին էլ է իրազեկել և այսպիսով հետևանքների համար պատասխանատվությունը դրել ՀՀ բնապահպանության նախարարության ու կառավարության վրա:
Հինգերորդ. ընկերությունը կարևոր ու կարևորագույն մի շարք այլ իրողությունների մասին էլ պարզապես լռել է, ըստ էության, թաքցրել դրանք:
Այնուհանդերձ, այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարությունը «Լիդիան Արմենիան» ընկերությանը թույլատրել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, այնտեղ ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացումը: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը բնության պահպանությամբ զբաղվելու փոխարեն, իր գործողություններով, իսկ որոշ դեպքերում էլ անգործությամբ բնության դեմ է գործել ու հարց առաջացրել, թե իրեն ինչպե՞ս պետք է անվանակոչել՝ բնապահպանության՞ն, թե բնավերման նախարարություն…