Հունիսի 1-ից ՃՈ-ի կողմից իրականացվող գաղտնի գործառույթը Մարդու իրավունքների խախտում է. «Դուրս մեր գրպանից»


Հունիսի 1-ից ՃՈ-ի կողմից իրականացվող գաղտնի գործառույթը Մարդու իրավունքների խախտում է. «Դուրս մեր գրպանից»

  • 16-06-2017 17:04:32   | Հայաստան  |  Իրավունք

 
Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից ձեռնարկված ցանկացած գործառույթ երբևիցէ չի բխել հանրության կամ վարորդների շահերից, այլ դրանց նպատակն է էլ ավելի շատ գումարներ շորթել մարդկանցից: Նման համոզմունք ունեն «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները: 
Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վորանշյալ նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը, իրենք այդպիսի եզրահանգման են եկել մի շարք փաստեր վերլուծելուց հետո: 
Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ հունիսի 1-ից ՃՈ-ը որոշում է կայացրել այն մասին, որ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները տեխնիկական լեզվով ասած զումինգ (zooming) անելու միջոցով պետք է մոտենան ավտոմեքենաների դիմապակիներին և ֆիքսեն այն վարորդներին, ովքեր ղեկին եղած ժամանակ ամրագոտի կապած չեն լինի, կծխեն կամ հեռախոսով կխոսեն:  
«Այս հարցը կցանկանայի ավելի տրամաբանական դաշտ տեղափոխել, որից զուրկ են ՃՈ ներկայացուցիչները. Եթե այն վարորդները, որոնք ղեկին ծխում են կամ հեռախոսով են խոսում, տուգանվում են, ապա հարց է առաջանում, արդյոք պետք չէ պատժել այն վարորդներին, ովքեր ղեկին նստած ուտում են կամ կոլա են խմում, չէ որ ղեկին ուտող վարորդը պակաս վտանգավոր չէ ղեկին` ծխողից»,- նշեց նա` հավելելով, որ այս պարզ օրինակը ցույց է տալիս, որ մեծ հաշվով ՃՈ-ի խնդիրը ոչ թե հասարակության անվտանգության ապահովումն է, այլ մարդկանց տուգանելու միջոցով գումարներ շորթելը: 
Ա. Սուլեյմանյանի խոսքերով` նույնը վերաբերում է նաև ամրագոտիներին. «ՃՈ-ն կարևորելով առաջին նստարաններին նստած վարորդի և ուղևորի անվտանգությունը, թքած ունի հետևի նստարանին նստողների վրա, այդ թվում նաև երեխաների, քանի որ ՃՈ-ի կողմից ձեռնարկված տվյալ միջոցառումը չի ապահովում հետևի նստարանին նստածների անվտանգությունը»:  
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մեկ այլ անդամ Արսեն Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ ՃՈ-ն դեռևս դուրս չի եկել փայտիկով ծառերի հետևում թաքնվելու  հոգեբանական վիճակից: 
Ըստ նրա` արդեն իսկ սկսվել է տեսախցիկների միջոցով վերոնշյալ իրավախախտումների արձանագրումը և դրանց պատճառով քաղաքացիների տուգանումը, ինչը վարչական դատարաններում իրավաբանորեն դժվարապացուցելի գործընթաց է: 
«Կոչ ենք անում վարորդներին այդ տուգանքները բողոքարկել ոչ թե ՃՈ-ը, այլ դատարաններում, քանի որ ՃՈ-ի կողմից ուղարկվող վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցումները երբեմն հասնում են զավեշտի մակարդակի. Օրինակ` նույն օրը նույն ժամին իրարից 4-5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող արագաչափերը նկարահանել են նույն մեքենան, արագաչափերից մեկը ֆիքսել է վարչական իրավախախտում 22,500 դրամի չափով, մյուսը` 3000 դրամ. Վարորդն այս իրավախախտումը բողոքարկեց ՃՈ-ին, զավեշտն այն է, որ ՃՈ-ն 3000 դրամանոց իրավախախտումը բեկանեց, իսկ 22,500 դրամանոցը` թողեց ուժի մեջ»,- մանրամասնեց Ա. Պետրոսյանը` հավելելով, որ ՃՈ-ն իր նշյալ որոշմանն այնպիսի հիմնավորում է տվել, որ Հանս Քրիստիան Անդերսենը գերեզմանում շուռ է եկել: 
Բանախոսների համոզմամբ` ՃՈ-ի կողմից իրականացվող վերջին այս գաղտնի գործառույթը Մարդու իրավունքների խախտում է, քանի որ տեսախցիկը մոտեցնելու այդ ֆունկցիայի միջոցով ներխուժում է վարորդների անձնական տարածք: 
Նրանց հորդորն է վարորդներին պարզապես չծուլանալ և վարչական իրավախախտումների մասին տուգանքները բողոքարկել դատարաններում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք