14-րդ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է ավելի քան 70 ֆիլմ


14-րդ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է ավելի քան 70 ֆիլմ

  • 16-06-2017 15:40:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Այս տարի  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնի (ՄԿՓ) արտամրցութային ծրագրերն առանձնակի հագեցվածություն ունեն. Դրանց շրջանակներում ընդհանուր առմամբ ցուցադրվելու է ավելի քան 70 ֆիլմ: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: 
Ըստ նրա` արտամրցութային ծրագրերում ավանդաբար նեռարված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը: 
Մ. Ստամբոլցյանի խոսքերով` արտամրցութային ծրագրերից` Հարգանքի տուրք ավանադական ծրագրի շրջանակներում հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ազդեցիկ ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև կցուցադրվի լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը: 
«Այս տարի մեր հայ կինոյի երեք երախտավորների` Ֆրունզե Դովլաթյանի 90-րդ, Յուրի Երզնկյանի 95-րդ և Սերգեյ Իսրայելյանի 80-րդ հոբելյաններն են, ինչպես գիտեք մենք միշտ նշում ենք դրանք, բայց քանի որ նրանց բոլոր ֆիլմերն արդեն ցուցադրել ենք, ուստի որոշեցինք այս տարի ցուցադրել նրանց մասին պատմող կենսագրական ֆիլմեր»,- նշեց նա` հավելելով, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվեն նաև նրանց անվան աստղեր: 
Ներկայացնելով Երևանյան պրեմիերաներ ծրագիրը` «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հյուրերի բաժնի ղեկավար, կինոգետ Վարվառա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նշյալ ծրագրի շրջանակներում կցուցադրվեն մի շարք դափնեկիր ֆիլմեր, ինչպիսիք են Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե Առյուծ» մրցանակի արժանացած  ռեժիսոր Լավ Դիասի «Հեռացած կինը», Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե Արջի» արժանացած Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը, «Արծաթե Առջի»-ի արժանացած  ռեժիսոր Ակի Կաուրիսմյակի «Հույսից անդին»-ը,  Կաննի կինոփառատոնում «Ոսկե Արմավենու» արժանացած  ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Քառակուսի»-ն,  ինչպես նաև Ֆաթիհ Աքինի «Անէություն»-ը: 
Ի դեպ` «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի երևանյան ցուցադրությանն անձամբ ներկա է լինելու նաև ռեժիսորը: 
«Կաննի կինոփառատոնից ներառված են Հոն Սան-սուի «Հաջորդ օրը» , Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», ինչպես նաև ցուցադրելու ենք մեր ժյուրիի անդամներից Թոմ Ֆասաթի «Ընտանեկան պատմություն» և Յուջին Քորի «Հավանայի ուրվական քաղաքը» ֆիլմերը»,- նշեց Վ. Հովհաննիսյանը: 
Կազմակերպիչների վստահեցմամբ` Երևանյան պրեմիերաներ ծրագրում ներառված ֆիլմերի ցանկը կազմվել է նախապես ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի շրջանում անցկացված հարցումների հիման վրա: 
«Հայեր՝ հայացք ներսից և դրսից» ծրագրի համակարգող Անի Հակոբյանի փոխանցմամբ` նշյալ ծրագրում ներառվել է Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների 36 ֆիլմ: 
Նշվեց նաև, որ Հետահայաց ցուցադրությունների ծրագիրն այս տարի կներկայացնի հայտնի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին, ով նաեւ այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play