ԱՀՀ նորընտիր նախագահն առաջնահերթորեն զբաղվելու է Սահմանադրության ժողովրդավարական տարբերակի հանրաքվեի կազմակերպմամբ (տեսանյութ)


ԱՀՀ նորընտիր նախագահն առաջնահերթորեն զբաղվելու է Սահմանադրության ժողովրդավարական տարբերակի հանրաքվեի կազմակերպմամբ (տեսանյութ)

  • 16-06-2017 17:17:09   | ՀԱՀ  |  Հասարակություն



 
Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը (ԱՀՀ) նոր նախագահ ունի` ի դեմս Ռադիկ Խամոյանի: Վերջինս առաջնահերթորեն զբաղվելու է Սահմանադրության ժողովրդավարական տարբերակի հանրաքվեի կազմակերպմամբ, ինչը կհանգեցնի օրենսդրական դաշտի կայունացմանը, որի շրջանակներում էլ կաշխատեն ԱՀՀ պետական համակարգի բոլոր թևերը:
Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, 2017 թվականի հունիսի 11-ին տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը (ԱՀՀ խորհրդարան), որի ընթացքում խորհրդարանի անդամները քննարկելով պետական համակարգում ստեղծված իրավիճակը` որոշել են դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանի լիազորությունները: 
Ըստ ԱՀՀ վարչապետի, հիմնական տարաձայնություններն Արմենակ Աբրահամյանի հետ առաջացել են Սահմանադրության նախագիծը մշակելու ընթացքում:
«Արդեն շուրջ մեկ ու կես տարի է, ինչ մենք մի խնդրով էինք ապրում` Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներով, որի ընթացքում էլ ի հայտ եկան խորքային այլևայլ դժվարություններ: Հետագայում հասկացանք, որ աշխատանքները դժվարությամբ են առաջ գնում այն պատճառով, որ պետական համակարգի խնդիրներին ու փոխհարաբերություններին անդրադառնալիս՝ փաստացի ակնհայտ է դարձավ, որ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը (այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը) փորձում է Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի միջոցով բոլոր հնարավոր ու անհնարին լիազորությունները վերագրել իրեն ու ամբողջապես տոտալ վերահսկության ու ենթակայության տակ դնել ԱՀՀ ողջ պետական համակարգը, պաշտոնյաներին ու պատգամավորներին»,- նշեց Տ. Փաշաբեզյանը:  
Վերջինիս խոսքերով` ԱՀՀ Սահմանադրության նախագիծը երկու ընթերցում է անցել 3-րդ, 4-րդ և 5-րդ նստաշրջաններում: 
ԱՀՀ վարչապետ Տ. Փաշաբեզյանի փոխանցմամբ` 2016 թվականի մայիսի 9-ին և դրանից հետո ԱՀՀ նախկին նախագահը հայտարարել է Սահմանադրության իր օրինակի մասին, որն ինքն անձամբ է ստորագրել, հաստատել, վավերացրել` փորձելով այն պարտադրել ԱՀՀ պետական համակարգին: 
«Այստեղ առաջացավ այն խնդիրը, որ Սահմանադրությունը հռչակագիր չէ, հրամանագիր չէ, մեկ այլ փաստաթուղթ չէ, որ մեկ անձի ստորագրությամբ վավերացվի, Սահմանադրությունը պետք է հանրաքվեով հաստատվի, ուստի Ա. Աբրահամյանի Սահմանադրության օրինակն ապօրինի է»,- ընդգծեց նա` հավելելով, որ նման պարագայում երկու տարբերակ կար, առաջին` ենթարկվել Ա. Աբրահամյանի կամքին, երկրորդ` փորձել դիմադրել ու փրկել համակարգը: 
ԱՀՀ վարչապետի համոզմամբ` ԱՀՀ պետական համակարգում ընդգրկված պատգամավորներն ու պաշտոնյաները հիմնականում ճիշտ կողմնորոշվեցին ընտրելով երկրորդ տարբերակը, քանի որ այդպիսով իրենք պահպանեցին ոչ միայն պետական համակարգի իրավաչափությունը, անկախությունն ու ազատությունը, այլև իրենց բնականոն իրավունքները: 
Իր հերթին ԱՀՀ նորընտիր նախագահը նշեց. ««Հանրաքվեի միջոցով Սահմանադրության հաստատումից հետո մենք կունենանք իրավական կայուն դաշտ, որի առկայությունը թույլ կտա կազմակերպել հանդիպումներ ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների նախագահների հետ»: 
Իսկ ԱՀՀ խորհրդարանի փոխնախագահ Հայկ Հարությունյանը նշեց, որ ԱՀՀ խորհրդարանը դատապարտել ու անվստահություն է հայտնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանին՝ պետական համակարգի օրենքները խախտելու, պետական իշխանությունը յուրացնելու փորձի համար և դադարեցրել է նրա լիազորությունները, որպես ԱՀՀ նախագահի:
Առաջիկայում Սահմանադրության ժողովրդավարական օրինակը դրվելու է համաժողովրդական քննարկման, հետագայում արագընթաց կերպով հանրաքվեի դնելու մտադրությամբ, որից հետո էլ այն կարելի է ընդունված ու հաստատված համարել: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play