Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու խափանման դեպքում մարդկանց տարհանումը բարձրությունից» թեմայով:
Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թ.-ից: 2004-2007 թթ. ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է և զինվել լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և անվտանգ հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար:
Նմանատիպ վարժանքը տուրիստական կարևորագույն վայրերից մեկում առաջնային է և աննախադեպ: Արտակարգ պատահարների ժամանակ փրկարարական գործողություններին նախևառաջ խանգարում է քաղաքացիների խուճապը, ուստի վարժանքի ընթացքում փրկարարները քննարկում և հաղթահարում են հնարավոր ցանկացած արգելք՝ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար:
Ուսումնավարժանքի նպատակներն էին.
• բարձրացնել փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարման ուղղությամբ.
• կատարելագործել ուսումնավարժությանը ներգրավված ուժերի գործնական հմտությունները փրկարարական աշխատանքների ժամանակ.
• ստուգել կազմակերպության անձնակազմի պարտականությունների կատարումը՝ մինչև համապատասխան ստորաբաժանումների ժամանումը:
Ըստ ուսումնական վարժանքի մտահղացման՝ ճոպանուղու երկրորդ կայանը խափանվել է: Առաջին և երկրորդ աշտարակների միջև ճոպանուղու երկու ուղղություններում, թվով 6 նստարանների վրա, 25-30մ բարձրության վրա արգելափակվել են քաղաքացիներ: Անհրաժեշտ է արագ և անվտանգ կազմակերպել քաղաքացիների տարհանումը:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներ:
Տեղում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը հետևում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը:
«911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին փրկարարական գործողությունները: Ռուս գործընկերների հետ համատեղ, հատուկ լեռնափրկարարական գույք-սարքավորումներով, արագ կազմակերպվեց արգելափակված քաղաքացիների տարհանումը և անվտանգ տարածք տեղափոխումը:
ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզերում պարբերաբար կազմակերպում է նմանատիպ վարժանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել և կատարելագործել փրկարարական ջոկատների գործնական հմտությունները, ստուգել փրկարարների և համապատասխան կառույցի աշխատակիցների պատրաստվածության աստիճանը: