Եթե բարդություններ չլինեն, զինծառայողի տեսողությունը կվերականգնվի


Եթե բարդություններ չլինեն, զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

  • 19-06-2017 17:21:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։
 
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։
 
Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո  տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։
 
Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։
 
Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ, վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։
 
«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,-հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։  
 
Հետվիրահատական շրջանը ևս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն