ՈԱԱԿ-ը մոնիտորինգ է իրականացնում բժշկական բուհերում


ՈԱԱԿ-ը մոնիտորինգ է իրականացնում բժշկական բուհերում

  • 19-06-2017 17:49:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)  մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում  բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։ Նպատակն է ծանոթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում  աջակցել պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
 
ՈԱԱԿ մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցան ուսումնական հաստատության ռեկտոր Լևոն Ասատրյանի հետ։ Ռոկտորը տեղեկացրեց, որ Հայկական բժշկական ինստիտուտը պլանավորում է ընթացիկ տարվա վերջում դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Քննարկվեցին  բժշկական կրթության կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, բուհում առկա իրավիճակն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշների։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությանը բժշկական մասնագիտությունների համար։
 
ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև բուհի պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։
 
Առաջիկայում  ՈԱԱԿ-ը մոնիտորինգային այցեր կիրականացնի նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևանի Մենեջմենթի համալսարան և այլն։
 
Նշենք, որ բժշկական կրթություն մատուցող բուհերից ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն