Բեռնափոխադրողները նախարարին խնդրել են վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը


Բեռնափոխադրողները նախարարին խնդրել են վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը

  • 19-06-2017 17:55:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 19-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի միջազգային փոխադրողների 
ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ։
 
Հանդիպման նպատակը բեռնափոխադրումները, մասնավորապես, մրգի արտահանումը արտակարգ ռեժիմով կազմակերպելու ընթացքում առաջացող խնդիրները բարձրաձայնելն ու հնարավոր լուծումներ առաջարկելն էր:
 
Նախարարին ներկայացվեցին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում ի հայտ եկող խոչընդոտները: Բեռնափոխադրողները նախարարին խնդրեցին վերանայել դեպի երրորդ երկիր թույլտվությունների քանակը, հնարավորության սահմաններում այն ավելացնել, կարգավորել մեքենաներին տրվող սանիտարական անձնագրերի 
ստացման գործընթացը, դիտարկել վտանգավոր համարվող բեռների փոխադրման համար միջազգային համաձայնագրին միանալու հնարավորությունը:
 
Վահան Մարտիրոսյանը լսեց բարձրացված խնդիրները, պատասխանեց բեռնափոխադրողներին հուզող հարցերին։ Նա ընդգծեց, որ համաձայնագրին միանալու հարցն արդեն ՀՀ ԱԺ օրակարգում է: Ինչ վերաբերում է բարձրացված 
մյուս խնդիրներին, ապա նախարարը խոստացավ օրենքի շրջանակներում միջոցներ ձեռնարկել դրանք լուծելու համար:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև գերծանրաբեռնված մեքենաների խնդրին։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա է ճանապարհների ժամանակից շուտ քանդվելու հիմնական պատճառներից մեկը, և հորդորեց պահպանել բեռների համար 
սահմանված քաշը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն