ՌԴ ֆինանսավորմամբ՝ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը


ՌԴ ֆինանսավորմամբ՝ կվերակառուցվի և կվերազինվի ՍԱՊԾ ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը

  • 19-06-2017 18:58:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ Ծառայության պետի տեղակալ Նիոլայ Վլասովի գլխավորությամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի հետ հունիսի 19-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում  քննարկվել է ՍԱՊԾ կազմում գտնվող՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման  հարցը: Նշենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական աջակցության համաձայնագիր, որով նախատեսվում է գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքներին ուղղել ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ցուցաբերել տեխնիկական աջակցություն՝ ժամանակակից պահանջներին համահունչ գործունեություն ծավալելու նպատակով:
 
Այցի շրջանակներում քննարկվել է կենտրոնի վերակառուցման և վերազինման տեխնիկական առաջադրանքը, նախնական համաձայնություն է ձեռք բերվել նախագծման աշխատանքների և լաբորատոր կարողությունների հզորացման վերաբերյալ՝ ստորագրելով այդ մասին արձանագրություն: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև  ԵԱՏՄ միասնական պահանջների շրջանակներում արտահանման ու ներմուծման ընթացակարգերը հնարավորինս  պարզեցնելու հնարավորությունները: Քննարկման արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերամշակված մսամթերք արտահանելու  մասին արձանագրություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն