ԱՄՆ-ի հանցագործ քաղաքականությունը կարող է հանգեցնել մինչև իսկ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի


ԱՄՆ-ի հանցագործ քաղաքականությունը կարող է հանգեցնել մինչև իսկ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի

  • 19-06-2017 19:16:34   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն, ամերիկյան F/A-18E Super Hornet գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը  երեկ Սիրիայի երկնքում, Տաբկա քաղաքից հարավ կործանել է Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող СУ-22 կործանիչ-ռմբակոծչին (այլ տեղեկությունների համաձայն՝ մարտավարական ճակատային СУ-22 ռմբակոծչին)՝ այն բանից հետռ, երբ СУ-22 ռմբակոծիչը ռմբակոծել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մոտակայքում գտնվող թիրախները: 
Հաստատելով սիրիական ինքնաթիռի խոցման լուրը, ԱՄՆ-ի գլխավորությամբ իբր թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շտաբը տեղեկացրել է, որ СУ-22 ռմբակոծիչը խոցվել է կոալիցիայի՝ ցամաքում կռվող գործընկերների, մասնավորապես՝ Ռաքքայից արևմուտք գտնվող Տաբկա քաղաքի մոտ կռվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» զինյալների պաշտպանության նպատակով: Ըստ Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության, որը փոխանցել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի շրջանում, Ռասաֆա գյուղական վայրի մոտ, Ռաքքայից 30 կմ հարավ:
Թեև ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան հայտարարել է, թե մտադիր չէ բախման մեջ մտնել սիրիական և ռուսական ուժերի հետ, սակայն այս ակնհայտ սադրանքի և հանցագործության նպատակը կամ բախում հրահրելն է, կամ էլ Ռուսաստանի արձագանքը ստուգելը՝ նախադեպի անպատիժ ու հաջող լինելու պարագայում Սիրիայի ռազմաօդային ուժերը թուլացնելու նպատակով նմանաբնույթ հարձակումները շարունակելու նպատակով:
Կատարվածը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի չհայտարարված պատերազմի հերթական դրվագն է: Դեռ բավական չէ, որ ԻԼԻՊ-ի կամ ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով ԱՄՆ-ի զինված ուժերն առանց Սիրիայի համաձայնության կամ ՄԱԿ-ի թույլտվության, այսինքն՝ բացարձակապես ապօրինի կերպով գտնվում են Սիրիայի տարածքում, դեռ հարձակվում էլ են այդ երկրի քաղաքացիական բնակչության ու զինված ուժերի վրա:
Ակնհայտ է, որ սիրիական ռմբակոծիչը ոչնչացնելու որևէ հիմք կամ անհրաժեշտություն չի եղել: Պենտագոնն ինքն է հայտարարել, որ СУ-22 ռմբակոծիչը ռմբակոծել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» մոտակայքում գտնվող թիրախները: Այսինքն՝ ոչ թե այդ ուժերին, այլ դրանց մոտակայքում գտնվող ահաբեկիչների թիրախները: «Սիրիական դեմոկրատական ուժերի» մոտակայքում ռմբակոծելու փաստից ելնելով հայտարարել, թե սիրիական ինքնաթիռը կործանել են կոալիցիայի՝ ցամաքում կռվող գործընկերների, մասնավորապես՝ Տաբկա քաղաքի մոտ կռվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» զինյալների պաշտպանության նպատակով, նշանակում է ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ, թե ինչ բան է ամերիկյան ցինիզմն ու հանցագործ արտաքին քաղաքականությունը:
«Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչվածը Սիրիայի զինյալ ընդդիմությունն է, Սիրիայում օրենքից դուրս գտնվող կազմակերպություն, որին Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն իրենց գործընկեր են համարում արտաքուստ ահաբեկչության դեմ պայքարի, իսկ իրականում Բաշար Ասադի ու նրա վարչակարգի տապալմանը հասնելու գործում: Եթե սիրիական ռմբակոծիչը նույնիսկ «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի դիրքերին հարվածած լիներ, ապա Միացյալ Նահանգներն ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու, առավել ևս՝ զինված միջամտության որևէ իրավունք չուներ:
Կատարվածը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և Սիրիայի նկատմամբ ռազմական ագրեսիայի դրսևորում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կվարվեր ԱՄՆ-ը, եթե Սիրիայի զինված ուժերն ամերիկյան ընդդիմությանն աջակցելու նպատակով, ԱՄՆ-ի տարածքում կարողանային ու հարվածեին ոչ թե նույնիսկ ամերիկյան որևէ ռազմական ինքնաթիռի, այլ այդ ընդդիմությանը ճնշող, նրանց ցույցերը ցրող ոստիկաններին: Միացյալ Նահանգները, ըստ էության, շարունակում է շարժվել «Ուժեղի դեմ միշտ էլ թույլն է մեղավոր» կարգախոսով կամ ջունգլիների օրենքով, որն ուղղակի սպառնալիք է համաշխարհային անվտանգությանը և իրադարձությունների հետագա սրման պարագայում կարող է հանգեցնել մինչև իսկ Երրորդ ու վերջին համաշխարհային պատերազմի:
Կոալիցիայի տարածած հայտարարության համաձայն, ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիայի պաշտոնատարները սիրիական ռազմական ինքնաթիռը կործանելուց հետո լարվածությունը մեղմելու նպատակով, կապ են հաստատել ռուս բանակայինների հետ: Թե վերջիններիս արձագանքն ինչպիսին է եղել, սկզբում մանրամասներ հայտնի չէր, հասկանալի և ենթադրելի էր միայն, որ այդ արձագանքը պետք է քննադատող ու դատապարտող բնույթ ունենար: Սակայն, քիչ ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Սիրիայում ՄԱԿ-ի անդամ երկրի օրինական զինված ուժերի դեմ ԱՄՆ-ի ավիացիայի գործողությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ հանդիսանում է փաստացի ռազմական ագրեսիա:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն այսօր հայտարարել է նաև, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների շրջանում ցանկացած ինքնաթիռ ՀՕՊ-ի ցամաքային և օդային միջոցների կողմից ուղեկցության կվերցվի որպես թիրախ: Սրանից կարելի է ենթադրել է, որ եթե առաջիկայում ոչ միայն ռուսական, այլև սիրիական որևէ ինքնաթիռ (Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների շրջանում ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցնում նաև սիրիական ինքնաթիռները) խոցվի ԱՄՆ-ի կամ նրա գլխավորած ռազմական կոալիցիայի օդուժի կողմից, ապա իր կամ իր դաշնակցի ավիացիայի նկատմամբ հարձակում գործած ինքնաթիռը կոչնչացվի ռուսական ՀՕՊ-ի կողմից, եթե այն լինի նույնիսկ ամերիկյան:
Ավելին. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: Հիշենք, որ այս տարի ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիաբազաներից մեկին թևավոր հրթիռներով հասցված հարվածներից հետո Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հիշյալ համագործակցությունը դադարեցրեց, սակայն հետո Միացյալ Նահանգների խնդրանքով վերսկսեց համագործակցությունը: Այս անգամ երևի վերադարձ չլինի նշված համագործակցությանը:
Ռուսաստանի զինվորականները հայտարարել են նաև, որ Սիրիայի երկնքում, Եփրատից արևմուտք Սիրիայում միջազգային կոալիցիայի ինքնաթիռները և անօդաչուները սկսելու են գտնվել Ռուսաստանի ՀՕՊ միջոցների հսկողության ներքո: Այսինքն՝ դրանք ցանկացած պահի կարող են դառնալ թիրախ:
Սիրիայի զինված ուժերի հրամանատարության տեղեկացմամբ, ինքնաթիռը, մինչ խոցվելը, այդ շրջանում մասնակցում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սիրիական բանակի և աշխարհազորի կողմից իրականացվող գործողությանը:
«Այս բացահայտ ագրեսիվ ակտն այլևս որևէ կասկած չի թողնում, որ ԱՙՄՆ-ի և ԻԳԻԼ-ի ահաբեկիչների միջև գոյություն ունի համակարգում,- ՍԱՆԱ-ի փոխանցմամբ, հավաստել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը:- Միացյալ Նահանգներն այդ խմբավորմանն օգտագործում է տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական դավադրության իրականացման համար»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play