«analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքն ուղղված է ողջ մամուլի ներկայացուցիչների դեմ (տեսանյութ)


«analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքն ուղղված է ողջ մամուլի ներկայացուցիչների դեմ (տեսանյութ)

  • 20-06-2017 17:59:41   | Հայաստան  |  Իրավունք



 
«analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքը սրիկայություն է, որն ուղղված է ողջ մամուլի ներկայացուցիչների դեմ։
Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։  
Հիշեցնենք, որ analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 
2016 թվականի մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը՝ Տիգրան Ուրիխանյանը, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում  պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: 
Ըստ Մ․ Պողոսյանի՝ «Վելես» իրավապաշտպան կազմակերպությունն արդեն մի քանի ամիս է, ինչ դատական նիստերի ուսումնասիրություն է իրականացնում, այդ թվում նաև Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը։ 
«Այս գործում այդքան էլ կարևոր չէ, թե ով է հաղորդում տվող անձը, լինի դա ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թե այլ ոք․ այստեղ էական դերակատարություն ունի ՎՏԲ բանկը, որն արտոնյալ կարգավիճակ ունի Հայաստանում, հետևաբար այդ բանկի գործունեությանն անդրադարձող յուրաքանչյուր մարդու համար դա կարող է շատ ծանր պատժելի հետևանքներ ունենալ»,- նշեց նա՝ շեշտելով, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ իրավապահ մարմինները դարձել են ՎՏԲ բանկի շահը սպասարկողները։ 
Մ․ Պողոսյանի խոսքերով՝ իրենց կազմակերպությունն ունի բավականին տեղեկություններ այն մասին, որ ՎՏԲ Հայաստան բանկն այստեղ զբաղված է կոնկրետ ռուսական կրիմինալ փողերի լվացմամբ։  
Իրավապաշտպան կազմակերպության նախագահի կարծիքով՝ նշյալ համատեքստում Ա․ Հովհաննիսյանին՝ որպես լրագրողի, չի ներվել ՎՏԲ Հայաստանի բանկի մասին հրապարակումներ կատարելու հանգամանքը։ Նշենք, որ Անի Հովհաննիսյանը բազմաթիվ հրապարակումներում բարձրաձայնել է, որ ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով շատ ՀՀ քաղաքացիների տվյալներ կարող են հասանելի դառնալ Ադրբեջանի համար։ 
«Այս գործով նա դարձել է քավության նոխազ, որով մյուս լրատվամիջոցներին  զգուշացնում և վախեցնում են, որ հանկարծ ՎՏԲ բանկի մասին երբևէ հրապարակումներ չկատարեն»,- ընդգծեց նա՝ ցավալի համարելով այն, որ ԶԼՄ ներկայացուցիչները սատար չկանգնեցին Ա․ Հովհաննիսյանին։ 
Իր հերթին «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն ընդգծեց, որ Անի Հովհաննիսյանն այն քիչ մարդականցից է եղել, ով պարբերաբար բարձրաձայնել է ՎՏԲ Հայաստան բանկի հետ կապված խնդիրների մասին։ 
Նա, մասնավորապես, շեշտեց․«Անի Հովհաննիսյանի նկատմամբ սկսված հետապնդումներն այդքան էլ զարմանալի չէին, քանի որ ՎՏԲ բանկի հետ կապված տաբու է դրված․ ենթադրում եմ, որ հաջորդը կսկսեն մեր կազմակերպության ներկայացուցիչներին հետապնդել։ Անի Հովհաննիսյանի գործով քրեական գործի մանրամասներն ուսումնասիրելիս, հասկացանք, որ որևէ հիմնավորում չկա Ա․ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, ավելին՝ պարզվեց, որ տուժող համարվող Տիգրան Ուրիխանյանն անգամ չի բարեհաճում ներկայանալ դատարան և հարցաքննվել»։ 
Ն․ Կարապետյանցի փոխանցմամբ՝ Տ․ Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարություն է արել այն մասին, որ ՎՏԲ բանկն օգտագործել է Տ․ Ուրիխանյանի բարի համբավն Ա․ Հովհաննիսյանի դեմ գործ հարուցելու համար։ 
«Արդեն քանի նիստ շարունակ մենք գնում ենք դատարան և տեսնում, որ Տ․ Ուրիխանյանը չի ներկայանում դատական նիստերին այն դեպքում, երբ Ա․ Հովհաննիսյանը մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է անազատության մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ կալանավորման առաջին 8 ամիսների ընթացքում Ա․ Հովհաննիսյանին անգամ թույլ չի տրվել տեսակցել հարազատների հետ։ 
Իրավապաշտպանի պնդմամբ՝ նման գործի պարագայում Ա․ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները միտումնավոր բնույթ են կրում և նպատակ ունեն  հոգեբանորեն ճնշել նրան։ 
ՀՀ  Փաստաբանների պալատի  անդամ, փաստաբան, Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացնելով Ա․ Հովհաննիսյանի գործը՝ նշեց, որ Ա․ Հովհաննիսյանը որոշակի հետևություններ է կատարել իր հրապարակումներում ՎՏԲ Հայաստան բանկի գործունեության վերաբերյալ, որը դատարանում հաստատել են նշյալ բանկի ներկայացուցիչները։ Խոսքը վերաբերում է նրան, որ ՎՏԲ բանկում Ադրբեջանական պետական նավթային ֆոնդը 2,9 տոկոս մասնաբաժին ունի։  
Անդրադառնալով Տ․ Ուրիխանյանի մասով մեղադրանքին՝ Լ․ Սիմոնյանը նշեց․«Բազմիցս բարձրացրել եմ այն հարցը, որ Տ․ Ուրիխանյանն իր ցուցմունքներում նշել է, որ Ա․ Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերպումներով փորձել է գումարներ  շորթել՝ մինչ օրս չհստակեցնելով, թե որոնք են այդ ձևակերպումները»։
Ա․ Հովհաննիսյանի դատապաշտպանը նաև խոսեց գործում առկա մեկ այլ կարևոր հանգամանքի մասին, այն է՝ Ա․ Հովհաննիսյանը և Տ․ Ուրիխանյանը 300 հազար դրամի չափով պայմանագրի շուրջ համագործակցություն են ունեցել, ինչը դատական նիստերից մեկի ժամանակ հաստատել է Տ․ Ուրիխանյանի նախկին օգնական Սարգիս Հարությունյանը և հավելել, որ Ա․ Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում վերջինս որևէ գումարի մասին պահանջ չի դրել, այլ խոսել է միայն հնարավոր համագործակցության մասին։    
Փաստաբանի փոխանցմամբ՝ Ա․ Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում կշարունակի հրապարակումներ կատարել։ 
Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե Տ․ Ուրիխանյանը շարունակի չներկայանալ դատական հերթական նիստին, որը նշանակված է հունիսի 22-ին, Լ․ Սիմոնյանը պարզաբանեց, որ Քրեական դատավարության մասին օրենսգիրքը որոշակի մեխանիզմներ ունի, մասնավորապես, տվյալ դեպքում դատարանն իրավունք ունի բերման ենթարկել նրան։  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք