Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին


Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

  • 20-06-2017 15:08:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: 
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: 
ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները եւ կարեւորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»: 
 
Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների երկկողմ օրակարգն հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների եւ համագործակցության ակտիվացում: 
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական եւ մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը: 
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության եւ ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով: 
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի ունեցած դիրքորոշման համար եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն