ԿԳ նախարարը հանդիպել է Արարատի մարզի դպրոցների տնօրենների հետ


ԿԳ նախարարը հանդիպել է Արարատի մարզի դպրոցների տնօրենների հետ

  • 20-06-2017 18:45:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Արարատի մարզ, որտեղ հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Արարատի 
մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Վերջինս անդրադարձել է դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման, համապատասխան մասնագետների վերապատրաստման, շախմատի խմբակների գործունեության և այլ հարցերի: Նշվել է, որ «Շախմատ» առարկայի 
դասավանդումը դպրոցներում եզակի նորամուծություն է, որը միջազգային ճանաչում է բերել ծրագրին: Այնուհետև ներկայացվել են մարզի դպրոցների թվաքանակի, ուսումնական ծրագրերի, կառավարման խորհուրդների վերաբերյալ 
մարզի խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ:Նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումներին` ընդգծելով, որ հանրակրթությունը պետք է կարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: Այս համատեքստում նախարարն ընդգծել է կրթության երեք կարևոր բաղադրիչների` գիտելիքի, հմտության և դաստիարակության կարևորությունը: Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, կրթության որակի և ուսուցիչների հեղինակության բարձրացման խնդիրներին: Նախարարը խոսել է նաև 
12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում քննական երեք առարկա ընտրելու աշակերտների հնարավորության մասին` կոչ անելով տվյալ նորամուծությունը դիտարկել որպես աշակերտ-դպրոց կապի ամրապնդման և աշակերտների 
նախասիրությունների խորացմանը միտված քայլ:
 
Հանդիպմանը մասնակից տնօրեններն իրենց գոհունակությունն են հայտնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ` հատկապես ընդգծելով շարադրությունների և բանավոր քննության ներմուծումը հանրակրթական համակարգ` 
որպես գիտելիքի ստուգման առավել արդյունավետ գործիք: Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին հանդիպման համար, ընդգծել է, որ նախարարի խոսքում նշված ուսուցչի հեղինակության բարձրացման խնդրում և մարզպետարանը և ողջ մանկավարժական կազմն իրենց անելիքն ունեն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն