Ինչպե՞ս եք անտարբեր նայում ամեն ինչին, ինչ փորձում են մեզ ներարկել


Ինչպե՞ս եք անտարբեր նայում ամեն ինչին, ինչ փորձում են մեզ ներարկել

  • 20-06-2017 23:57:44   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Այլասերման քարոզի թույլատրելիությունն այսօր արդեն դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: «Հայք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանին: 
Վերջինս որպես մարդ, որն երկար տարիներ զբաղվել է երեխաներով ու մշակույթով, ասաց, որ թեև քիչ է հետևում հեռուստաընկերությունների ցուցադրած ֆիլմերին, բայց նույնիսկ ինքը մի ֆիլմ է տեսել, որ ամբողջությամբ միասեռականներին էր վերաբերում և այլասերվածության քարոզչություն էր:
«Ինչո՞ւ ենք մենք հեռուստատեսությամբ ֆիլմերի ցուցադրության ժամանակ կամ նախապես տեսնում զգուշացումը` +12, +16, +18, նույնիսկ` +6, +5, որովհետև ամեն տարիքում երեխաների հոգեկան աշխարհը շատ յուրօրինակ է փխրունության առումով, նրանք ամեն տարիքում միայն որոշակի տեղեկատվություն կարող են ստանալ,- ասաց Տիգրան Հեքեքյանը:- Դա ագրեսիա է երեխաների նուրբ, խաթարվող հոգեբանության հանդեպ, բայց, չգիտես ինչու, այդ բովանդակությամբ լրատվությունը կարող է թույլատրելի լինել ու նույնիսկ լինել ագրեսիվ քարոզչություն: Մենք հասկանում ենք, որ դա չի լինում հենց այնպես, այն հրահրողներ ունի, բայց ինձ անհանգստացնում է, որ ոչ միայն Ազգային ժողովը, իշխանությունները, այլև մեր հասարակությունը մի տեսակ իներտ կամ պասիվ է այդ թեմայի նկատմամբ: Ոչ ոք չի ասում թուր-թվանք վերցնել, հարձակվել այլասերվածների վրա, ուզում եք մարդու իրավունքներ, տվեք թող ապրեն ինչպես ուզում են, բայց քարոզե՞լ…
Ինքս չորս երեխա ունեմ, ինչպե՞ս պետք է իրենց պատսպարեմ այդ քարոզչությունից: Երբ անընդհատ ցույց են տալիս, դա աստիճանաբար ազղում է քար ծակող կաթիլի նման, հասարակության համար դառնալու է նորմալ: Ես հիշում եմ, որ երբ Եվրոտեսիլով առաջին անգամ տեսանք այն հետաքրքիր խառնուրդը մարդու, ես, որ ամեն ինչ տեսած մարդ եմ ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև աշխարհով մեկ պտտվել, ամեն ինչ տեսել եմ փողոցներում, սթրես ապրեցի: Ինձ համար շատ տհաճ էր, մինչև հիմա որ հիշում եմ այդ շոկը… Չգիտեմ, իմ հոգին խանգարվեց: Հիմա փոքր երեխաներն իրար հետ կատակով խոսելիս, ասում են կոնչիտան, և այլն, և այլն: Այսպես դարձավ նորմալ… Ամեն ինչին մարդ սովորում է:
Ես իսկապես կարծում եմ, որ մեր ազգային ժողովի պատգամավորների մեջ կան լուրջ, հայ, ադաթով շատ տղամարդիկ, բայց ինչպե՞ս են իրենք օրենքներ անցկացնում, որոնցից կարող է ուղղակի ապշես: Ուրեմն ենթադրում ես` կամ չեն զգում վտանգը, կամ այնքան է դա տարածված տարբեր հարթակներում, հարթություններում ու տարբեր ոլորտներում, որ չեն ուզում դրա մասին հակառակ խոսակցություն լինի: Երկրորդի համար կսարսափեմ, եթե իմանամ, որ դա մեծ տարածում ունի մեր հասարակության մեջ, ուղղակի ծպտյալ լռում եմ, բայց չեն էլ փորձում խառնվել: Ավելի հակված եմ հիշել 15 թվականի ցեղասպանությունը, թե ինչպես է կատարվել… Պասսիվ ենք, նիրհում ենք, կարծես վտանգի զգացողությունը կորցրած ժողովուրդ լինենք: Սա երևի մի ահազանգ է, որ սիրելի պատգամավորներ, սիրելի կառավարություն և, ինչո՞ւ չէ, սիրելի մշակույթի գործիչներ, սիրելի հայրենակիցներ, դուք ինչպե՞ս եք անտարբեր նայում ամենին, ինչ փորձում են մեզ ներարկել»:
Ինչպես նշեց մշակույթի հայտնի գործիչը, մենք մեր մշակույթն ունենք, իր բարոյական նկարագիրն ունի հայը, ինչո՞ւ ենք ուզում հարմարվել այլ ազգերի բարոյական նկարագրին, միջավայրին, մթնոլորտին:
«Ո՛չ,- շարունակեց Տիգրան Հեքեքյանը,- մենք մերն ունենք և եկեք պահենք մերը, մերը շատ ավելի հարուստ է: Ինչքան փորձագետներ են գալիս Հայաստան, ուսումնասիրում հայերի ընտանիքը և ուզում են հասկանալ` ի՞նչն է մեզ մոտ այնպես, որ մեր ամուսնալուծությունները քիչ են, քան այնտեղ: Բայց հիմա այստեղ էլ են շատանում…
Ես իմ անունից, հավատացեք, նաև հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց անունից, որոնք նույն կարծիքին են, ուզում եմ ասել` մի՛ մտեք մեր դաշտ, ինչ ուզում եք արեք, շատ այլանդակություններ են տեղի ունենում այս երկրում, բայց մենք չենք ուզում, որ քարոզվեն դրանք: Խոսքը հակաքարոզչության մասին էլ չէ, ուղղակի թող ամեն մարդ իր դաշտում գոյատևի, մենք էլ մեր երեխաներին դաստիարակենք այնպես, ինչպես գիտենք կամ ուզում ենք»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play