ԱՄՆ դեսպանի ուշագրավ պարզաբանումը 8 միլիարդ դոլարի մասին
21-06-2017 16:39:04 | Հայաստան | Վերլուծություն
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայաստանցի լրագրողների հետ զրույցում անդրադարձել է էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի վերաբերյալ իր հայտարարությանը, որ մի քանի շաբաթ առաջ արել էր հայ-ամերիկյան համաժողովի ընթացքում:
Այլընտրանքային էներգետիկային վերաբերող այդ համաժողովը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների: Դեսպան Միլզը դրա ընթացքում հայտարարել էր, որ ոլորտում կա ներդրումային մոտ 8 միլիարդ դոլարի ներուժ:
Հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում դեսպան Միլզը ասել է, որ ներդրումային ներուժի այդ հաշվարկը Հայաստանի էներգետիկայի նախարարությանն է: Դեսպանը միաժամանակ նշել է, որ իրենց հաշվարկն էլ ցույց է տվել, որ ոլորտում կա ներդրումային այդպիսի ներուժ:
Ռիչարդ Միլզը խոսել է նաեւ այդ ներուժը իրացնելու հնարավորության մասին` եթե էներգետիկ շուկան լիովին ազատ լինի եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Իրան, Վրաստան, Թուրքիա:
Դեսպան Միլզի հայտարարությունն 8 միլիարդ դոլար ներուժի մասին Հայաստանում ընկալվեց բավական մեծ ուշադրությամբ: Դա գնահատվեց Հայաստանին արվող ԱՄՆ առաջարկ, պայմանով, որ ապահովվի կառուցվածքային, համակարգային բարեփոխում եւ ազատ մրցակցություն: Հայտարարությունից երկու օր անց դեսպան Միլզը Կարեն Կարապետյանի հյուրն էր: Հանդիպմանը սակայն, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, չի եղել խոսակցություն հենց 8 միլիարդի մասին: Այդուհանդերձ, մի քանի օր առաջ 168 ժամին տված հարցազրույցում դեսպան Միլզը նշել էր, որ կառավարությունը համարժեք է արձագանքում իր հայտարարությանը:
Ռիչարդ Միլզը այժմ հայտարարում է, որ 8 միլիարդի ներուժը իրացնելու համար շուկան պետք է բացվի: Այլ կերպ ստացվում է, որ խոսքը տարածաշրջանային ներուժի մասին է, ներառյալ Վրաստանն ու Իրանը, ինչը պահանջում է, որպեսզի շուկան լինի ազատ:
ԱՄՆ դեսպանը փաստացի խոսում է Հայաստանում էներգետիկ շուկայի ազատականացման անհրաժեշտության մասին: Հունիսի 1-ին կառավարության հաստատմանն է ներկայացվել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ մշակված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, այն ենթադրում է ազատականացում առաջիկա 3-4 տարիների ընթացքում:
Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը բախվում է խոշոր խաղացողների շահերին, ինչպիսին օրինակ Գազպրոմը, կամ Հայաստանի էլցանցերի սեփականատեր Տաշիր ընկերությունը: Դրանք խաղացողներ են, որոնք ունեն մեծ քաղաքական ազդեցություն: Կդիմադրե՞ն նրանք ազատականացման գործընթացին, թե՞ հակառակը՝ պատրաստ են ներգրավվել, իհարկե փնտրելով տնտեսական սեփական շահը:
Օրերս Հայաստան էր այցելել Գազպրոմի ղեկավար Միլլերը, որը հանդիպել է Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանը մասնակցում էր օրեր առաջ Աստանայում անցկացված այլընտրանքային էներգետիկայի տեխնոլոգիաների միջազգային էքսպո-ցուցահանդեսին: Արդյոք Միլլերի Հայաստան այցի պայմանավորվածությունը ձեռք է բերվել այդ ցուցահանդեսի ընթացքում, թե՞ այցը հենց Գազպրոմի նախաձեռնությունն է, որը փորձում է հասկանալ, թե ինչ գործակցություն կա Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ:
Հնարավո՞ր է խոսել շուկայի պրակտիկ ազատականացման եւ Վրաստանի ու Իրանի հետ էլեկտրաէներգիայի առեւտրի խթանման մասին, առանց Գազպրոմի ներգրավման, որը Հայաստանի էներգետիկայում ունի գերիշխող ազդեցություն: Առանց Գազպրոմի այդ հեռանկարը չի թվում իրատեսական: Ըստ ամենայնի, դա պատկերացնում է նաեւ ամերիկյան կողմը:
Հնարավոր է Երեւանի առաջ դնել կամ-կամ տարբերակը, բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պարագայում դա տանում է փակուղի, քանի որ պաշտոնական Երեւանը միշտ ընտրում է իշխանությունը, իսկ իշխանությունն առայժմ կախված է գերազանցապես Ռուսաստանից:
Հետեւաբար, իրավիճակ փոխելու համար շահերի լոկալ համադրումը գործնականում այլընտրանք չունեցող տարբերակ է: Իրավիճակին նպաստող հանգամանք կարող է լինել գլոբալ խնդիրներն ու մարտահրավերները, որում հայտնվել են Ռուսաստանն ու Գազպրոմը՝ միջազգային ասպարեզում երկարաժամկետ հեռանկարի խնդիրներով: Լայն մարտահրավերները կարող են Գազպրոմի մոտ առաջացնել փոխզիջումային հակումներ։