Իշխանությունը պատրաստվում է «պլան Բ»-ի


Իշխանությունը պատրաստվում է «պլան Բ»-ի

  • 21-06-2017 16:37:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

Պարոն Սաֆարյան, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է իր վերջին հայտարարությունից հետո իշխանության արձագանքին:Դեսպանը նաև ասել է, որ  հայերը շատ լավ հասկանում են, որ ինքնիշխանության սպառնալիքները այլ տեղ են թաքնված: «Մեր աջակցությունը շատ ավելին է, քան ֆինանսավորումը։ Մեր ֆինանսավորումը ամենաքիչ նպաստն էր, որ բերեցինք ընտրություններին։ Բայց ես կարող եմ շեշտել, որ դա արեցինք ՀՀ իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա։ Եվ եթե այլևս չեն ուզում՝ չենք անի», ասել է դեսպանը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

Առաջին վտանգը, որ տեսնում եմ, կարծեք թե Հայաստանի իշխանությունները փորձում են նախադրյալներ ստեղծել ինչ-ինչ պատճառներով Հայաստան-ԵՄ պայմանագիրը չստորագրելու համար, որովհետև այս ամսվա 10-ին բավական հետաքրքիր փակագիծ է բացվել։ Մասնավորապես, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ այն, ինչ ասել է հրապարակավ, նույնը ասել է նաև անհատական զրույցների ժամանակ։ Հետևաբար, ինչու են զայրացել ՀՀ իշխանությունները, երբ նույնը իրենց ասվել է նաև այլ ձևաչափով։ Ընդ որում՝ նույն արձագանքը նրանք չեն ցուցաբերել նախկինում, ինչ հիմա են ցուցաբերում։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները «մահանա» են փնտրում։ Երկրորդ՝ սա նաև կարող է նշանակել հին և նոր մոտեցումների բախում, երբ նախկինում ԵՄ-ն տալիս էր փող, ցուցաբերում էր ֆինանսական, տնտեսական և այլ աջակցություն, իսկ իշխանությունները բարեփոխումների իմիտացիայի ներքո այդ միջոցները մսխում էին առանց ռեալ, շոշափելի արդյունքների, այժմ Եվրամիությունը փոխել է խաղի կանոնները և ասում է, որ Հայաստանը կստանա ավելի շատ, եթե անի ավելի շատ։ Կարծեք թե ՀՀ իշխանություններն ուզում են պարտադրել ԵՄ-ին, որ նա շարունակի աշխատել նախկին սկզբունքով, որ աջակցության տրամադրումից հետո պահանջներ չպետք է լինեն։ Դա ասվում է Դավիթ Հարությունյանի շուրթերով, մինչդեռ ԵՄ-ն Սվիտալսկու շուրթերով հասկացնում է, որ կտա ավելին՝ ավելիի դիմաց, և եթե Հայաստանը ավելին անել չի ցանկանում, ավելին չի ստանա։ Սա երկրորդ շերտն է, որ ես տեսնում եմ։

 

Երրորդ շերտը, որ կարելի է նկատել, դա այն է, որ Դավիթ Հարությունյանի և Շարմազանովի հայտարարություններն իրենց անձնական մոտեցումները չեն։ Եթե Սերժ Սարգսյանը որևէ կերպ դրանք չկանխեց, նշանակում է, դրանք Սերժ Սարգսյանի հայտարարություններն են։ Հետևաբար, այս կտրվածքով իրավիճակը բավական մտահոգիչ է դառնում, որ ՀՀ իշխանությունները փաստացի մերժում են կատարել այն խոստումները, որոնք նախկինում տվել են ընտրական և այլ բարեփոխումների շրջանակներում։ Սա, ըստ էության, քննություն է, որովհետև Սերժ Սարգսյանը կարծեք թե ասում է, որ այն խորությամբ և այն ծավալներով, ինչպես խոստացել էր ընտրական գործընթացների ժամանակ, ժողովրդավարաություն Հայաստանում չի լինելու։ Սա էլ փաստացի երրորդ շերտն է։

 

Արևելյան գործընկերության ընդլայնված ու խորացված համաձայնագրի ստորագրման նախապատրաստական քայլերը թեև ընթացքի մեջ են, բայց  հիմա մշուշվո՞ւմ է այդ փաստաթղթի ստորագրման հեռանկարը։

 

Ես չեմ կարող ասել, որ այս պահի դրությամբ դա մշուշոտ է դառնում, բայց նաև կա տպավորություն, որ իշխանությունը պատրաստվում է «պլան Բ»-ի։ Թե ինչ գործոնների ազդեցության տակ է դա տեղի ունենում, ռուսական, թե այլ, համենայն դեպս, իշխանությունը պատրաստվում է «պլան Բ»-ի, այսինքն՝ փաստաթուղթը չստորագրելուն։ Հնարավոր է՝ բանը «պլան Բ»-ի չհասնի, բայց, այդուհանդերձ, տպավորություն է, որ իշխանությունը նման նախապատրաստություն տանում է, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի մեղքը բարդել ԵՄ-ի վրա, թե ահա  Եվրամիությունն է, որ չցանկացավ գնալ Հայաստանի հետ խորը և ընդլայնված համագործակցության։ Հիշում եք՝ 2013-ից հետո, երբ կողմերը միմյանց էին մեղադրում, թե ով հետքայլ կատարեց, այժմ կարծեք թե Հայաստանի իշխանությունները իրենց համար ապահովագրող ալիբի են ստեղծում, որ ահա ԵՄ դեսպանն էր, որ հայտարարեց՝ եթե չեք ցանկանում, ապա մենք չենք խառնվի:

 

Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի հայտարարությունը։

 

Դեսպանի գնահատականը միանշանակ օրինաչափ է, բացարձակապես հիմնազուրկ են այն քաղաքականացված  կարծիքները, թե դա  միջամտություն է մեր ներքին գործերին։  Դեսպանը բառացիորեն ակնարկում է, որ ԿԸՀ-ն ոչ միայն ի վիճակի չէ արդար ընտրություններ ապահովել և արդեն իսկ քանի ընտրության արդյունքում կորցրել է իր հանրային վստահության ցանկացած ռեսուրս, այլ նաև չունի ցանկություն և կարողություն վերահսկելու ընտրական գործընթացը։ Ի վերջո եկեք դեսպան Սվիտալսկու հայտարարությունները դիտարկենք նաև եվրոպական դիտորդական կազմակերպությունների  նախնական  եզրակացությունների համատեքստում, որտեղ հիշատակում էին քվեների առք ու վաճառքը։ Փաստացի դեսպան Սվիտալսկին ուղղակի մեղադրում է կամ ակնարկում է ԿԸՀ-ի անգործությունը, մի բան, որ բոլորս տարիներ շարունակ վիճարկել ենք, և մեզ համար նորություն չէ։ Հետևաբար, այս կտրվածքով դա միանգամայն ներքին պահանջ է, դա արտաքին պահանջ չէ, դա արտաքին  միջամտություն չէ։ Պարոն Սվիտալսկին ասել է այս տարիների ընթացքում բոլորիս համընդհանուր պահանջներից մեկի ձևակերպումը։

 

Այս օրերին անընդհատ իշխանության ներկայացուցիչների կողմից շեշտվում է ԿԸՀ-ի լավ աշխատանքը, նշում են, որ հենց ԿԸՀ-ի միջոցով են կարողացել այդ նոր տեխնոլոգիաները ներդնել, և ամեն կերպ գովաբանում են ԿԸՀ  լավ աշխատանքը։ Ինչո՞ւ։

 

Հավանաբար, Տիգրան Մուկուչյանը և իր անձնակազմն ավելի թանկ արժեն, քան Հայաստանի ժողովրդավարական ապագան։ Եվ այս կտրվածքով որպես օրով ապրող և օրով կառավարող, իրավիճակային կառավարում իրականացնող իշխանություններ իրենք չեն կարող զոհաբերել մի խմբի, որին պարտական են իրենց իշխանության վերարտադրության օրինականություն հաղորդելու ծառայության համար։

 

Այս հայտարարությունները կարծում եք Սերժ Սարգսյանի հե՞տ են համաձայնեցված,  այլապես այսպիսի կոշտ գնահատականներ չէին լինի։

 

Միանշանակ այո, որովհետև Դավիթ Հարությունյանը այն պերսոնան չի եղել նախկինում, որը նման համարձակ հայտարարություններ աներ, Սերժ Սարգսյանը երբեք նրան չի արտոնել նրան նման հայտարարություններ անել անցած 10 տարիների ընթացքում։ Եվ եթե նման սկանդալ է հասունացվում, նշանակում է դա նրան ասվել է։ Եվ եթե  որևէ մեկը վարչապետի կամ Սերժ Սարգսյանի մակարդակում չի կանխում դա, ավելին՝ շարունակում է պնդել, թե իրենց գնահատականները ուժի մեջ են, դա նշանակում է, որ մենք գործ ունենք Սերժ Սարգսյանի անձնական դիրքորոշումների հետ, որոնք ասվում են ուրիշների շուրթերով

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play