Վայք. կար խնդիր, գտնվեց և լուծում


Վայք. կար խնդիր, գտնվեց և լուծում

  • 21-06-2017 18:19:34   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Վայք քաղաքը սնող 500 մմ տրամագծով պողպատե ջրատարի վրայի վթարները 12 տարվա պատմություն ունեին: Տեղանքով պայմանավորված` դրանք վերացնելը անընդհատ հետաձգվում էր:
 
Հունվարից Հայաստանի ջրամատակարարման համակարգերի կառավարումը ստանձնած «Վեոլիա Ջրի» համար դա բացատրություն չէր, եւ ոչ էլ արդարացում: Կա խնդիր, ուրեմն պետք է եւ լուծում գտնվի:
 
Առավել եւս, որ վթարները փնտրելու վայրը մոտավորապես հայտնի էր. Ջերմուկի խճուղու 29 հասցեից մինչ «Կամուրջ» թաղամասի հարակից տարածք: «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Գոտիավորման խումբը» հատուկ սարքերով` հոսքաչափով և ակվաֆոնով Երևանից օգնության հասան «Վայք» տեղամասի աշխատակիցներին: Տեղում վթարի որոնողական աշխատանքներ սկսվեցին: 5 վայրում հայտնաբերվեցին «գաղտնի» վթարներ:
 
«Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Սպարտակ Մկրտչյանը հեռախոսով մեզ պատմեց, որ, ճանապարհի միջպետական նշանակությամբ պայմանավորված, վթարի վերացմանը ձեռնամուխ լինելուց առաջ, պահանջվում էր պատկան մարմիններից շինաշխատանքների թույլտվություն ստանալ: Հաջողվեց: Բայց եւ նույն հանգամանքից ելնելով, հարկ էր գործն անել հնարավորինս արագ: Սկզբում կատարվեցին քանդման աշխատանքներ, հողը բացվեց ու խնդրահարույց կետերը հայտնաբերվեցին: Այնուհետեւ եռակցման միջոցով ջրագծի վթարները վերացվեցին:
 
Ճիշտ է, վայքեցիները մի ամբողջ օր առանց ջուր մնացին, սակայն նրանք գիտեին, թե դա ինչով է փոխարինվելու. վայրկյանում տնտեսված 25-30 լիտր ջրաքանակ, որը է՜լ ավելի բարելավվեց առանց այդ էլ կանոնավոր ջրամատակարարումը քաղաքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play