Նախարարի խորհրդականը հանդիպել է փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների հետ


Նախարարի խորհրդականը հանդիպել է փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների հետ

  • 22-06-2017 11:44:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի` հունիսի 21-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Հայաստանի փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը: Հանդիպմանը մասնակցել են Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի տնօրեն Նունե Մկրտչյանը, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչներ և աշխատակիցներ:
 
«Հանդիպման հիմնական նպատակն էր` մեկ անգամ ևս ներկայացնել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման մեխանիզմները, գործող իրավական ակտերով նախատեսված պարբերական գնահատումներ իրականացնելու ընթացակարգերը և նախատեսված ժամկետները, հավաքագրել քննարկման ընթացքում ի հայտ եկած կամ առկա խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
 
Գործող օրենսդրության համաձայն, լաբորատորիաները պետք է ամբողջովին ապահովեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ փորձարկման լաբորատորիաների կողմից պետք է իրականացվեն չափիչ սարքերի ճշգրիտ աշխատանքի ապահովմանն ուղղված ստուգաճշտումներ և անցկացվեն միջլաբորատոր փորձարկումներ, որոնց միջոցով հավաստվում է այդ փարձարկման չափիչ սարքերի ճշգրտությունը:
 
Հայաստանում գործող բոլորը լաբորատորիաները պետք է աշխատեն իրավական դաշտում և համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են պարբերական և արտահերթ գնահատումներ, որոնց արդյունքում չափանիշներին չհամապատասխանող լաբորատորիաների հավատարմագրումը կդադարեցվի:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, մասնավորապես կապված լաբորատորիաների կողմից սարքերի տրամաչափարկման և միջլաբորատոր համեմատական փորձարկումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ և ներկայացվեցին առաջարկներ:
 
Հանդիպման ավարտին նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը նշելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, հավաստիացրել է, որ արված առաջարկները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և միջոցներ կձեռնարկվեն դրանց հնարավոր կարգավորման ուղղությամբ»,- գրված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play