Փոխըմբռնման հուշագիր ուղղված Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը
23-06-2017 11:58:19 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Գործընկերային փաստաթուղթը ստորագրել են Հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Թի-Էս-Դի» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:
Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում ու իրականացում:
«Անչափ ուրախ եմ, որ մեր բարի դրացիական հարաբերություններն ի վերջո հանգեցրին այսպիսի համագործակցության»,- նշեց Վահան Շաքարյանը:
«Շատ լավ է, որ վերջապես գտանք ընդհանուր հետաքրքրություն, որը կարող է բերել հետաքրքիր արդյունքի: Սա առաջին քայլն է. մաղթում եմ մեզ բարի ճանապարհ»,- ավելացրեց Արմեն Մելկիկյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ներդնել տեխնիկական և լաբորատոր միջոցներ, ծրագրային և այլ տեխնոլոգիաներ, լուծումներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ և հմտություններ` իրենց հնարավորությունների և փորձի կիրառմամբ: Համատեղելով սարքային և ծրագրային ապահովումները՝ ընկերությունը կարող է ապահովել բաց և մատչելի համակարգեր, որոնք կարող են համապատասխանեցվել հիմնադրամի պահանջներին: