Ընդլայնվում է պետական ծառայություններ մատուցող օպերատորների շրջանակը


Ընդլայնվում է պետական ծառայություններ մատուցող օպերատորների շրջանակը

  • 23-06-2017 14:31:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝ դրանում ընդգրկելով «Արարատբանկ» ԲԲԸ-ին: Ներկայումս նշյալ օպերատորները վեցն են՝ «ՀԱՅՓՈՍՏ»-ը, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ը, «Անելիք բանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում ընդլայնել օպերատորների ցանկը: Մինչ տարեվերջ նախատեսվում է հանրապետության բոլոր քաղաքներում բացել համապատասխան գրասենյակներ, շարունակաբար ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և սկսել դրանք մատուցել նաև էլեկտրոնային համակարգով, այդ թվում՝ բջջային հեռախոսի միջոցով անձին նույնականացնելով: Քաղաքացին կկարողանա ծառաությունը ստանալ նաև սեփական համակարգչի միջոցով: 
 
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ  երկու գործը զուգահեռաբար պետք է անենք,  քանի որ կան քաղաքացիներ, ովքեր չունեն համակարգիչ: Այս ծառայությունների վերաբերյալ մինչև տարեվերջ ինտենսիվ պետք է տեղեկատվություն տրամադրել, կարծում եմ՝ մեր քաղաքացիների մեծ մասը դեռևս լավ  չի պատկերացնում, թե մենք ինչ ծառայությունների մասին ենք խոսում»: Վարչապետն ավելացրել է, որ պետության կողմից մատուցվող 140 ծառայություններից  ամենապահանջվածները՝ մոտ 70-ը , տրամադրվում են վերը նշված օպերատորների կողմից: 
Գործադիրը ՀՀ, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից հատկացվող ֆինանսական օժանդակության շրջանակներում՝ ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը  ՄԱԿ-ի  զարգացման ծրագրի կողմից համակարգելու նպատակով ծախսերը համաֆինանսավորելու համար  հատկացրել է 250 հազ. եվրոյին համարժեք դրամ: 
Կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ միջին մասնագիտական կրթական համակարգը գտնվում է լուրջ բարեփոխումների ընթացքում, որոնք իրականացվում են եվրոպական դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացումը և նշել. «Մենք այսօր բազմաթիվ գերակա ոլորտներում՝ ՏՏ, թեթև արդյունաբերություն և այլն, ունենք մասնագետների պակաս: Հանդիպումների ժամանակ բիզնեսի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել ներդրումներ կատարել այս ուղղությամբ: Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում: Համապատասխան գերատեսչությունների հետ պետք է հստակ ձևակերպել շահառուներին և մեր գործընկերներին, ովքեր պատրաստ են մասնակցել ծրագրում, որպեսզի իրականում այս ոլորտում կատարենք փոփոխություններ»: Վարչապետը հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին ըստ ոլորտների ձևակերպել աշխատուժի պահանջարկը, տեղեկատվությունն ամփոփել Կրթության և գիտության նախարարությունում և ըստ այդմ՝ տալ լուծումներ: «Մանսագետների պակասի  պատճառով նվազում է նաև աճի տեմպը: Դա վերաբերում է և´  ֆերմերությանը, և´ թեթև արդյունաբերությանը, ՏՏ-ին և մյուս ճյուղերին: Արդյունավետության բարձրացման համար պետք է ունենանք որակյալ աշխատուժ, որին պետք է պատրաստել արագընթաց կուսերի մեջոցով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play